×


«1,5 ամսական հղի եմ, բայց ուզում եմ ամուսնալուծվել... »

«Բարեւ, Լուսի ջան: Մոտ մեկ ամիս է՝ ինչ ամուսնացած եմ: Ամուսինս, որ թվում էր, թե ադեկվատ մտածելակերպով տղամարդ է, ամուսնությունից հետո 180 աստիճանով փոխվել է: Եթե ամուսնանալուց առաջ մինչեւ լուսաբաց քայլում ու զրուցում էինք: Հիմա՝ թե բա աշխատանքից անմիջապես հետո տուն գնա, որ հարեւաններն ուրիշ բան չմտածեն: Հիմա միայն կենցաղ է, ոչ մի ժամանց: Ապրում ենք մոր ու քրոջ հետ, ովքեր մեծ ազդեցություն ունեն մեր ընտանիքի ու ամուսնուս վրա: Ոնց ասեն, այդպես պետք է լինի. մի խոսքով, դասական, ավանդական ընտանիքի մոդել է՝ հարեւանների ու բարեկամների կարծիքի մասին մտածող, բամբասկոտ: Ուզում եմ ասել՝ այն ընտանիքը, որի մասին երազել եմ, այդպես էլ երազ մնաց, զգում եմ, որ սխալվել եմ ընտրության հարցում: Բայց պարզվում է՝ 1,5 ամսական հղի եմ. կամ վիրահատական միջամտությամբ պետք է հեռացնեմ պտուղն ու բաժանվեմ, ինքնազարգացման միջոցով կյանքս նորից կառուցեմ: Կամ երեխան պետք է ծնվի ու դաստիարակվի իրենց տգետ ընտանիքում, ու ստիպված յոլա գնանք: Ուղղակի շատ կուզեի խելացի ու կայացած մարդու խորհուրդ լսել»:


Կանխավ հիշեցնեմ, որ ստորեւ շարադրվածն իմ անձնական կարծիքների, մտածելակերպի ու սկզբունքների շրջանակներից է: Այն ոչ ուղեցույց է, ոչ ծայրագույն ճշմարտություն: Հաշվի առնել այս կետերը կամ դրանց տարրերը, թե՝ ոչ, միայն Ձեր որոշելիքն է: Եվ այսպես.

*Տնտղելու մասին
Իհարկե, հիմա տեղին կլիներ նշել, որ ամուսնանալուց ու զագսից առաջ պետք էր առանձին ապրել տղամարդու հետ, զգալ կենցաղի ու ժամանցի մշակույթների համատեղելիությունը, բարեկամ-հարազատների հետ առնչություններն ու նվազագույնը մեկ տարի համակեցությունից հետո նոր երեխա նախագծել, բայց դրա համար արդեն ուշ է:

*Փոխվելու մասին
Հայ իրականությունում ամենաաղետալի բաներից մեկն ինքնախաբեությունն եմ համարում: Կանայք ու տղամարդիկ, որպես կանոն, իրենց գլխում ունեն տղամարդու եւ կնոջ մի ցանկալի կերպար, ինչպիսին կուզեին լինել: Ու հատկապես հակառակ սեռի մոտ ներկայանում են այդ կերպարով: Որքան հնարավոր է՝ ձգում են այդ կերպարի գոյությունը: Այնքան, մինչեւ կամ դիմացինը գլխի ընկնի, որ մի բան այն չէ, կամ այլեւս կարիք չլինի կերպար խաղալու: Դիցուք՝ մինչեւ ամուսնությունը: Դուք արդեն իրենն եք, էլ ինչու ջանք թափել եւ ներկայացնել լավագույն կողմերն ու բնույթները: Արդեն կարելի է հանդարտվել ու ցույց տալ նաեւ իրական մտածելակերպը, վարքը: Երբ ասում են՝ նա անճանաչելիորեն փոխվեց, ես պնդում եմ, որ չի փոխվել, ուղղակի չես հասցրել բռնեցնել իրականությունը: Կամ չես ուզել՝ քո հերթին ինքնախաբեությամբ զբաղվելով: Նայած՝ պատմություն:

*Միասին ապրելու մասին
Միասին ապրելը հաջորդ հայկական աղետն է: Տեղյակ չեմ, թե ինչու եք համաձայնել միասին ապրելուն ի սկզբանե: Բայց եթե Ձեր նկարագրածում սիրո կամ խոր համակրանքի նոտաներ նկատեի, միգուցե ասեի՝ փորձեք առանձնանալ, առանձին ձեւաչափով ու պայմաններում շարունակել: Բայց զգում եմ, որ անհնար է: Ու որ կարեւորն է՝ սիրո եւ կրքի նշաններ չեմ նկատում: Դուք խոսում եք երազանքի կատարվել-չկատարվելու, այլ ոչ ամուսնու անձի, սիրելու-սիրվելու մասին: Հետեւաբար, առանձնանալու փորձերը նույնպես մի կողմ եմ թողնում:


*Սխալվելու մասին
Այն պահը, երբ հստակ հասկանում ես, որ սխալվել ես կյանքի խոշորագույն իրադարձություններից մեկի հարցում, շատ վտանգավոր ու թակարդային է: Ռիսկ կա, որ կընկնեք կիսաապատիկ վիճակում, օրեցօր կհետաձգեք խնդրի լուծումը, իրավիճակը կթողնեք ինքնահոսի, լավատեսորեն կսպասեք, որ դե, ինքն իրեն կլուծվի-կներծծվի-կսովորեմ: Ու այդ երկարաձգումը կգցի Ձեզ է՛լ ավելի անելանելի դրության մեջ: Մինչեւ ցավ ապրեք, որ երազանք կորավ, կկորցնեք իրավիճակի տակից բարեհաջող դուրս գալու շանսերը: Այնպես որ, հորդորում եմ սթափ, արագ, ռացիոնալ, ռոմանտիկայից հեռու որոշումներ կայացնել, եթե Ձեզ հասուն ու գիտակից եք համարում:

*Երեխայի մասին
Անձամբ ես երեխա հասկացությանը մեծարում եմ, որպես կարեւորագույն աշխատանքի եմ վերաբերվում: Երեխան ծնվեց՝ վերջ, հետդարձի ճամփա չկա: Նրանով պետք է անդադար զբաղվել, մինչեւ չափահասությունը պատասխանատվություն կրել, վարել մամա լինելու դերը, առնչվել նրա հոր, հոր ընտանիքի հետ, դուրս գալ այն ամենի տակից, ինչ կատարվում է երեխայի շուրջ: Չհավատաք այն հեքիաթներին, որ երեխան ինքնին հրաշք է, միայն ուրախություն է բերում կյանք, ինքն իրեն մեծանում է ու «ղսմաթ» է իրենից ներկայացնում: Այս ամենը շատ մոտավոր ու շատ մեծ վերապահումներով է ճշմարիտ: Ստորեւ կներկայացնեմ երկու սցենար: Ընտրությունը կախված է նրանից, թե որքան եք ուզում երեխա ունենալ եւ ինչու եք ուզում երեխա ունենալ: Այս հարցերն անպայման ուղղեք ինքներդ Ձեզ:

*Առաջին տարբերակ՝ պահպանում եք երեխային: Ձեզ սպասվում են հղիություն, հետազոտություններ, հորմոնալ տեղաշարժեր, ֆիզիկական ու հոգեբանական բարդ դրություններ: Սա՝ լավագույն դեպքում, եթե չքննարկենք այլ՝ հղիությանը բնորոշ բարդություններ՝ տոքսիկոզ, ողնաշարային, անոթային, մարսողական խնդիրներ եւ այլն: Հետո սպասվում է բնական ծննդաբերություն կամ ցուցումով կեսարյան հատում: Այս ամենի ընթացքում լինելու եք ֆիզիկապես ու հոգեբանորեն խոցելի, անհավասարակշիռ վիճակում: Այն բարդանալու է տան միջի՝ Ձեզ համար անտանելի մթնոլորտով, ինչպես նշում եք՝ տգետ, հետամնաց, դեսպոտային մարդկանց հետ շփումներով ու ճնշումներով:

Երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ գնալով բարդանալու ու շերտավորվելու է: Ձեզ չեն թողնելու Ձեր ուզած ու պատկերացրած ձեւով մեծացնել երեխային: Այդ ընթացքում քնելու, զարթնելու, շփվելու, կռվելու, բարիշելու եւ սեքսով եք զբաղվելու սխալ ընտրված տղամարդու հետ: Մշտապես գիտակցելու եք, որ երեխա եք ունեցել ու յոլա եք տանում հենց այդ տղամարդուց:

Միեւնույն ժամանակ, եթե Ձեզ ինչ-որ հրաշքով հաջողվի առանց նեւրոզների ու վախերի երեխա մեծացնել, նա միանշանակ մեծ արժեք է լինելու: Դուք նրան սեր եք տալու ու սեր եք ստանալու: Նա Ձեր սքանչելի ստեղծագործությունն է լինելու: Ձեր կողքին միշտ ունենալու եք զավակ՝ անկախ նրանից՝ հետո կամուսնալուծվեք, թե ոչ: Իսկ եթե երեխան վատ տնային մթնոլորտում ու խնդրահարույց հոգեկանով մեծանա, դրա հետեւանքներն ինքնուրույն եք մաքրելու ամուսնալուծությունից հետո:
Անտանելի ամուսնության շրջանակներում մնալու դեպքում որակազրկվելու է նաեւ Ձեր հոգեկանը: Այլ տղամարդկանց եք ուշադրություն դարձնելու, որը որակվելու է որպես դավաճանություն: Կամ զսպելու եք Ձեր սեռահոգեբանական պահանջմունքներն ու նեւրոզներ ձեռք բերեք: Սա էլ արժե հաշվի առնել:


Երկրորդ՝ չեք պահպանում երեխային: Եթե որոշեք չպահպանել, պետք է շտապեք: Հղիության ընդհատում կարելի է մինչեւ 12 շաբաթական ժամկետը: Պետք է հաշվի առնել, որ հատկապես առաջին հղիության արհեստական ընդհատումը բավականին վտանգավոր է օրգանզիմի բեղմնավորման ֆունկցիոնալության համար: Հետագայում կրկին հղիանալու հետ կապված բարդությունների ռիսկ էլ կա: Հոգեբանական առումով՝ հետո խղճի տանջանքներ եք ունենալու: Թե՛ ֆիզիոլոգիապես, թե՛ հոգեբանորեն վերականգնվելու համար որոշ ժամանակ է պետք գալու:
Հետո կդառնաք ամուսնալուծված կին: Սա Հայաստանում բավական ծանր կարգավիճակ է: Բարեկամ-հարազատների, ընկեր-ընկերուհի, հասարակության տարբեր ներկայացուցիչների, պոտենցիալ սիրաբանողների կողմից խտրականություններ, մեղադրանքներ, խղճահարություն՝ այս ամենին գրեթե ամենուրեք կբախվեք: Չնայած՝ պետք է խոստովանել, որ առանց երեխայի ամուսնալուծված կին լինելով՝ շատ ավելի հեշտ կընտրեք մեկ այլ տղամարդու, քան երեխայով: Սա նույնպես փաստ է Հայաստանի դեպքում:

Բայց դրա փոխարեն ստանալու եք ազատություն: Կկարողանաք անհետ կորչել Ձեր ներկա ամուսնու տեսահորիզոնից: Նա հետքեր չի թողնի Ձեր կյանքում ու կենցաղում: Ընդհուպ մինչեւ, կարող եք փողոցում տեսնել ու չբարեւել: Ինչը գործնականորեն բացառված է երեխայի դեպքում: Կկարողանաք լրիվ նոր հարաբերություններ սկսել, կարիերայով ու ինքնառեալիզացիայով զբաղվել:

Առաջին ամուսնությունից ստացված փորձն ու ֆայմը ոչ ոք չի խլի Ձեզնից, եթե չտրվեք վախերին, ու Ձեր ինքնագնահատականը չընկնի մինչեւ ստորգետին:

*Եզրակացություն
Ինչպես տեսնում եք, ամեն սցենար ունի իր առավելություններն ու ռիսկերը: Թե որ տարբերակը կընտրեք կախված է Ձեր նախընտրություններից, առաջնահերթություններից, արժեհամակարգից, վախերից ու ինքնագնահատականից: Ի դեպ, սցենարներից ոչ մեկն էլ լավն ու հեշտ չէ, քանզի իրավիճակն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված:  

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport