×


“NEMRA”-ն առաջին քայլերն է անում ռոք-ասպարեզում:)

Ալտերնատիվ ռոք ժանրում ստեղծագործող “NEMRA” խումբը օրերս առաջին մենահամերգը ունեցավ “Stop” ակումբում: Հենց ռոք-երաժշտության հանդեպ սերն է դրդել “NEMRA”-ի անդամներ Վանին, Մարիաննային, Վասպուրին եւ Գեղամին խումբ հիմնել ու ստեղծագործել: Մինչ այդ երաժիշտները ելույթ են ունեցել տարբեր միջոցառումների եւ ռոք-փառատոնների ընթացքում:

“NEMRA” խումբը


Համերգի ընթացքում բենդը ներկայացավ ինչպես սեփական կատարումներով, այնպես էլ հայտնի արտասահամանյան հիթերի քավր տարբերակներով: Վանն ու Վասպուրը հարազատ եղբայրներ են, ոգեշնչվել են “System of a Down” խմբից եւ սկսել ռոք նվագել: Ի դեպ, համերգի ընթացքում հնչեց նաեւ վերոհիշյալ խմբի “Lonely Day” երգը: Բացի այդ, երեկոյի ընթացքում խումբը երգեր կատարեց նաեւ “Radiohead”, “The Doors’’, “The Beatles” հայտնի բենդերի երգացանկից:

Վան Եղիազարյանը


Խմբի յուրահատուկ անվանումը հետաքրքիր նախապատմություն ունի: “Եթե կարդաք անվանումը հակառակ կողմից, կստացվի Արմեն: Մեր գործունեության ընթացքում շատ ենք հանդիպել Արմեն անունով մարդկանց: Սա բավականին տարածված անուն է: Մի անգամ Մարիաննան ասաց, որ պետք է զանգահարի փորձ անելու տեղերից մեկի տիրոջն ու պայմանավորվի: Այդ անձնավորության անունը Արմեն էր: Չգիտես ինչու, այդ օրը բոլորիս անունները հակառակ կողմից էինք հնչեցնում: Լսեցինք Նեմրա ու որոշեցինք` հենց այդպես էլ կանվանվենք: Հիմա մենք բոլորս Արմեններ ենք”,- պատմում են խմբի տղաները:

Խումբը հիմնվել է 2012-ի փետրվարի 17-ին: Բայց տղաները միմյանց մինչ այդ էլ ճանաչել ու լավ ընկերներ են եղել: Հետո խմբին միացել է Մարիաննան:

Գեղամ Ֆահրադյանը


Նրա եղբայրը՝ Մարեկ Զաբորսկին, հարվածային գործիքներ նվագող է: Մարիաննան պատմում է, որ եղբոր հետ հաճախ է ներկա գտնվել ակումբային համերգների եւ երաժշտական միջավայրում է մեծացել՝ ոգեշնչվելով դասական ռոքի լեգենդներ “Led Zeppelin” եւ “Deep Purple” խմբերից:

Մարիաննան դասական դաշնակահարուհու կրթություն ունի` ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

“Բացի դասականից, իմ կյանքում առաջին տեղում հենց ռոքն է”,- խոստովանում է ստեղնաշարային գործիքներ նվագող եւ վոկալիստ Մարիաննան: Ի դեպ, տղաները եւս երաժշտական կրթություն ունեն եւ նպատակ ունեն առաջիկայում մասնագիտանալ հենց այս ոլորտում:

Մարիաննա Կարակեյանը


Խմբի սեփական երգերի հեղինակներն են Վանը, Մարիաննան ու Վասպուրը, երբեմն ստեղծագործական գործընթացին մասնակցում է նաեւ Գեղամը: “NEMRA”-ն արդեն 10-ից ավելի հեղինակային երգեր ունի: Խմբի անդամները պատմում են, որ իրենց երգերը կյանքի, իրենց շուրջ տեղի ունեցող դրական ու բացասական երեւույթների մասին են: “NEMRA”-ի անդամները փորձում են յուրաքանչյուր երգի միջոցով որեւէ գաղափար փոխանցել ունկնդրին:

Խումբը ելույթ է ունենում հետեւյալ կազմով.

Վան Եղիազարյան՝ վոկալ, սոլո-կիթառ
Մարիաննա Կարակեյան՝ վոկալ, ստեղնաշարային գործիքներ
Վասպուր Եղիազարյան՝ բաս-կիթառ
Գեղամ Ֆահրադյան՝ հարվածային գործիքներ:

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW