×


Nemra-ի նոր ալբոմի համերգ-շնորհանդեսը, հատուկ հյուրը, նորություններն ու ոճային փոփոխությունը

Երկար դադարից հետո «Nemra» ռոք-խումբը երեկ ներկայացրեց իր նոր՝ «Hmm…» ալբոմը, որի շնորհանդեսն ուղեկցվեց նաեւ մեծ մենահամերգով: Երկրպագուներն այս ալբոմին սպասել են մոտ երեք տարի, թեեւ երգերի մեծ մասը նրանց ծանոթ է արդեն. լսել են կա՛մ ձայնագրությունների տեսքով, կա՛մ էլ կենդանի կատարումների ժամանակ: Տիկնիկային թատրոնում կայացած համերգ-շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել երեկոյի հետաքրքիր դրվագները, ինչպես նաեւ զրուցել խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ: Համերգից առաջ նրանից հետաքրքրվել ենք՝ ինչու ստիպված եղան այդքան սպասել նոր ալբոմի թողարկմանը, ինչու որոշեցին այն անվանել «Hmm…», եւ թե որ երգի հիման վրա է նկարահանվելու հաջորդ տեսահոլովակը:

Վանն ասաց, որ հիմնական աշխատանքը կապված է եղել ձայնագրությունների հետ, քանի որ երգերի մեծ մասը գրել են դեռ առաջին`«Mubla» ալբոմի թողարկումից հետո. «Ձայնագրությունները երկար տեւեցին, քանի որ ստուդիան մեր սեփականը չէ, եւ ստիպված ենք օր ու ժամ պայմանավորվել, սպասել մեր հերթին եւ այլն: Հայաստանում դժվար է այդ ամենը կազմակերպել, քանի որ ընթացքը շատ դանդաղ է լինում: Հիմա վերջապես պատրաստ են մեր նոր ալբոմի ձայնագրությունները»:

Nemra-ի «Hmm…» ալբոմի համերգ-շնորհանդեսին


Նշենք, որ «Հմմ…» ալբոմում ներառված է 11 երգ, որոնցից միայն համանուն ստեղծագործությունը` «Հմմ…» երգը հանդիսատեսը երբեք չէր լսել: Այն, իհարկե, հնչեց երեկվա համերգի ժամանակ ու կարծես թե միանգամից սիրվեց լսարանի կողմից, ինչպես խմբի մյուս երգերը: Վանը պատմել է, որ երգի ամեն տունը զրույց է ընկերոջ, Աստծո եւ ժամանակի հետ: Ասում է՝ ամենախորիմաստ ու մտածելու տեղիք տվող երգը հենց դա է, այդ իսկ պատճառով էլ որոշել են ալբոմը «Հմմ…» անվանել. «Սկզբում մտադիր էինք վերնագրել «Why»՝ մեր համանուն երգի հիման վրա, որի տեսահոլովակը վերջերս թողարկվեց: Բայց հետո հասկացանք, որ «Հմմ…»-ն ամեն դեպքում ավելի ինքնատիպ է հնչում»:

Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա մեկ քայլ առաջ է համարում նախորդ ալբոմի համեմատ: Վոկալիստն ասաց, որ անկասկած մեծ տարբերություն են տեսնում սկզբնական շրջանում գրված երգերի եւ նոր ստեղծագործությունների միջեւ, թեեւ չեն թերագնահատում «Mubla» ալբոմը.«Պարզապես նոր ալբոմի գործերում արդեն ուրիշ որակ է, ուրիշ հնչողություն, նոր գաղափարներ: Ավելի մեծացել ենք եւ հուսով ենք` մեր լսարանը մեզ կների դրա համար (ժպտում է,- հեղ.)»:

Nemra-ի «Hmm…» ալբոմի համերգ-շնորհանդեսին


Վանի հետ զրույցում նաեւ պարզեցինք, թե երբ է նկարահանվելու իրենց հաջորդ տեսահոլովակը: Երաժիշտն ասաց, որ դեռ հստակ ծրագրեր չկան, սակայն պլանավորում են օգոստոսին նկարահանել «Նարե» երգի տեսահոլովակը: Նրա խոսքով՝ սցենարը գրեթե պատրաստ է, եւ հույս ունեն, որ սեպտեմբերին կթողարկվի նոր հոլովակը: Նա նաեւ նշեց, որ այժմ քննարկումներ են ընթանում «Daisy» եւ «If You Go» երգերի հետ կապված, որպեսզի առաջիկայում դրանց հիման վրա նույնպես տեսահոլովակներ նկարահանվեն:

Շուտով դահլիճում ընդհատվեց թարթող լամպի ձայնը, որ մեծ էկրանից հնչում էր մինչեւ խմբի բեմ բարձրանալը: Այն խորհրդանշում էր նոր ալբոմի շապիկին պատկերված կիսախավար լուսավորությունը եւ հուշում էր, որ ոճային ու բովանդակային առումով նոր ելույթ ու նոր հնչողություն է սպասվում «Nemra»-ի կատարմամբ: Ակնկալիքներն այս առումով կարծես թե արդարացան. խմբի շատ երգեր իսկապես տարբերվում էին նախորդ գործերից, եւ ալտերնատիվ ռոքին գումարվել էին ավելի ծանր հնչյուններ, որոնք տեղ-տեղ բլյուզին էին մոտենում: Հանդիսատեսին, իհարկե, այս փոփոխությունը չէր վախեցրել կամ հիասթափեցրել. նրանք երաժիշտներին ձայնակցում էին ամբողջ համերգի ընթացքում՝ նույնիսկ ամենանոր երգերի ժամանակ:

Nemra-ի «Hmm…» ալբոմի համերգ-շնորհանդեսին


Համերգի առաջին մասում հնչեցին «Nemra»-ի նոր ալբոմի բոլոր երգերը, իսկ երկրորդում՝ արդեն ավելի հին ու հայտնի գործեր, որոնց կատարման հերթականությունը հանդիսատեսն էր որոշում: Ինչպես Վանը կեսկատակ նկատեց՝ «պատվերով համերգ», որտեղ երգերի ընտրությունից գոհ էին թե՛ կատարողները, եւ թե՛ ունկնդիրները: Բայց էլ ի՞նչ «Nemra»-ի համերգ՝ առանց հատուկ հյուրի, որն այս անգամ «The Bambir» ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Նարեկ Բարսեղյանն էր: Նա մի քանի երգ կատարեց իրենց խմբի երգացանկից՝ իհարկե «Nemra»-ի անդամների նվագակցությամբ: Մեր զրույցում Վանը պատմել էր, որ երբ ինքն ու եղբայրը՝ Վասպուրը, փոքր էին, «Բամբիռն» իրենց ամենասիրելի խմբերից էր, որ խորհրդանշում էր հայկական ռոքը.«Հիմա շատ ուրախ եմ, որ Նարեկի հետ նվագելու ենք նույն բեմում»: Նրանց երաժշտական դուետն, իհարկե, մեծ ոգեւորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:

Համերգի ավարտին հերթը նոր ձայնասկավառակները ստորագրելունն ու երկրպագուների հետ լուսանկարվելունն էր: Մինչեւ ուշ գիշեր թատրոնի նախասրահում դեռ ուրախ իրարանցում էր, քանի որ շատերը նույնիսկ լուսանկարվելուց հետո տուն չէին շտապում՝ մինչեւ վերջին պահը Վանի, Վասպուրի, Մարիաննայի ու Մարեկի ներկայությունը վայելելու համար: Իսկ մենք մինչ այդ պարզել էինք նաեւ, որ «Nemra»-ի երրորդ ալբոմի երգերը նույնպես գրեթե պատրաստ են եւ սպասում են ձայնագրության իրենց հերթին: Երաժիշտները հույս հայտնեցին, որ այս անգամ նոր ալբոմն իրեն այդքան սպասեցնել չի տա, եւ երկրպագուները հնարավորություն կունենան նոր երգերի մեծ չափաբաժին վայելել:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին