×


Mezzo TV-ի ֆիլմը Սերգեյ Սմբատյանի մասին ցուցադրվեց Երեւանում

Երեւանում ցուցադրվել է Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը։ 25 րոպե տեւողությամբ ֆիլմը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները հեղինակավոր բազմաթիվ այլ նվագախմբերի հետ եւ բեմերում։ Դիրիժորը պատմում է, թե ինչպես առաջին անգամ 18 տարեկանում կանգնեց դիրիժորական վահանակի առաջ եւ հասկացավ, որ դիրիժորությունն իր երազանքի մասնագիտությունն է: 


Ֆիլմը նկարահանվել է 2018թ.` Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։ 

Սերգեյ Սմբատյանը եւ Կոնստանս Պանքրազին



Ֆիլմը ներկայացնելու համար Հայաստան է ժամանել Mezzo TV-ի համագործակցության եւ զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին։ Կոնստանս Պանքրազին նախ ներկայացրեց Mezzo հեռուստաընկերությունը, նրա գործունեությունը։ Mezzo-ի հեռուստաբովանդակությունը տարածվում է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Mezzo-ն աշխարհով մեկ ավելի քան 60 միլիոն բաժանորդ ունի։


«Մենք ուրախ ենք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ուրախ ենք նաեւ վավերագրական ֆիլմ նկարահանել նրա մասին, ով դիրիժորական արվեստում ներգրավված է 18 տարեկանից։ Mezzo-ի պարտականությունն է աշխարհին ցույց տալ նոր տաղանդավոր արտիստներին, որոնք արժանի են դրան։ Ֆիլմը, որտեղ ներկայացված է Սերգեյ Սմբատյանը, ցուցադրվել է 60 երկրներում, եւ հինգ տարի շարունակ պետք է ներկայացվի»,- ասաց Կոնստանս Պանքրազին։


Նշենք նաեւ, որ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ:


BRAVO.am

Լուսանկարները` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին