×


33 մետրանոց Սուրբ խաչն ու Հույսի խորանը օծվել են

4 Ավետարանիչների հիշատակի օրը` հոկտեմբերի 20-ին, օծվել են Տառ-քարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր խոյացած 33 մետրանոց Սուրբ խաչ կոթողը, որի բարձրությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը, եւ Հույսի խորանը, որոնց ճարտարապետը Անդրանիկ Սարգսյանն է:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը


Սուրբ խաչի 1711 մետաղյա գլանաձեւ մեծ ու փոքր խաչերը, որոնք ամբողջացնում են մեծ խաչը, խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Այսուհետ ամեն տարի կավելանա այն խորհրդանշող եւս մեկ խաչ:

Կոթողին որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի 301սմ  բարձրությունն էլ հիշատակում է 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: Քառաթեւ “Սուրբ Խաչի” ամեն մի թեւի տակ տեղակայված են չորս մատուռներ` իրենց մոմավառության սեղանիկներով:

33 մետրանոց Սուրբ խաչն ու Հույսի խորանը օծվել են


ՀՀ գլխավոր դատախազ, “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ եւ  նախաձեռնությամբ` Երեւան-Ապարան ճանապարհին վեր խոյացած Սուրբ խաչի եւ Հույսի խորանի օծման արարողությունը, որին ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի գործիչներ, հոգեւորականներ, ուղեկցվել է տոնախմբությամբ. Հայաստանի տարբեր մարզեր ներկաներին հյուրասիրել են իրենց բերքուբարիքը, ներկայացվել են ազգային պարեր:

“Սիրում ենք կրկնել, որ մենք ենք առաջինը քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունել: Պետք է ասեմ, որ մենք այնքան էլ քրիստոնյային վայել չենք ապրում: Կարծում եմ` նման միջոցառումներն ավելի ու ավելի կամրացնեն մեր մեջ քրիստոնեական ամենամեծ գաղափարը` սերը: Խաչը “ստիպում” է վերանայել ու սիրով լցվել միմյանց հանդեպ”,- ասել է միջոցառմանը ներկա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

ՀՀ գլխավոր դատախազ, “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը` կնոջ հետ


Շնորհիվ լուսավորության եւ գեղագիտական լուծումների` Սուրբ խաչը գիշերային ժամերին պատկերում է երկնքից կախված լուսավոր խաչ` մարմնավորելով Արագած լեռան գագաթին սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղը: Իսկ գլանաձեւ խողովակները տարբեր ուժգնության քամիների ժամանակ արձակում են եկեղեցական երգեհոնային երաժշտություն հիշեցնող ձայնային հնչերանգներ:

Բլրի ստորոտում կառուցված Հույսի խորանն էլ բացի հոգեւոր խորանից, նաեւ աշխարհիկ միջոցառումներ, տոնախմբություններ կատարելու հարթակ ունի: Սուրբ խաչը եւ Հույսի  խորանը տեղակայված են Արարատ, Արագած եւ Արա լեռների եռանկյան մեջ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW