“Jeep Trial”-ի առաջատարները Վրաստանն ու Հայաստանն են:) BRAVO.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է հուլիսի 24-ին կայանալիք “Beeline Extreme 2011” կամ “Jeep Trial 2011” միջազգային բաց առաջնության մասին, որն այլեւս իրականություն է:): Հայաստանյան “4×4 Off Road” ակումբի կազմակերպած “jeep trial” տեսակի մրցույթը նախապես ծրագրված էր անցկացնել Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակիցների միջեւ, սակայն վրացական սահմանում ունեցած բեռնափոխադրման որոշ խնդիրների պատճառով թուրք մասնակիցները ուշացան` չկարողանալով ապահովել իրենց ներկայությունը: “Beeline Extreme 2011”-ի փորձնական առաջին պտույտը կատարեցին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ մրցույթի կազմակերպիչ, հայաստանյան “4×4 Off Road” ակումբի տնօրեն Արտաշես Ստեփանյանը: “Ժամանակին ես էլ եմ զբաղվել այս սպորտաձեւով: Այն մեծ ադրենալին է տալիս, էքստրիմի սիրահարների համար ժամանցի յուրահատուկ ձեւ է: Մեր ընկերությունը ողջունում է նման միջոցառումների կազմակերպումն ու կոչ անում ավելի ակտիվ լինել. պատահական չէ, որ փորձնական պտույտին ես էլ մասնակցեցի:)”,- BRAVO.am-ին ասաց Իգոր Կլիմկոն: Առաջինը մրցեցին սիրողական ոճում հանդես եկողները, ովքեր 2 րոպեում պետք է հաղթահարեին արհեստական խոչընդոտներով ճանապարհն ու ուղղաձիգ բարձրունքները: Նշագծերին դիպչելու դեպքում մասնակցի հաշվին “շտրաֆներ” էին գրանցվում, ինչի արդյունքում յուրաքանչյուր “շտրաֆի” համար օգտագործված ժամանակին գումարվում էր 10 վայրկյան: “Jeep trial”-ի սիրողական ոճում առաջատար դարձավ Վրաստանից ժամանած Դավիթ Մամուկաշվիլին: “Վրաստանում հաճախ են նման մրցումներ կազմակերպվում, որոնց մեծ մասին ես մասնակցում եմ: Սա ինձ համար սիրելի զբաղմունք է: Հայաստանում երկրորդ անգամ եմ, շատ լավ է կազմակերպված, շատ ուրախ եմ իմ գրանցած արդյունքի համար”,-մեզ հետ զրույցում ասաց վրացի մասնակիցը: Այս ոճում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին հայերը` Ռաֆիկ Քարամյանը եւ Ստյոպա Ստեփանյանը: Պրոֆեսիոնալ ոճում առաջատարը կրկին Վրաստանը ներկայացնող Թեյմուրատ Շերգեյաշվիլին է, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում են հայաստանցի մասնակիցներ Արտակ Ղազարյանն ու Բաղշիր Ստեփանյանը: Այս տարի “Jeep trial”-ն առաջին անգամ ուներ նաեւ կվադրացիկլի մրցում. առաջատար դարձավ Հայաստանի մասնակից Էդուարդ Գայֆաջյանը, իսկ երկրորդ տեղում է Մհեր Գրիգորյանը: Լավ վարելու համար հատուկ մրցանակի արժանացավ Դավիթ Թումանյանը: “Մրցույթը բավական հաջող է ընթանում, լավ արդյունքներ ենք գրանցում: Կարծում եմ, որ պետք է Հայաստանում այս սպորտաձեւը զարգանա :)”,- BRAVO.am-ին ասաց “Beeline Extreme 2011”-ի գլխավոր մրցավար Եգոր Գլումովը: Տեսանելի արդյունքներ չգրանցեցին Իրանից ժամանած մասնակիցները: Նազիբը Երեւանում առաջին անգամ է, հանդես էր գալիս սիրողական ոճում: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Իրանում ավտոմրցումների շատ է մասնակցել. “Սիրում եմ էքստրեմալ սպորտը: Այստեղ կարեւորը մասնակցությունն է”: “Jeep trial”-ն ուղեկցվեց տարբեր ոճի ու ժանրի երաժշտությամբ: Միջոցառման ընթացքում դիջեյական վահանակի մետ էր Միհրան Գրիգորյանը, ով սեթերի ընտրության հարցում ազատ է եղել. “Ընտրել եմ այնպիսի գործեր, որ բոլորին հասանելի լինեն: Հիմա հաճույքով եմ միացնելու “The Beautified Project”-ի “Butterfly” երգը, որն իմ կարծիքով` ներկաների մեծ մասին դուր կգա»: Փորձը փորձանք բերեց Կվարդացիկլի փորձնական պտույտի ժամանակ վթարի ենթարկվեց Դավիթ Մարտիրոսյանը, ում տեղափոխեցին հիվանդանոց: Ինչպես տեղեկացանք մրցույթի կազմակերպիչ Արտաշես Ստեփանյանից, տուժածի վիճակը կայուն է. նրան սպասվում է վիրահատություն ուսամկանի հատվածում: Մրցույթի կանոնների եւ մասնակցի` նախապես ստորագրած պայմանագրի համաձայն, կազմակերպիչները կատարվածի համար պատասխանատվություն չեն կրում: Նշենք, որ նման մրցույթ Հայաստանում կազմակերպվեց երկրորդ անգամ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Անտոնյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: