Rippi-ն շուրջ հինգ ամիս է` տարվել է ձիասպորտով: BRAVO.am-ը երգչուհուն լուսանկարել է նրա համար հարազատ դարձած “Արա եւ Այծեմնիկ” ձիասպորտի ակումբում: Այդ օրը նա ձիարշավարան ավելի վաղ էր գնացել, մաքրել էր իր սիրելի ձիերից մեկին` 11 տարեկան մոխրագույն Խարիսխին, որը սերում է անգլո-թերեքական տոհմից: Մինչ լուսանկարվելը Rippi-ն մեզ ծանոթացրեց ձիարշավարանի բնակիչների հետ, ի դեպ, նա բոլոր ձիերին դիմում էր անուններով եւ գիտեր նրանց նախասիրությունների մասին: Նրա խոսքով` երբ այս տարվա հուլիսին առաջին անգամ ձիարշավարան գնաց, չէր պատկերացնում, որ ձիերի հետ շփումն այնքան դուր կգա, որ ավելի հաճախ կայցելի ու կորոշի հետագայում մրցումների մասնակցել:
Rippi-ն
Rippi-ն նախ կերակրեց ձիուն, այնուհետեւ սպորտային հագուստով ձիավարեց, իսկ վերջում անգլիական ոճով ազնվական կնոջ կերպարում կանաչ զգեստով փոքրամարմին երգչուհին Խարիսխին համոզում էր իր հետ լուսանկարվել ու օբյեկտիվի առջեւ դիրքեր ընդունել:):
Խարիսխին իր հանգիստ ու բարի բնավորություն համար շատ եմ սիրում եւ ավելի շատ եմ կերակրում, քան` մյուս ձիերին, բայց ժակլինն էլ շատ սիրուն նժույգ է, նրան նույնպես սիրում եմ: Ձիերը մարդկանց նման խառնվածքով իրարից շատ տարբեր են. երիտասարդ ձիերը, սովորաբար, ավելի ակտիվ ու կամակոր են, որովհետեւ սիրում են խաղալ, բայց այդ խաղը մարդու կյանքի համար կարող է վտանգավոր լինել: Օրինակ` Խարիսխը չի սիրում, երբ իր պոչին ձեռք են տալիս, սկսում է “տռճիկ տալ”, հնարավոր է` քեզ ցած գցի կամ վնասի: Պատկերացրեք` բոլոր ձիերի հետ լավ հարաբերություններ ունեմ, դեռ ոչ մի անգամ ինձ չեն գցել:
Rippi-ն
Ձիերի խնամքի, բնավորություն, տեսակների մասին ոչինչ չգիտեի, բայց հետաքրքրվելով արքայական սպորտաձեւով, սկսեցի տեսանյութեր դիտել ու մասնագետների կարծիքները լսել: Մարզիչներիս` ձիասպորտի վարպետներ Գառնիկ Մարգարյանին ու Վասիլ Մարտիրոսյանին, անընդհատ հարցեր եմ տալիս, մանավանդ, երբ առաջին անգամ պետք է որեւէ ձիու վրա նստեմ, նախապես հարցնում եմ նրա բնավորության մասին: Մարզիչներս սկզբից էլ ասացին, որ ռիսկով եմ, այնքան ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում կարողացա ձիավարել սովորել: Մասնակցում եմ կերակրման, ջուր տալու, խնամելու ընթացքին, իսկապես հաճույք եմ ստանում:
Երբ ձիարշավարանում չեմ, մտովի այնտեղ եմ, ազատ ժամանակ գտնելու դեպքում շաբաթվա ցանկացած օր գալիս եմ կենդանիներին տեսնելու: Երբեմն իրենց այնքան ծիծաղելի են պահում. երբ մեկին կերակրում ես, մյուսները տեսնում են ու ցույց տալիս, որ խանդում են, երբեմն էլ տրամադրություն չեն ունենում, իսկ այդ ժամանակ շատ դժվար է թամբելը:
Rippi-ն
Ինչպես տղամարդիկ ու կանայք, այնպես էլ արու եւ էգ ձիերը միմյանցից տարբեր են: Աղջիկներին ավելի հեշտ է վարժեցնել արու ձիերին, երբեմն պատահում է, որ հովատակը սիրահարվում է իր տիրուհուն, ավելի հեշտ է ենթարկվում, վայր չի գցում, օգնում է, որ մրցումներին հաղթի: Բայց եթե համեմատենք տղամարդկանց ու ձիերին, ինձ համար տղամարդկանց հետ ավելի հեշտ է լեզու գտնել ու համոզել, քան` ձիերին:): Ինչքանով ես եմ հասցրել ճանաչել, ձիերն ավելի կամակոր են:
Rippi-ն
Ձիարշավարանում առաջին այցելությունից ինձ այնքան լավ ընդունեցին, որպես իրենց մարզիկի սրտացավորեն են վերաբերվում, շատ են խրախուսում, անգամ գումար չեն վերցնում: Շատ կցանկանայի իմ սեփական ձին ունենալ, բայց չեմ ծրագրում Հայաստանում մնալ: Քուռակ նվիրելու առաջարկ են արել, չեմ ուզում ընդունել, որ հետո դժվարությամբ չբաժանվեմ: Բացի այդ, նժույգ ունենալը մեծ ջանքեր, ժամանակ ու գումար է պահանջում:
Rippi-ն
Ձիասպորտին զուգահեռ աշխատում եմ նոր երգերիս ձայնագրման վրա: 2014-ին կներակայացնեմ նոր տեսահոլովակներ, անգլալեզու երգերիցս մեկը, որը փոփ-ռոք ոճում է, գործիքավորել է “Apricota”-ն, խոսքերի հեղինակն A. Chilla-ն է: Տեսահոլովակը պետք է ուղարկենք Միացյալ Նահանգներ. մեծ հույս ունեմ, որ ինձ կհաջողվի իմ առաջին քայլերն անել ամերիկյան շոու-բիզնեսում, վստահ եմ, որ կարող եմ, միշտ հավատացել եմ իմ հաջողություններին, այս դեպքում ժամանակի խնդիր է:
Կարողացա հաստատվել այս ասպարեզում, բայց իմ համարձակ կերպարը պրոդյուսերի կողմից մտածված չի եղել, ուղղակի ուզում էի զբաղվել սիրելի գործով, երգել R'n'B ոճում` գիտակցելով, որ Հայաստանում իմ կատարած երգերը չեն կարող մեծ պահանջարկ ունենալ: Չէի սպասում, որ բեմական հագուկապս կարող է այդքան քննարկվել, անկեղծորեն զարմացել էի ու նաեւ ուրախացել նման քննարկումներից ու քննադատություններից: Այս ամենից հետո իմ որոշումներն ավելի կայուն են, բնավորությամբ ավելի ուժեղ եմ, քան` նախկինում: Ե՛ւ բեմը, ե՛ւ ձիասպորտն ինձ հաճույք են պարգեւում, երեւի առանց երկուսի էլ այլեւս չեմ կարող:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: