×


AEMA-ի կազմակերպիչները՝ Ազնավուրի հետ անմոռանալի հանդիպման մասին

Մարտին Փարիզում տեղի ունեցած Հայ-եվրոպական երաժշտական առաջին մրցանակաբաշխության մասին պատմել ենք:  Միջոցառմանը հարգելի պատճառով չէր կարողացել ներկա գտնվել եւ ստանալ իր մրցանակը Շառլ Ազնավուրը: Սակայն օրերս կազմակերպիչները հանդիպել են մեծանուն արտիստին եւ անձամբ հանձնել են խորհրդանշական արձանիկը: BRAVO.am-ի հետ զրույցում Աննա Կարոլինան պատմել է տպավորիչ հանդիպման մասին եւ լուսանկարներ տրամադրել:

Աննա Կարոլինան, Շառլ Ազնավուրը եւ Հայկ Շահբազյանը


«Նախքան մրցանակաբաշխությունը բանակցություններ ենք ունեցել եւ վստահորեն գիտեինք, որ Ազնավուրը ներկա է լինելու, սակայն Հարավային Ամերիկայում համերգային շրջագայության պատճառով չկարողացավ մասնակցել: Մրցանակը՝ հայ-ֆրանսիական հավերժ եղբայրության խորհրդանիշը, հանձնեցինք Ֆրանկ Փափազյանին, որպեսզի նա անձամբ փոխանցի այն մաեստրոյին: Բայց համերգից երկու օր անց հաղորդագրություն ստացանք Ազնավուրից. նա ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ եւ Հայկին: Մեզ համար իսկապես մեծ անակնկալ էր»,-պատմել է Աննան եւ հավելել, որ անվանի երաժիշտը գովեստի խոսքեր է ասել այն առիթով, որ կարողացել են Փարիզում մնան լայնածավալ միջոցառում կազմակերպել:

Աննա Կարոլինան եւ Ֆրանկ Փափազյանը


Նրա խոսքով՝ Ազնավուրի հետ շփումը անսահման տպավորիչ է եղել.«Հանդիպման առաջին վայրկյաններն անմոռանալի էին. գրկախառնվեցինք, հանձնեցինք մրցանակը, որից հետո մաեստրոն հաճելի կատակներ էր անում, խոսում հայերեն, համբուրում ինձ եւ Հայկին: Առաջիկայում կրկին կհանդիպենք եւ կզրուցենք նրա հետագա մասնակցության եւ մեր կողքին լինելու մասին»:

Աննա Կարոլինան նշել է նաեւ, որ երկար քննարկումներից հետո են ստեղծել արձանիկն ու մյուս խորհրդանիշերը.«Գեղեցիկ մատանիներ են, որոնց մեջ պատկերված է անմոռուկ, նուռ, խաղող, խաչ, Սիսն ու Մասիսը: Ի դեպ, երբ մատանին Ազնավուրին փոխանցեցինք, շատ հավանեց եւ ասաց՝ մինչ այսօր մատանի չի դրել, բայց սա կկրի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Կարոլինան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին