×


R-Mean.\"Մարդիկ իմ անունով կամ երգերիս բառերով դաջվածքներ են անում\"

Հայկական ծագում ունեցող եւ միջազգային ճանաչման հասած հայ ռեփեր R-Mean-ը իր երաժշտական ոճը որակում է որպես դեղ: Ավարտելով դեղագործական դպրոցը` ապագա ռեփերը հասկանում է, որ մարդկանց կարող է ավելի լավ բուժել ոչ թե բժշկության, այլ երաժշտության միջոցով: Նրան ոգեշնչել են Gangstarr-ը, Wu Tang Clan-ը, KRS One-ը, Tribe Called Quest-ը, Mobb Deep-ը, եւ, իհարկե, 2Pac-ը: Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ ռեփում իր ամենա-ամենաները Նասն ու Էմինեմն են: R-Mean-ը “Open Wounds” երգի եւ դրան հաջորդած արշավի հիմնադիրն է. Հայոց ցեղասպանության ճանաչման թեման շատ կարեւոր է ռեփերի համար: “Ամեն ինչից կարեւոր եմ համարում իմ ազգի ներկայացումն աշխարհին: Պատմում եմ աշխարհին մեր պատմությունը, թե որտեղից ենք մենք գալիս եւ ուր ենք գնում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

R-Mean-ը


-R-Mean, սկսենք սկզբից. քո առաջին ալբոմը լույս է տեսել 2005-ին`“Broken Water” անվանմամբ:

-10 հազար օրինակ վաճառեցինք, իմ մասին սկսեցին խոսել, մեծ ճանաչում ձեռք բերեցի: Դրանից հետո եւս 4 ալբոմ եմ թողարկել` “Jackin 4 Beats”, “Risin Son”, “Nah Mean” եւ “The Infection”: Այս ընթացքում հասցրել եմ ելույթներով շրջագայել ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայում, համագործակցել եմ այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Նասը, Bone Thugs-n-Harmony-ն: Ուզում եմ նշել նաեւ իմ ռադիոելույթների մասին` լոսանջելեսյան Power 106-ից մինչեւ Էմինեմի հիմնադրած Shade45 ռադիոկայան: Այս տարի լույս կտեսնի իմ նոր ալբոմը, որն անվանել եմ “Յոթ մահացու մեղքեր” /“7 Deadly Sins”/:
 

R-Mean-ը


-“Open Wounds”/ “Բաց վերքեր”/ նախագիծը, որի համակարգողն ես, մեծ տարածում գտավ: Ո՞րն է դրա նպատակը եւ ովքե՞ր են ընդգրկված աշխատանքներում:
  

-“Open Wounds”-ն իմ երգն է` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այն թողարկել եմ ավելի վաղ, բայց համապատասխան միջոցներ չունեի տեսահոլովակ նկարահանելու համար: Բացի դա, այն ժամանակ ոլորտում չունեի այսօրվա կապերս: Երգը վերաթողարկվել է այս տարի, նկարահանել ենք նաեւ տեսահոլովակը, որի ռեժիսորն իմ մենեջերն է` Ալեքս Կոդոն: “Բաց վերքեր”-ը նպատակ ունի Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնել հատկապես այլազգի երիտասարդության շրջանում:



Տեսահոլովակը տեղադրվել է հայտնի Hip Hop կայքերում: Պրեմիերան եղել է MTV-ի ղեկավարներից մեկի կայքում, իսկ Քիմ Քարդաշյանի պաշտոնական էջը տարածել է այն իր 100 հազարավոր երկրպագուների շրջանում: Երգը հնչել է նաեւ Էմինեմի հիմնադրած Shade45 ռադիոկայանի “The Wake Up Show”-ի շրջանակում: Նրանք ինձ հարցազրույցի հրավիրեցին, ես էլ այդ չափազանց մեծ ոչ հայկական լսարանին ներկայացրի, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, թե ինչ են պահանջում հայերը:

-Հաջորդ քայլը համապատասխան գրությամբ շապիկների թողարկո՞ւմն էր:


-Երբ երգն արդեն մասսայականություն էր վայելում, որոշեցինք  “Open Wounds” շապիկների արտադրություն սկսել: Այո, հայկական բոլոր կազմակերպություններն  ամեն տարի ապրիլին  պատրաստում են այդպիսի շապիկներ, բայց դրանք այնքան էլ նորաձեւ չեն, որպեսզի մարդիկ ցանկացած առիթի դեպքում կրեն: Կապվեցինք Նարեկ Չուխուրյանի հետ՝  “Extra Good” հագուստի ձեւավորման ընկերությունից, որտեղ էլ  զբաղվեցին շապիկների դիզայնով: Դրանց վրա գրված  է “Our Wounds Are Still Open 1915”/ “Մեր վերքերը դեռ բաց են 1915”/: Այնքան հաջող են ստացվել, որ մարդիկ ցանկանում են հագնել եւ հարցնում են դրանց վրայի գրության նշանակությունը: Սա եւս մեկ առիթ է պատմելու բոլորին Հայոց ցեղասպանության մասին:

The Game-ը


Շապիկները տարածվեցին ողջ աշխարհում: Կար մի պահ, երբ չէինք հասցնում արտադրել, քանի որ պատվերները չափազանց շատ էին: Հայտնի մի շարք դեմքեր եւս ձեռք բերեցին դրանք ու համապատասխան լուսանկարներ տեղադրեցին սոցցանցերի իրենց էջերում, որ աշխարհը տեսնի: Նրանցից մեկն էլ հայտնի ռեփեր The Game-ն է, ով այս շապիկով իր լուսանկարը տեղադրեց “Instagram”-ում եւ “Twitter”-ում: Ապրիլի 24-ից հետո էլ ակցիան շարունակվում է: Ամբողջ տարվա ընթացքում մենք իրականացնելու ենք ծրագիրը, իսկ ամեն ամսվա 24-ին նոր որեւէ գաղափարով հանդես կգանք:

-Խոսեցիր  հանրահայտ The Game-ի հետ համագործակցությունից: Առաջիկայում պլաններ կա՞ն միասին նոր երգեր ձայնագրել:

-2012-ի վերջին ես եւ The Game-ը հանդես եկանք “Lost Angels” երգով: Այն հասանելի է iTunes-ում, պաշտոնական տեսահոլովակն էլ կա YouTube-ում:



The Game-ի հետ լավ հարաբերություններ ունեմ, ուստի, ով գիտի, գուցե ապագայում համագործակցության նոր շատ հնարավորություններ ստեղծվեն: Ջո Բադենի հետ եւս երգ եմ թողարկել, կոչվում է “Talkin To You”:



Այս պահին այլ մի շարք պայմանավորվածություններ կան, բայց դրանց մասին կխոսեմ ավելի ուշ:
 
- R-Mean, այս պահին աշխատում ես քո նոր` “7 մահացու մեղքեր”  ալբոմի վրա: Ստեղծագործական ընթացքից խոսիր:

-Սա երբեւէ իմ արած լավագույն աշխատանքն է լինելու: Ալբոմում ընդգրկված առաջին երգը կոչվում է “Father In Heaven”, որտեղ ես խոսում եմ Աստծո հետ իմ կյանքում ու կարիերայում վերելքների ու վայրէջքների մասին: Հետո գալիս են 7 մեղքերը` բղջախոհությունը, որկրամոլությունը, հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին երգում: Այս շարքին հաջորդում է “Nothing Left to Lose”-ը, իսկ ալբոմը եզրափակում է “Save Me” երգը, որը խորհրդանշում է մեղքերի թողությունը: Ալբոմը գրեթե պատրաստ է, բայց մինչ թողարկելը մտադիր եմ երգերի ու տեսահոլովակների մի փունջ ներկայացնել իմ երկրպագուներին: Մայիսի վերջին կկայանա հայտնի “battle” ռեփեր Dizaster-ի հետ “Stone Cold Killa” երգի պրեմիերան: Այնպես որ, ես շատ նորություններ ունեմ:
 
-Շփվո՞ւմ ես հայ հայտնի այլ ռեփերների հետ:

-Իմ նպատակն է մտնել ոչ հայկական երաժշտական արդյունաբերություն, բայց այո, ես գիտեմ նրանցից շատերին: Մենք բոլորս Լոս Անջելեսում ենք բնակվում, հետեւաբար մեր ճանապարհները խաչվում են: Erevanski-ի տղաների հետ եմ շատ մտերիմ… Miks-ն իմ նոր ալբոմի երգերից մեկի հեղինակն է: Արդեն 10 տարի է, ինչ գիտեմ  Սուպեր Սաքոյին:
 
-Դժվար մանկություն ես ունեցել. տարբեր երկրներում ես մեծացել: Ի՞նչ ես հիշում այդ տարիներից: 


-Կարծում եմ, բազմաթիվ մշակույթների թողած ազդեցությունն է ինձ դարձրել շրջապատը, կյանքի արժեքները լավ հասկացող անհատ: Լոս Անջելեսում եմ ծնվել, հետ տեղափոխվել եմ Հոլանդիա, որտեղ հորս ընտանիքն էր ապրում: Ծնողներս մեծացել են Իրանում, բայց Իսլամական հեղափոխությունից հետո շատերի պես հեռացել երկրից: Հորս ընտանիքը բնակություն է հաստատել Եվրոպայում, մորս ընտանիքը` Լոս Անջելեսում: Երբ մեկ տարեկան էի, հայրս մահացավ երիկամի փոխպատվաստման ժամանակ բժիշկների թույլ տված սխալի պատճառով. սխալ հաշվարկ էին կատարել ու չափազանց մեծ չափաբաժնով դեղ տվել նրան… Նա մահացավ սրտի հանկարծակի կանգից: Դրանից մեկ օր առաջ պետք է հիվանդանոցից դուրս գրվեր ու տուն գար: Ես ու եղբայրս մնացինք մորս հետ: Եղբայրս երեք տարեկան էր: Մայրս երկրորդ անգամ չամուսնացավ, որոշեց, որ պետք է բնակվենք Հոլանդիայում, չնայած, որ նրա բոլոր հարազատները Լոս Անջելեսում էին: Երեւի ցանկանում էր մոտ լինել հորս… Բայց ես ու եղբայրս ցանկանում էինք տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Երբ մեծացանք, քոլեջ ընդունվեցինք, ես էլ օգտագործեցի այդ հնարավորությունը, որ գամ Լոս Անջելես ու երաժշտությամբ զբաղվեմ:

R-Mean-ը


-Ի՞նչ է քո իրական անունը: 

-Արմին է, Արմեն չէ(ծիծաղում է-հեղ.): R-Mean մականունը սկսեցի օգտագործել, երբ դեռ այս ասպարեզում չէի: R-Mean=Արմին: Այդքան բան:

-Ռեփերները սիրում են “գժություններ” անել: Ո ՞րն է ամենախենթ արարքը, որին առնչվել ես կարիերայիդ ընթացքում:

-Մարդիկ իմ անունով կամ իմ երգի բառերով դաջվածքներ են անում: Դա իսկապես գժական է: Կամ էլ այն նամակները, որոնք ստանում եմ. մարդիկ պատմում են, թե ինչպես է իմ այս կամ այն երգը նպաստել, որպեսզի հաղթահարեն իրենց համար դժվար ժամանակահատվածը: Չես պատկերացնի, թե դա ինչ զգացում է: Ի դեպ, կին երկրպագուները եւս երբեմն գժական են լինում (ծիծաղում է-հեղ.). անգամ ֆոտոշոփով կտրում են իրենց նկարը, միացնում իմ նկարին, թե իբր ինձ համբուրում են: Հիշում եմ, մի անգամ  “Halloween”-ին մի աղջիկ իմ կերպարով էր հավաքույթին ներկայացել: Այո, հենց աղջիկ (ծիծաղում է-հեղ.): Ու երբ այդ աղջիկն ակումբում մոտեցավ ու ասաց, որ գժվում է ինձ համար, մեկ այլ աղջիկ հետեւեց նրան ու ասաց նույն բանը: Հաջորդ ակնթարթին արդեն նրանք իրար էին ծեծում ու քաշում իրար մազերը: Այնքան պատահական ու արագ ստացվեց այդ ամենը, որ ես չգիտեի ինչ անել (ծիծաղում է-հեղ.):

-Եթե քեզ համար աղջիկներն իրար են ծեծում, ապա դու հաստատ տարբերվում ես մյուս ռեփերներից: Հետաքրքիր է` ինչո՞վ:


-Ես ունեմ գիտական կոչում, գումարած դրան` հայ եմ: Միթե դա բավական չէ(ժպտում է-հեղ.):

R-Mean-ը


-Երաժշտությունը թո՞ւյլ տալիս է, որ իրենից բացի, ոգեշնչման այլ աղբյուրներ գտնես:

-Չէ, իսկապես չէ: Երաժշտությունն ամեն ինչ է: Ես միայն դրա մասին եմ մտածում: Միակ բանն է, որն ինձ համար կարեւոր է ընտանիքիցս ու ընկերներիցս բացի: Ես ապրում ու շնչում եմ երաժշտությամբ:
 
-Ազատ ժամանակ էլ չունե՞ս, որի ընթացքում կկարողանաս լիցքաթափվել:

-Երբ հնարավորություն է ստեղծվում, սիրում եմ ֆիլմեր ու հեռուստատեսային շոուներ դիտել: Օրինակ, “Sons Of Anarchy”-ն կամ  “Breaking Bad”-ը: Կամ էլ հանդիպում եմ մտերիմներիս: Ընտանիքիս հետ եմ լինում, զարմիկիս ու զարմուհուս հետ ժամանակ անցկացնում: Չեմ սիրում տնից դուրս գալ, եթե դա կապված չէ երաժշտության հետ:

R-Mean-ը


-Որտե՞ղ եւ ե՞րբ է քո հաջորդ համերգը:

-Բոստոնում եմ համերգ տվել մայիսի 18-ին, իսկ մայիսի 19-ին` Նյու Յորքում: Հունիսի 2-ին էլ Լոս Անջելեսի “The Viper Room”-ում կկայանա իմ շոուն:

-Ինչպիսի՞ մարդ է  R-Mean-ը:

-Ինձ աշխատասեր եմ համարում: Մրցունակ եմ ու չափից ավելի կապված երաժշտությանը, հատկապես  Hip Hop-ին: Հորոսկոպով երկվորյակ եմ եւ ունեմ երկու ես: Մեկը շփվող ու լավ զրուցակից  R-Mean-ն է, մյուսը, որն ավելի հոգեհարազատ է ինձ, ավելի հանգիստ է ու ինքնամփոփ: Ես համեստ մարդ եմ ու շնորհակալ այն ամենի համար, ինչի հասել եմ: Կարեւոր է նաեւ, որ ես ազատվում եմ ինձ շրջապատող բացասական ամեն ինչից: Հավատում եմ, որ դրական լիցքերը կարող են ինձ օգնել հասնել այն ամենին, ինչին ձգտում եմ այս կյանքում: Ես հավատում եմ Աստծուն:

-Սկզբում որոշել էիր բժիշկ դառնալ, հետո միտքդ փոխեցիր: Ինչո՞վ են իրար նման բժշկի ու հիփ հոփ երգչի մասնագիտությունները:

-Բժշկական քոլեջ եմ հաճախել: Դպրոցում ինձ գիտությունն էր հետաքրքրում: Այն աշակերտներից էի, ովքեր իրականում շատ ջանք չեն թափում սովորելու վրա, բայց արդյունքում շատ լավ են սովորում: Դասերից շատ էի փախչում, բայց դա ինձ եւս չէր խանգարում լավ սովորել: Որոշեցի բժիշկ դառնալ, չնայած` դա երբեք էլ չի եղել իմ կյանքի նպատակը կամ երազանքը: Իմ միակ նպատակը եղել է երաժշտությունը: Եվ երբ ավարտեցի Քալիֆորնիայի համալսարանը բակալավրի դիպլոմով, հասկացա` եթե շարունակեմ բժշկական ուղղությամբ, ապա այլեւս ժամանակ չեմ ունենա երաժշտությամբ զբաղվելու համար, իսկ ես դա չէի ցանկանում: Դրա համար ուղղակի դեղագործական դպրոց ավարտեցի: Իրականում ոչ մի նմանություն չունեն այս երկու մասնագիտությունը: Ամեն անգամ, երբ երաժշտական ոլորտի մարդիկ իմանում են, որ դեղագործ եմ, շոկի մեջ են ընկնում: Իսկ երբ դեղագործներն են իմանում, որ ռեփեր եմ, նրանք էլ են շոկի մեջ ընկնում (ծիծաղում է-հեղ.): Սրանք երկու տարբեր աշխարհ են, ու ես ապրում եմ երկուսի մեջ էլ. չէ որ աստղագուշակով երկվորյակ եմ:

R-Mean-ը


-Խոսենք քո ձայնագրման ստուդիայից:

-Սոլո արտիստ եմ, “Pentagon Records”-ն էլ խումբ չէ, բայց ընտանիք է ու շարժում: Սեփականատերը ես եմ ու իմ մենեջեր Ալեքս Կոդոն: Բայց հիմնադիրն իմ առաջին պրոդյուսեր Blind-ն է, որի օգնությամբ սկսեցի իմ առաջին քայլերն այս ասպարեզում: Մի անգամ հրաձգության ժամանակ նա կրակոցներ է ստացել դեմքին, կրծքավանդակին ու մեջքին եւ կորցնելով տեսողությունը`ձեռք է բերել Blind /Կույր/ մականունը: Այդ դեպքից հետո սկսել է երաժշտություն գրել: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, նա բացատրեց  “Pentagon”-ի գաղափարը: Այսպիսով, Պենտագոնը` ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը, այն վայրն է, որտեղ ռազմական պլաններն են մշակվում: Մեր Պենտագոնը այն վայրն է, որտեղ մենք ենք դուրս գալիս պատերազմի մեր ոգով: Պենտագոնի  հրեշտակները խորհրդանշում են աշխարհի չորս կողմերը` Արեւելք, Արեւմուտք, Հյուսիս, Հարավ, իսկ հինգերորդ հրեշտակն Աստվածն է, ով ուղեկցում է մեզ: Մեր հանդիպման հենց առաջին օրվանից ես եւ  Blind-ը համագործակցել ենք: Նա նաեւ “Open Wounds”-ի ու մի շարք այլ երգերի պրոդյուսերն է:

-R-Mean, վաղուց Հայաստանում չես եղել: Այցելելու պլաններ կա՞ն:

-Մեկ անգամ եմ այցելել Հայաստան` մոտ տասը տարի առաջ: Շատ էի տպավորված: Անհամբեր սպասում եմ, թե երբ կարող եմ նորից գալ ու տեսնել, թե ինչ փոփոխություններ են եղել այս ընթացքում: 

-Հայաստանում զարգանում է ռեփ երաժշտությունը: Համաձա՞յն ես այս մտքի հետ:

-Այնքանով, ինչքանով ես եմ տեղյակ, այդպես է: Ու դա հիանալի է: Hip Hop-ը դարձել է ունիվերսալ երաժշտություն ամբողջ աշխարհում, ու յուրաքանչյուր երկիր այս երաժշտական ոճում իր սեփական ենթամշակույթն ունի: Չէ որ ռեփերներն իրենց սեփական լեզվով ներկայացնում են իրենց կյանքն ու կենցաղը: Հայկական Hip Hop-ի պարագայում էլ է այդպես:

R-Mean-ը


-Քո խոսքը հայ երկրպագուներիդ:    


-Շատ եմ սիրում բոլորիդ: Կցանկանայի մոտ ապագայում ելույթ ունենալ իմ սիրելի հայրենիքում: Ինչպես իմ ընկեր բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն է ասում` “Միասին դեպի բարձունք”: Հետեւեք ինձ Twitter-ում եւ Instagram-ում` @rmean, ինչպես նաեւ  Facebook-ում` facebook.com/rmean:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/BRAVO.am/
Լուսանկարները` R-Mean-ի անձնական արխիվից







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW