5 օր կշնչենք անիմացիայով:) Մինչեւ սեպտեմբերի 13-ը Երեւանի կինոթատրոններում ու “Կասկադ”-ում հասցրու դիտել անիմացիոն ֆիլմերի բավական հետաքրքիր ընտրանի:): Երեկ` սեպտեմբերի 9-ին “ReAnimania”-ի երկրորդ հայտնությունն էր: Միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի մեկնարկը տրվեց “Մոսկվա” կինոթատրոնում: “ReAnimania”-ն հյուրընկալել է անիմացիայի միջազգային վարպետների, անիմատորների, պարզապես անիմացիայի սիրահարների: “Warner Bros”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նախկին նախագահ եւ “Դիսնեյ”-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր փոխնախագահ Մաքս Հովարդը, “Ardman”-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Դեյվիդ Սփրոքսթոնը եւ շատ այլ հյուրեր անցան կարմիր գորգով: Նրանց ողջունեցին անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին եւ գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյանը: Վրեժ Քասունին ուրախությամբ նշեց. ““ReAnimania”-ն կայանում է` չնայած բազմաթիվ ֆինանսական, ճգնաժամային խնդիրների: Համոզված եմ` այս գեղեցիկ տոնը, որի համար քրտնաջան աշխատել ենք մի ամբողջ տարի, բոլորիդ ուրախություն ու խինդ կպարգեւի: Մեր նպատակն է` “ReAnimania”-ի օրերին մեր քաղաքը ապրի, շնչի ու ոգեշնչվի անիմացիայով”: Կինոփառատոնի հիմնադիր-տնօրենը փորձեց աճպարարություն էլ անել:). “ReAnimania”-ի մեկնարկային ֆիլմ էր ընտրվել Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի համատեղ արտադրության “Աճպարարը” անիմացիոն ֆիլմը: “ReAnimania”-ին մասնակցելու հայտ այս տարի ներկայացրել է 45 պետություն, որ նախորդից 10-ով ավել է: Մրցութային ծրագրերն են` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, հեռուստատեսային եւ կրթական: Կարճամետրաժ ֆիլմի լավագույն երաժշտությունը կորոշեն Լիլիթ Պիպոյանը, Արթուր Իսպիրյանն ու Արսեն Գրիգորյանը` Մրոն: Երեւանյան պրեմիերաների մեջ մտնում են “Աճպարարը”, “Բուգին”, ով սառնարյուն եւ դաժան վարձու մարդասպան է, ֆիլմում կանայք, ալկոհոլ, փամփուշտներ կան, սեւ հումոր, 2D ֆոներ եւ 3D գրաֆիկա: Այսօր “Մոսկվա” կ/թ-ում կկայանա 2009 թվականի ռուսական արտադրության “Առաջին ջոկատ”-ի պրեմիերան. Հայրենական պատերազմ եւ, իհարկե, Կարմիր Բանակի հույս Նադյա:): “Հայկական ներկապնակ” խորագրի ներքո հուշ-երեկո կանցկացվի. մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է լինելու` “Աղվեսագիրք”, “Կիկոս”, “Քաջ Նազարը”, “Դաս”, “Քամին”… Այսօր երեկոյան Երեւան կժամանի ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը: Կաննի կինոփառատոնում “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգում հաղթանակած “Շների կղզի” ֆիլմի հատուկ ցուցադրությունն է լինելու: MarAni. Անիմացիայի շուկա «Մոսկվա» կ/թ-ի երկրորդ հարկում MarAni ֆորումի մասնակիցներն երեք օրվա ընթացքում ցուցահանդեսի տաղավարներում կներկայացնեն իրենց ընկերություններն ու արտադրանքը: Բիզնես-ֆորումը հայկական անիմացիան միջազգային շուկա եւ համաշխարհային բիզնես-ասպարեզին ներկայացնելու հրաշալի հարթակ է: Ֆորումի շրջանակներում կանցկացվի նաեւ ԱՆԻՏԱ (Հայաստանի անիմացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ) գագաթաժողովը, կքննարկվի Հայաստանում անիմացիայի եւ ՏՏ ոլորտի ընթացիկ իրավիճակը, կորոշվի շուկայի զարգացման ռազմավարությունը: Վարպետության դասընթացները “ReAnimania”-ի ընթացքում անպակաս են լինելու: Կինոփառատոնի այս տարվա հետաքրքիր նորամուծությունն են ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները: “Կասկադ”-ում “Սիտան բլյուզ է երգելու”, “Բրենդանի եւ Քելզի գաղտնիքը” կբացահայտվի, ու “Գիշատիչների ճգնաժամը” կցուցադրվի:): Ի դեպ, որպես “ReAnimania” միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնի փակման ֆիլմ է ընտրվել 2010 թվականի արտադրության “Սասնա Ծռեր”: Անիմացիոն ֆիլմը նկարահանվել է “Սասնա Ծռեր” էպոսի հիման վրա, ռեժիսորը Արման Մանարյանն է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: