×


Առինջի «Վերածնունդ» պարային համույթը

17 շերամյան պրեմիերա՝ Գյումրու «Շիրակի էսքիզներ»-ի գալա-համերգին

Գյումրիի 7 եւ հանրապետության եւս 10 պարային համույթների փորձասենյաներում այս օրերին տրամադրությունը շերամյան է. Գյումրու «Շիրակի էսքիզներ» փառատոնի ստեղծագործական կազմը մոտ երկու ամիս առաջ հայտարարեց՝ մուտքը փառատոնի գալա-համերգ՝ միայն Շերամի երաժշտությամբ բեմադրված նոր պարային կատարումներով: Պատճառը պարզ էր՝ «Շիրակի էսքիզներ 4»-ը նվիրված է աշուղ Շերամի 160-ամյակին։  

Փառատոնին երբեւէ մասնակցած ու մրցանակային տեղեր զբաղեցրած պարային համույթների գեղարվեստական ղեկավարների  համար պահանջ-պայմանը որքան անսպասելի, նույնքան էլ հետաքրքիր էր. հիմա արդեն խոստովանում են՝ երկու ամսում նոր պար բեմադրելու տարակուսանքը վերածվել է համընդհանուր հետաքրքրության. ո՞վ, ո՞ր երգի տակ, ինչպե՞ս ու ի՞նչ բեմադրեց։ Գեղարվեստական ղեկավարների անհամբեր սպասումից անմասն չեն նաեւ պարող-պարուհիները. մոտ 200 հայուհի հոկտեմբերի 28-ին Գյումրու դրամատիկականում նազանքի, նրբագեղության ու հեզաճկուն պարի վարպետության դաս է խոստանում։

Երեւանի «Արմելադ» պարային համույթը


Խմբերի տղաները բեմին չեն լինի, բայց շերամյան-էսքիզային իրարանցումից անմասն չեն. Շերամի երաժշտությունն աղջիկների համար է, իրենք դահլիճից կոգեւորեն պարընկերներին։

Սա «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի 4-րդ եթերաշրջանն է: Գյումրիում ծնունդ առած փառատոնը հստակ նպատակ ունի՝ յուրաքանչյուր եթերաշրջան ավարտել շոշափելի վերջնարդյունքով, մասնավորապես՝  նոր ու լավ իմաստով պարտադրված բեմադրություններ նախ Խաչատուր Ավետիսյանի, հետո Սայաթ-Նովայի, հիմա արդեն Շերամի երգերով։ Պարային համույթների պարացանկի հարստացմանը զուգահեռ, նախագծի հեղինակները վստահ են՝ նաեւ այսպես է պետք տարածել ազգային մշակույթն ու ստիպել սերունդներին չհեռանալ արմատներից ու պարային բեմդրություններով եւս տարածել ազգային մշակույթը։

Գյումրու «Անի» պարային համույթը


Փառատոնի հաջորդ գնահատելի կողմն, ըստ մասնակիցների, մարզերում գործող պարային համույթներին ներկայանալու լայն հարթակներ տրամադրելն ու պարարվեստի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ շփման հնարավորություն տալն է, ովքեր յուրաքանչյուր եթերաշրջանում նախագահում են նախագծի ժյուրին՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյան ու «Բերդ» անսամբլի գլխավոր պարուսույց, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ  Կարեն Գեւորգյան։ Շփումը նրանց հետ ու մրցույթից հետո կազմակերպվող քննարկումը լավագույն խթանն են ե՛ւ պարող-պարուհիների, ե՛ւ գեղարվեստական ղեկավարների համար։

Աբովյանի «Հուշեր» պարային համույթը


Շերամյան համընդհանուր խանդավառությունը մեկ բեմում հանրապետության 17 պարային համույթների պարային պրեմիերաներով կհամախմբի հոկտեմբերի 28-ին։ Երեւանից, Չարենցավանից, Ավոբյանից, Ստեփանավանից ու հանրապետության այլ համայնքերից շերամյան բեմադրություններով Գյումրի ժամանող պարային համույթները վստահեցնում են՝ «Շիրակի էսքիզներ»-ի շերամյան գալա-համերգը դառնալու է պարային խճանկար՝ մեր երկրի բոլոր գույներով։

Տեքստը՝ Լիլիթ Թովմասյանի
Լուսանկարները՝ «Շիրակի էսքիզներ»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport