×


“Hollywood Non-Stop’’՝ երեւանյան բուհերի ուսանողների համար :)

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը անակնկալ են պատրաստել Երեւանի բարձրագույն ուսումնական 8 հաստատության համար: “Երիտասարդները երիտասարդների համար’’ նախագծի շրջանակներում երեկ մեկնարկել է եւ մինչեւ մարտի 27-ը կտեւի “Hollywood Non-Stop’’ խորագիրը կրող համերգային ծրագիրը:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, համերգների ընթացքում կներկայացնի ամերիկյան երաժշտարվեստը, կհնչեն դասական համարվող “Շինդլերի գրառումները’’, “Աստղային պատերազմներ’’, “Խիզախ սիրտը”,  “Հարրի Փոթեր’’,  “Ջուրասիկ այգին’’, “Առաքելություն’’, “Կնքահայրը’’, “Մեկ անգամ Ամերիկայում’’, “Ռոմեո եւ Ջուլիետ’’, “Կարիբյան ծովի ծովահենները’’, “Վեսթսայդյան պատմություն’’ եւ այլ ֆիլմերի սաունդթրեքները:

Համերգների ընթացքում կհնչեն նաեւ ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլյամսի եւ հայտնի այլ կոմպոզիտորների  ստեղծագործությունները: Յուրաքանչյուր համերգի ընթացքում նվագախումբը կատարելու է 19-ը ստեղծագործություն:

Երիտասարդական նվագախումբը կկատարի նաեւ "Ռոմեո եւ Ջուլիետ" ֆիլմի սաունդթրեքը


“Սրանք այն գործերն են, որոնց օգնությամբ մենք ծանոթացնում են հայ երիտասարդությանը ամերիկյան երաժշտության հետ: Ավելի քան վստահ եմ, որ գտնվելով մեր համերգներին եւ լսելով երաժշտությունը՝  երիտասարդները կհասկանան, որ այն ստեղծագործությունները, որոնք իրենց լավ հայտնի են ֆիլմերից, եւս դասական են: Վստահ եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում կլինեն մարդիկ, որոնք դեռեւս չեն եղել մեր նվագախմբի համերգներին, բայց այս շփումից հետո անպայման կսկսեն այցելել’’,- ասել է Սերգեյ Սմբատյանը:


Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, որոնք կազմակերպելու գաղափարը ծնվել է դեռեւս նախորդ տարվա աշնանը: Ծրագրվում է այս նախագծով հանդես գալ նաեւ մարզերում: Հնարավոր է՝  Երիտասարդական նվագախումբը հանդես գա  Միացյալ Նահանգներում եւ ներկայացնի հայկական ֆիլմերի հայտնի ու սիրված ստեղծագործությունները:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը


Հիշեցնենք, որ տարեսկզբին տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Սեպտեմբերից CD-ն վաճառքի կհանվի նաեւ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում:

“Ձայնասկավառակն այս տարվա մեր մեծագույն նվաճումներից է: Հայաստանում այն բավական լավ վաճառվում է: Զարմանում եմ, որովհետեւ արտասահմանցիները եւս այն ձեռք բերելու ցանկություն են հայտնել: Ալբոմի շնորհիվ էլ կկարողանանք ավելի շատ մարդ ինտեգրել այս դաշտ’’,-նշել է Սերգեյ Սմբատյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW