×


IQOS. Հեղափոխական առաջարկ ծխողների համար՝ արդեն նաեւ Երեւանում

Ծխելը վնասակար է առողջությանը։ Ամբողջ աշխարհի ծխողներն այսօր փնտրում են այլընտրանքներ։ Նման մի այլընտրանք, ինչպես պարզեցինք, արդեն գործում է աշխարհի 38 երկրում, եւ Հայաստանը երեկվանից դարձավ տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ նույնպես մեկնարկեց «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» (PMI) ընկերության հեղափոխական արտադրանքի վաճառքը: IQOS` այսպես է կոչվում չափահաս ծխողներին ներկայացվող նոր սարքը, որը ոչ թե այրում է ծխախոտը, այլ տաքացնում է մինչեւ գոլորշի առաջանալու աստիճանը:

Նոր ինովացիոն սարքի շնորհանդեսը երեկ էր՝ Dalma Garden Mall-ի նորաբաց տաղավարում, որտեղ ընկերության մասնագետները չափահաս ծխողներին ներկայացնում էին IQOS-ի աշխատանքի սկզբունքներն ու խորհրդատվություն տրամադրում դրան անցում կատարելու վերաբերյալ: Ի դեպ, առավոտից այստեղ գնորդների պակաս չէր զգացվում, շատերն էլ նախապես էին գրանցվել սարքը ձեռք բերելու համար: Շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

IQOS-ի երեւանյան շնորհանդեսին


Ի տարբերություն սովորական սիգարետի` այն հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխրի, ինչպես նաեւ ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

Եթե դուք մտահոգվում եք, թե արդյոք նիկոտինի քանակն այստեղ նույնքան է, որքան սովորական ծխախոտի դեպքում, ապա նշենք, որ կատարված հետազոտությունները ցույց են տվել` IQOS-ի դեպքում նիկոտինի քանակը բավարար է չափահաս ծխողի պահանջը հագեցնելու համար: Philip Morris ընկերությունը երաշխավորում է, որ իրենց նոր՝ առանց ծխի արտադրանքը, համապատասխանում է չափահաս սպառողների նախասիրություններին եւ ոլորտը կարգավորող պահանջներին:

IQOS-ը, որի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների եւ մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տեւած ուսումնասիրությունների արդյունք է: Նշվում է, որ 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5 միլիոն չափահաս ծխող դադարեցրել է սիգարետ ծխելը՝ նախապատվությունը տալով IQOS-ին։ Սա նշանակում է՝ ամեն օր մոտ 10,000 ծխող անցում է կատարում IQOS-ին:

IQOS-ի երեւանյան շնորհանդեսին


Ի դեպ, PMI-ը հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի Շվեյցարիայում եւ Սինգապուրում: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել նաեւ Հայաստանում: Իսկ մինչ այժմ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է`
•    IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան գիտական հետազոտության շրջանակներում դիտարկված սիգարետի նմուշը:
•    Այն ծխողների մոտ, ովքեր վերջնականապես անցում են կատարել IQOS-ի,  զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: Ազդեցության նվազումը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր հետազոտությունների ընթացքում թողել են սիգարետ ծխելը:
•    IQOS-ը ծխի երկրորդական աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի վերաբերյալ հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա:
•    IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ կա այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ թողել են ծխելը: Մինչդեռ չափահաս ծխողների շրջանում  նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա:

Վարդան Բադալյանը


«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության հաղորդակցության գծով պատասխանատու Տաթեւիկ Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ իրենց նպատակն է ստեղծել ապրանքներ, որոնց օգտագործումն ավելի բարենպաստ է, քան ծխախոտ ծխելը.«Այսօրվա մեր վաճառքի ծավալները փաստում են, որ մենք՝ հայերս, նորարարությունների հանդեպ մեծ ձգտում ունենք եւ ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամություն: Համոզված ենք, որ Հայաստանում IQOS-ի մեկնարկը կնպաստի առանց ծխի ապագա կերտելու մեր նպատակի իրագործմանը»:

Նշենք, որ գնորդների թվում քիչ չէին նաեւ կանայք, ովքեր եկել էին IQOS ձեռք բերելու: Արմինեն, օրինակ, եկել էր ամուսնու հետ: Իր խոսքով՝ արդեն մեկ տարի է՝ ծանոթ է սարքին, եւ այն նախընտրում է, քանի որ պոտենցիալ ունի պակաս վնաս հասցնել առողջությանը, բացի այդ էլ՝ տհաճ հոտ չի գա ձեռքերից, բերանից ու հագուստից, նիկոտինի չափաբաժինն էլ լրիվ բավարարում է: Ներկաների թվում քիչ չէին նաեւ հայտնի հյուրերը, ինչպես, օրինակ, դերասան Նարեկ Քթոյանը, դիջեյ Ժակը, Արամ Կարախանյանը, երգիչներ Վարդան Բադալյանն ու Նարեկ Բավեյանը: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն օրվա ընթացքում շատ քիչ է ծխում՝ 4-5 գլանակ, բայց պատրաստվում է անցում կատարել IQOS-ին՝ իր եւ շրջապատող մարդկանց վրա ծխախոտի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար. «Եթե կա այլընտրանքային տարբերակ, ինչո՞ւ չօգտվել»,- նկատեց նա:

IQOS-ի երեւանյան շնորհանդեսին


Հավելենք, որ այս պահին եւս մեկ վաճառակետ է գործում նաեւ Դալմա Գարդեն Մոլի «Երեւան Սիթի»-ում: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն Երեւանի այլ խանութներում եւ սուպերմարկետներում եւս: Սարքի գներին եւ այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայքէջ՝  https://am.iqos.com/:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին