1990 թվականին զարդագործ Էդմոնդ Ավագյանն առաջին անգամ հրավիրվեց ռուս հայտնի օլիգարխներից մեկի աշխատասենյակ. նա իր հետ 200 կտոր թանկարժեք զարդ էր տարել: Հաճախորդը լուռ ուսումնասիրեց դրանք, քայլեց սենյակում, խորհելուց հետո ընտրեց 100 զարդ եւ առանց սակարկելու քարտուղարին հանձնարարեց վճարել…
"Avakian" բրենդի հիմնադիր Էդմոնդ Ավագյանը
Բութանի արքան իր հարսանիքի ադամանդապատ կոստյումն ու թագը եւս վստահել էր “Avakian”-ին: Էդմոնդը պատվերը կատարելու համար ստիպված էր 6 ամիս ուսումնասիրել բուդդիզմ եւ բութանական մշակույթ, գտնել համապատասխան քարեր ու նոր անցնել գործի: Երբ պատվերը պատրաստ էր, հարսանիքից մեկ օր առաջ Ավագյանն անձամբ մատուցեց դրանք թագավորին…
Տարիներ առաջ Էդմոնդ Ավագյանը զբոսնում էր Մանհեթենում, երբ անսպասելիորեն հյուրանոցներից մեկից դուրս եկավ ու նրան մոտեցավ Մերձավոր Արեւելքից մի հաճախորդ, որին շտապ նվեր էր հարկավոր այդ երեկոյի համար: Հայն իր մոտ երեք թանկարժեք զարդ ուներ, ստիպված եղավ բաժանվել երկուսից, իսկ հաճախորդը վճարեց 7 զարդի արժեքին համարժեք գումար:
Բրենդի պատվերները խիստ տարբեր են` սկսած տարբեր երկրների արքայազնների եւ արքայադուստրերի հարսանիքների թագերից մինչեւ արտասովոր թանկարժեք զարդեր տարբեր կառավարությունների, օլիգարխների, պետական առաջին դեմքերի համար: Զարմանալի չէ, որ համաշխարհային շատ աստղեր կանոնավոր կերպով կրում են “Avakian” զարդերը “Օսկար”, “Ոսկե գլոբուս” եւ Կաննի կինոփառատոնների ժամանակ:
"Avakian" բրենդի զարդերից
Էդմոնդ Ավագյանը դեռ մանկուց, երբ բնակվում էր Բուլղարիայում, հետաքրքիր հոբբի ուներ` գունավոր քարեր էր հավաքում… BRAVO.am-ը նույնչափ հետաքրքիր զրույց է ունեցել նրա հետ:
-Ինչպե՞ս գունավոր քարերի հոբբին վերածվեց թանկարժեք զարդեր պատրաստելու մասնագիտության:
-Գունավոր քարեր հավաքելը մանկական հոբբի էր… Շատ չանցած Բուլղարիայից տեղափոխվեցինք Լիբանան, հայերեն համարյա չգիտեի, բուլղարերեն էի խոսում: Առաջին գործս եղավ հայկական դպրոց հաճախելն ու մեր լեզուն սովորելը: Նշեմ, որ ծնողներս այնտեղ քարերի մշակման փոքր բիզնես ունեին, բայց ես նախկինում այնքան էլ չէի հետաքրքրվում այդ գործով: Դպրոցն ավարտելով` գնացի ԱՄՆ եւ ինժեների ու ֆինանսիստի մասնագիտությամբ շարունակեցի ուսումս: Հետո գունավոր քարերի հանդեպ սերը նորից համակեց ինձ: 6 ամիս փորձեցի հմտանալ ադամանդների մշակման բնագավառում ու հասկացա, որ պետք է շարունակել…
-Շարունակել ընտանեկան ավանդույթները :):
-Այո, ուղղակի ծնողներս շատ քիչ են զբաղվել այդ գործով` սկսելով 1969-ին, ես էլ այդ ժամանակ Միացյալ Նահանգներում էի: “Avakian” բրենդը ձեւավորվել է ավելի ուշ, այն ժամանակ, երբ Շվեյցարիայում հաստատվեցինք, ու ավելի քան 40 տարի է` գործում ենք:
"Avakian" բրենդի զարդերից
-Ովքե՞ր են նախընտրում “Avakian” զարդերը:
-Մի քանի տեսակի հաճախորդներ ունենք: Մարդիկ, ովքեր առաջին անգամ են օգտվում բրենդից. նրանք արդեն ունեն մեծ թվով զարդեր եւ ուզում են մեր արտադրանքն էլ փորձել: Կան ավելի քմահաճները, որոնք հատուկ զարդեր կրելու ցանկություն ու կարիք ունեն: Այդ մարդիկ ուշադրության կենտրոնում լինել են սիրում եւ ցանկանում են միշտ տարբերվել: Ունենք շատ զարդեր, որոնք ընդամենը մեկ օրինակով են պատրաստվում: Այլ բրենդներ, անուններ չնշեմ, շեշտը դնում են զարդերի մեծ քանակությամբ արտադրանքի վրա, իսկ մենք նախընտրում ենք յուրօրինակ ու անհատական աշխատանքներ մատուցել:
-Ինչպե՞ս են ստեղծվում “Avakian” զարդերը:
-Մեր ուժը կրեատիվության մեջ է: Ոսկերչական այլ տներ, օրինակ, հզոր են, քանի որ շատ ադամանդներ ունեն, բայց դիզայնն այն չէ: Ես զարդերի դիզայնը որոշում եմ ճանապարհորդելու ժամանակ: Միտքս հանձնում եմ թղթին, իսկ երբ վերադառնում եմ, էսքիզը հանձնում եմ դիզայներին, ով էլ իր հերթին գծագիրը տրամադրում է գրաֆիկ դիզայներին: Վերջինս համակարգչային ծրագրի միջոցով զարդի պատկերն է պատրաստում: Այնուհետեւ զարդը ներկայացվում է հաճախորդին` 3-4 տարբերակով: Հենց այս շրջանում երեք երկրի նախագահների համար, որոնք շուտով նշելու են իրենց ծննդյան տարեդարձները, պատվիրված նվերներ ենք պատրաստում: Զարդը պատրաստելիս ուսումնասիրում ենք, թե տվյալ նախագահն ինչ նախասիրություններ ունի, շնորհանդես ենք կազմակերպում նվերները պատվիրողների համար, եւ նրանք մի քանի տարբերակից ընտրում են իրենց դուր եկածը:
Օռնելա Մուտին կրում է "Avakian" բրենդի վզնոց
-Այս տարվա Կաննի կինոփառատոնին կարմիր գորգի վրա դերասանուհիներին հավասար փայլում էր նաեւ “Avakian” բրենդը:):
-Այս տարի մեր մասնակցությունն իրոք աննախադեպ էր: 2012-ին էլ ենք մասնակցել, տղաս է զբաղվել այդ հարցերով. մի շարք հայտնիներ կրեցին զարդերը, բայց այս անգամ ամեն ինչ պաշտոնական էր. մինչեւ կարմիր գորգով անցնելը, դերասանուհիները գալիս էին ու փորձում զարդերը, հետո արդեն գնում կարմիր գորգի վրա մեր զարդերով փայլելու:
-“Աստղերը” սովորաբար քմահաճ են. եթե մի բան ցանկանում են, ուրեմն պետք է այդպես արվի: Հետաքրքիր է, եղե՞լ է դեպք, երբ հայտնի որեւէ մարդ պատվիրել է զարդ, իսկ դուք, հասկանալով, որ դա նրան այնքան էլ չի սազի, հայտնել եք այդ մասին:
-Հիմնականում մենք ենք հաճախորդին խորհուրդներ տալիս: Ասում են, որ լիովին վստահում են մեզ: Շատ լավ դիզայներներ ունենք, նրանք անհատական աշխատանք են տանում յուրաքանչյուր պատվիրատուի հետ: Տարբեր դիզայնի մոտ հինգ տարբեր առաջարկ ենք անում, ու հաճախորդն ինքն է ընտրում, թե դրանցից որն է իրեն ավելի սիրելի:
"Avakian" բրենդի զարդերից
-Լոնդոն, Ժնեւ, Մոսկվա, Նյու Յորք եւ Լոս Անջելես… “Avakian” բուտիկներ կան աշխարհի տարբեր կողմերում:
-Այս պահին փորձում ենք ասիական շուկա մտնել, աշխատում ենք Հոնկոնգում բուտիկ բացելու ուղղությամբ: Ցանկանում ենք Ռուսաստանում էլ ընդլայնել մեր գործունեության շրջանակը:
-Իսկ Հայաստանում բուտիկ բացելու պլաններ կա՞ն:
-Չեմ կարծում, որ այսօր Հայաստանը պատրաստ է ընդունել “Avakian” բրենդը: Պետք է սպասել` վստահ լինելու համար, որ մեզ հատուկ յուրօրինակությունը գնահատող հաճախորդները Հայաստանում կավելանան:
-Գուցե պատճառը նաեւ զարդերի բարձր գնե՞րն են:
-Մենք ունենք գնային տարբեր առաջարկներ: Եթե հաճախորդը 2000 դոլար է նախատեսել մատանի գնելու համար, ապա նա այդ մատանին կկարողանա ձեռք բերել “Avakian” բուտիկից: Պարտադիր չէ, որ հարյուր հազար դոլարանոց զարդ գնի: Ամեն հաճախորդի համար մենք ունենք համապատասխան առաջարկ: Կան շատ թանկարժեք եւ համեմատաբար մատչելի զարդեր:
Փերիս Հիլթոնը` "Avakian" բրենդի զարդերով
-Գնային նման քաղաքականությամբ ձգտում եք հաճախորդների ավելի մեծ բանակ գրավե՞լ:
-Իհարկե, բացի դա, այն հաճախորդը, ով, օրինակ, ժամանակ առ ժամանակ 50 հազար դոլարանոց զարդեր է գնում մեր բուտիկից, գուցե մի օր կարիք կունենա նվերի համար 3000 դոլարանոց զարդ գնել: Ու մենք պետք է պատրաստ լինենք դրան:
-Ինչո՞վ է “Avakian”-ը գրավում հաճախորդներին: Չէ՞ որ բազմաթիվ են հայտնի բրենդները, որոնք հետաքրքիր լուծումներով զարդեր են առաջարկում:
-Մեզ դիմում են պետական մակարդակով. տարբեր երկրների կառավարությունները մասնավոր պատվերներ են տալիս մեզ, “Art object”-ներ ենք պատրաստում: Անձնական նվերների պատվերներ են արվում հայտնի քաղաքական գործիչների, տվյալ երկրներ այցելող բարձրաստիճան հյուրերի համար: Այ սրանով է հատուկ “Avakian”-ը: Չնայած` այս մասին թերթերում երբեւէ չենք գրել: Բացի այդ, եթե այլ բրենդներ հատուկ պատվերը կատարում են 4-5 ամսում, ապա մենք դա անում ենք մեկ ամսում կամ էլ ավելի արագ: Դա եւս ստիպում է, որ այդքան բրենդների միջից ընտրեն հենց մեզ: Բնականաբար, մեծ դեր է խաղում նաեւ որակը:
Էդմոնդ Ավագյանը, Ամորի Նոլասկոն եւ Հայկ Ավագյանը
-Ո՞րն է այն զարդը, որը պատրաստելու համար պահանջվել է ամենաերկար ժամանակը:
-Կան շատ իշխաններ, շեյխեր Սաուդյան Արաբիայից եւ այլ երկրներից, ովքեր շատ հատուկ եւ ամիսներ պահանջող պատվերներ են տալիս: Հեշտ գործեր անել չենք սիրում, նախընտրում ենք դժվար, դետալային աշխատանքը, ինչը պատվիրատուին դուր է գալիս: Մարտահրավերներ ընդունելն ու դրանք հաղթահարելն էլ մեզ է դուր գալիս:
-Գիտեմ, որ տարբեր հավաքածուներ ունեք: Դրանց մեջ կա՞ն զարդեր, որ պարտադիր չէ կրել կարմիր գորգերի կամ բարձրաշխարհիկ երեկույթների ժամանակ:
-Իհարկե, ունենք զարդեր, որ կարելի է օգտագործել ե̒ւ առօրյայում, ե̒ւ երեկոյան: Գաղտնիք բացեմ, քանի որ ես մասնագիտությամբ ինժեներ եմ, չէի կարող նորամուծություն չանել. զարդերի վրա մեխանիզմ կա. կարող եք քարը փոխել եւ երեկոյան կրելու ժամանակ այլ գույնի ադամանդ ավելացնել: Հնարավորություն ենք ստեղծում, որ մարդը զարդը գնելուց հետո կարողանա այն մի քանի առիթով օգտագործել:
Դիտա ֆոն Տիզը` "Avakian" բրենդի ականջօղերով
-Զարդերը պատրաստվում են երկու երկրում` Շվեյցարիա եւ Իտալիա: Ինչո՞ւ:
-Կախված է զարդի արժեքից: Եթե շատ արժեքավոր է, ապա` Շվեյցարիայում, բայց ունենք նաեւ արվեստագետներ, որոնք Իտալիայում են աշխատում: Հիմնականում “art object”-ներ պատրաստող մասնագետների մասին է խոսքը, քանի որ իրականում շատ քիչ են լավ մասնագետները: Բնականաբար, գունավոր քարերը կարող են տաշվել այլ երկրներում. օրինակ` Թայլանդում, բայց հիմնական աշխատանքը տարվում է վերոնշյալ վայրերում:
-Հայ ոսկերիչների, զարդեր պատրաստողների հետ “Avakian”-ը համագործակցո՞ւմ է:
-Մի քանի տարի առաջ նման փորձ արեցինք: Պլաններ ունեինք Հայաստանի ոսկերիչների հետ համագործակցել, բայց այդտեղի որակը դեռ չի հասել եվրոպական այն պահանջներին, որ կան այսօր: Կան քարերի տեսակներ, որոնք Հայաստանում տաշելու տեխնոլոգիաներ չկան: Այսինքն` խնդիրը տեխնիկական է, իսկ լավ ոսկերիչներ, որոնք աճելու տեղ ունեն, կան: Թանկարժեք քարերը մշակելիս այսպիսի ոսկե կանոն կա. ամբողջ գործընթացը` Ա-ից մինչեւ Ֆ, մեկ տեղում պետք է արվի: Ապագայում, եթե գտնենք ոսկերիչներ, որոնք կկարողանան ապացուցել, որ կարող են այդպիսի որակի զարդեր պատրաստել, մենք պատրաստ ենք համագործակցել:
"Avakian" բրենդի զարդերից
-Բրենդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունե՞ն արաբ շեյխերը:
-Չէ, ուղղակի նրանց անունն է դուրս եկել. 20 տարի շարունակ շատ մեծ համագործակցություն ենք ունեցել, անընդհատ պատվերներ ստացել: Պատճառն այն է, որ, այո, նրանք հավանում են մեր դիզայնը, բայց նաեւ այն, որ մենք հայ ենք, իսկ արաբները հայերին սիրում են, գիտեն, որ հայերը լավ ոսկերիչներ են, գործի մեջ ազնիվ են, ու վստահում են մեզ: Բայց Ռուսաստանում էլ աշխատում ենք 1993 թվականից. սկզբում հատուկ հաճախորդների համար էինք պատվերներ կատարում, իսկ 2001-ին Մոսկվայում բացվեց մեր բուտիկը: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ մրցակից այլ բրենդներ խանութներ չունեին այնտեղ: Զարդերի արտասահմանյան առաջին բրենդը Մոսկվայում եղել է “Avakian”-ը: Անգամ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը մի քանի անգամ իր խոսքում նշել է այդ մասին:
-Կա՞ թանկարժեք որեւէ քար, որ Ձեզ համար յուրահատուկ է:
-Ես ադամանդներ եմ սիրում, հատկապես` գունավոր: Երկու-երեք շաբաթ առաջ կանաչ գույնի ադամանդ եմ գնել, արդեն Ժնեւում է ու մինչեւ հարցազրույցը հենց դրա մասին էի մտածում` դիզայնն էի որոշում: Հակինթ քարերն էլ եմ սիրում, բավական լավ են վաճառվում, հատկապես տղամարդիկ են ձեռք բերում հակինթով մատանի թե արաբական երկրներում, թե Ռուսաստանում ու մոտակա երկրներում:
-Կարելի է ասել “Avakian”-ը ընտանեկան բրենդ է. Ձեր տղան ու աղջիկը մասնակցո՞ւմ են այս գործին:
-Այո, Հայկը բրենդի կոմերցիոն հարցերով է զբաղվում, իսկ աղջիկս` Կորիննը` PR-ի, մամուլի հետ կապերի պատասխանատուն է: Մեզնից յուրաքանչյուրը միշտ շատ գործ ունի անելու, հատկապես հիմա, երբ ինչպես արդեն նշեցի, Չինաստանի շուկա մտնելու հարցերով ենք զբաղվում: Այսօր “luxury” բիզնեսում առաջ գնալու համար պետք է անպայման Ասիայի շուկա մտնել: Դժվարություն, իհարկե, կա, մեկն էլ Չինաստանում բուտիկի համար հարմար տեղ գտնելն է, քանի որ համաշխարահային բոլոր բրենդներն այնտեղ շատ մեծ մրցակցության մեջ են: Բացի դա, Եվրոպայում եւ Չինաստանում գները շատ տարբեր են:
"Avakian" բրենդի զարդերից
-Հետաքրքիր է, Ավագյան ընտանիքը զարդերի հավաքածու ստեղծե՞լ է ինքն իր համար:
-Իրականությունն ասեմ` ոչ: Եղել են դեպքեր, երբ մի քանի բան պատրաստել ենք, բայց հաճախորդներ են եղել, որոնք եկել են, հավանել մեր զարդերն ու խնդրել, որ վաճառենք: Այդպես էլ մեզ համար հավաքածու ստեղծելու ժամանակ չի մնում: Չնայած` ընդամենը մի քանի տարի առաջ տնտեսական ճգնաժամը մոլեգնում էր ողջ աշխարհում, բայց մեր բրենդի առաջխաղացումը ոչ մի վայրկյան կանգ չի առել: Այս պահին կանանց ժամացույցների նոր հավաքածու ենք պատրաստում, որը մի քանի ամսից կլինի շուկայում: Միշտ անելու գործ կա:
-Պարոն Ավագյան, ո՞ւմ հետ է ավելի դժվար աշխատել. կանա՞նց, թե՞ թանկարժեք քարերի:
-Կանանց հետ աշխատելը մեծ հաճույք է: Մեզ մոտ եկող կանայք մեզ վստահում են ու մենք էլ, այդ վստահությունը գնահատելով, արժանի առաջարկներ ենք անում: Հաճելի է, երբ քեզ վստահում են:
Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Ավագյանների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: