×


New Gray. Արմեն Շահվերդյանի նոր գույնը հայկական ռոքում

«Тhe Beautified Project» խմբի նախկին անդամ Արմեն Շահվերդյանը վերջերս ներկայացրեց իր նոր նախագծի` «New Gray» ռոք խմբի առաջին տեսահոլովակը` նկարահանված «Circling The Sun» երգի հիման վրա: BRAVO.am-ն Արմենի հետ զրուցել է խմբի ձեւավորման, հայկական ռոք մշակույթում իրենց բերած նոր գույնի, առաջիկա ստեղծագործությունների եւ այլ հետաքրքիր մանրամասների շուրջ:

Նրա խոսքով՝ ինքն իր առանձին սոլո-նախագիծը սկսել էր դեռ երկու տարի առաջ՝ նախքան «Тhe Beautified Project»-ը կդադարեցներ իր գործունեությունը: Սկզբում խումբը գործել է Արմեն Շահվերդյանի անվան ներքո, ինչը նրան այնքան էլ դուր չի եկել, եւ որոշել է նոր անուն մտածել իր նախագծի համար:

Արմեն Շահվերդյանը


«Այդ ժամանակ ես հանդիպեցի ընկերոջս՝ Էրիկ Սեյրանյանին, ով «LeloCity» խմբի կիթառահարն էր: Մի օր նրան ցույց տվեցի այն գործերը, որոնք ձայնագրել էի իմ առանձին նախագծի համար, նա էլ ասաց՝ «Շատ լավն են, ինչո՞ւ ես պահել, արի խումբ հավաքենք, նվագենք այս գործերը, հետո մենք էլ կստեղծագործենք ընթացքում»:

Այդպես եղբորս՝ Առլեն Շահվերդյանին կանչեցի, հետո՝ բաս կիթառահար Դավիթ Խուրշուդյանին ու թմբկահար Աշոտ Կորգանյանին: Օգոստոսի վերջին հավաքվեցինք ու ծրագիրը մշակեցինք: Հիմա «New Gray»-ը համարվում է իմ նախագիծը, որի հիմնական ստեղծագործական կազմում հանդես են գալիս նաեւ եղբայրս ու Էրիկը»,- ասաց Արմենը:

Նա վստահ է, որ խումբը կունենա իր ունկնդիրը, թեեւ երգերը գրելիս չի կենտրոնացել լսարան հավաքելու վրա: Խոսելով նաեւ խմբի անվան ընտրության մասին, եւ թե ինչ «նոր գույն» (New Gray) են իրենք բերելու հայկական ռոք երաժշտության մեջ, Արմենն ասում է՝ դա նախեւառաջ իրենց հասունության գույնն է, նոր ոճն ու ասելիքը:

Էրիկ Սեյրանյանը


«Մեր երգերի թեման գլոբալ է: Անդրադառնում ենք եւ՛ ներքին, անձնական հույզերին, եւ՛ աշխարհում տիրող ներկայիս իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե քաղաքական թեմաներ ենք շոշափում, այլ ընդհանուր մարդկությանն անհանգստացնող խնդիրներ: Օրինակ՝ մեր վերջին գործը՝ «Circling The Sun»-ը, խոսում է այն մասին, որ մարդիկ չպետք է մտածեն միայն իրենց ներքին ցանկությունների, ձգտումների ու հաճույքների մասին, քանի որ կյանքում կան ավելի իրական ու կարեւոր արժեքներ: Այսինքն՝ գլոբալ աշխարհին մտահոգող խնդիրների մասին են մեր ստեղծագործությունները»,- ընդգծում է խմբի կիթառահարն ու վոկալիստը:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսին է եղել «Тhe Beautified Project» խմբի հիմնադիր անդամ Անդրե Սիմոնյանի արձագանքն Արմենի ու Առլենի նոր նախագծի մասին: Արմենն ասաց, որ իրենք նախկինում միասին քննարկել էին իր սոլո-նախագծի գաղափարը, եւ Անդրեի կարծիքը դրական է եղել, բայց նոր խմբի հետ կապված արձագանք դեռ չի եղել նրա կողմից:

«Ես առանց քննարկելու ոչինչ չէի անի. դա իմ աշխատելաոճը չէ: Բայց «New Gray»-ի հետ կապված արձագանք դեռ չեմ ստացել, անկեղծ ասած: Գիտեք, մենք միասին ենք որոշել դադարեցնել խմբի գործունեությունը, ու ոչ մի կռիվ-կոտորած չի եղել այդ հարցի շուրջ: Անդրեն գիտեր, որ ես շարունակելու եմ ստեղծագործել, բայց նա չգիտեր, որ նոր խումբ կլինի: Իհարկե, անհատական աշխատանքների դեպքում արձագանքներ եղել են, երբ մենք հանդիպել ենք, ժողովներ ենք ունեցել: Նա բավական դրական է վերաբերվում, քանի որ տեսնում է՝ ինչ որակի մասին է խոսքը, գիտի՝ ում հետ գործ ունի»,- ընդգծեց Արմենը:


Նրա խոսքով, դեկտեմբերին իր ողջ ժամանակը տրամադրել է նոր ալբոմի ձայնագրմանը, որի արդյունքում 5 գործ է վերջնական մշակել: Ասում է՝ փետրվարի 15-ից հետո եւս մեկ սինգլով հանդես կգան. «Դա կլինի իմ հեղինակային հայերեն երգը, որը նույնպես կներկայացնեմ երաժշտասերների դատին: Արդեն ունենք մոտ 10 երգ՝ վերջնական ձայնագրած, բայց թե ալբոմը երբ կլինի՝ չեմ կարող ասել: Առաջիկա երկու ամսում եւս երկու երգ կթողարկենք, դրանից հետո միայն կմտածենք ապագա պլանների մասին»:
Արմեն Շահվերդյանն ասաց նաեւ, որ կփորձեն իրենց նոր երգերը տեսահոլովակների տեսքով թողարկել, իսկ նոր ալբոմը ներկայացնել համերգ-շնորհանդեսով: Իհարկե, չի խոստանում, բայց շատ է ցանկանում: :)

Աստղիկ Իսկանդարյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport