×


Անդրե Սիմոնյանը

The Beautified Project-ի հրաժեշտի տեսահոլովակը. խումբը դադարեցնում է գործունեությունը

«The Beautified Project» ռոք-խումբն օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝«One More Day» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է 12 երկրում շրջագայությունների ժամանակ՝  2013-2016 թվականներին: Սրան զուգահեռ՝ հայտարարվեց նաեւ, որ Անդրեն, Արմենը եւ Առլենը որոշել են բարեկամաբար դադարեցնել իրենց գործունեությունը եռյակի կազմում: «Հոլովակի թողարկումից հետո «The Beautified Project»-ը կշարունակի գործել որպես իմ անհատական նախագիծ այնպես, ինչպես կար մինչեւ Արմենի եւ Առլենի միանալը»,- նշել էր բենդի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է նոր տեսահոլովակի հետաքրքիր մանրամասների շուրջ, ինչպես նաեւ պարզել, թե ինչով է պայմանավորված խմբի գործունեության այս դադարը:

«One More Day». հրաժեշտի տեսահոլովակը` խաղաղության կոչով

2013 թվականին որոշեցինք եվրոպական տուրեր սկսել եւ այդ ընթացքում հրավերներ ստացանք Ռուսաստանից, Հոլանդիայից եւ այլ երկրներից: Այդ ժամանակ որոշեցինք իմ գրած շատ հին երգերից մեկը ձայնագրել եւ 2-3 տարվա մեր շրջագայությունների ընթացքում կատարել: Այսինքն` նպատակը վավերագրական հոլովակ նկարահանելը չէր, այլ հենց այդ երգը կատարել տարբեր երկրներում, որպեսզի ստացվեր իսկական տեսահոլովակ, ոչ թե պարզապես հավաքած կադրեր տարբեր տեղերից: Ու այդպիսով որոշեցինք, որ «One More Day»-ը  եզրափակիչ, հրաժեշտի տեսահոլովակը կլինի՝ խաղաղության կոչով:



Տեսահոլովակում ներկայացված են երկրներ, որոնք միմյանց հետ խնդիրներ ունեն, Հայաստանի հետ ունեն խնդիրներ, եւ մենք ուզում էինք ասել, որ երաժշտության լեզուն համաշխարհային է: Քանի որ Թուրքիայում շատ հաջող համերգ էինք ունեցել, որին ներկա էին հայեր, թուրքեր, քրդեր, ովքեր կողք կողքի նստած վայելում էին մեր երաժշտությունը, մենք չէինք ուզում ասել՝ դա Թուրքիան է, նրանց չենք ներգրավի: Հետեւաբար՝ Թուրքիայից կադրեր եւս կան տեսահոլովակում: Սա խաղաղության քարոզ է երաժշտության միջոցով, մի բան, որ բոլոր այդ երկրներում սիրվել է եւ ընդունվել:

Նկարահանման զվարճալի պահերը

Տեսահոլովակը նկարահանել ենք ընկերներով. որպես օպերատորներ հանդես են եկել Արվին Քոչարյանը, Սիբիլը, Ալեքս Միրզոյանը, Մարիամ Գեւորգյանը եւ այլք: Իհարկե, ամբողջ նկարահանումների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր պահեր են եղել: Օրինակ՝ Արվինը բարձրություններ չի սիրում, իսկ ես ընդհանրապես չեմ վախենում բարձր տեղերից: Եվ երբ գնում էի ձորերի եզրին նստում, իր հորեղբորն էր խնդրում, որ ինձ նկարի, ասում էր՝ «Ես չեմ կարողանում նայել Անդրեին, երբ այդպես ծայրին է նստած»: Դա ամենահետաքրքիր նկարահանումն էր Մեծ կանիոնում, որն աշխարհի ամենախոր կիրճերից է:

Անդրե Սիմոնյանը` «One More Day» տեսահոլովակի նկարահանումներին


Նկարահանումների ժամանակ շատ էր պատահում, որ մարդիկ էին միանում մեզ, օրինակ` փողոցում կանգնում նվագում էինք, գալիս ասում էին՝ կարո՞ղ են մեզ հետ նկարվել: Հարցնում էինք՝ մեզ գիտե՞ն, ասում էին՝ չէ, բայց եթե տեսահոլովակ ենք նկարահանում, ուրեմն հայտնի մարդիկ ենք: Իհարկե, շատ զվարճալի էին անցնում նկարահանումները:):

Ինչո՞ւ որոշեցին դադարեցնել խմբի գործունեությունը

Գիտեք, պարզապես երեքիս անձնական եւ մասնագիտական կյանքն այնքան զբաղված է հիմա, որ վերջին երկու տարում «The Beautified Project»-ը` որպես բրենդ, սկսել էր տուժել: Ես զբաղված եմ մի նախագծով, որն ինձնից պահանջում է վեց ամիս լինել Անգլիայում: Արմենը, բացի կիթառի դասեր տալուց, նաեւ իր սոլո նախագիծն ունի, իսկ Առլենն իր ճարտարապետական ոլորտում է շատ հաջող առաջ գնում, նաեւ ընտանիք է կազմել, փոքր երեխա ունի: Եվ այնպիսի իրավիճակ էր, որ թեկուզ մեկ փորձ նշանակելը հսկա խնդիր էր դառնում` ո՞ր օրը, ե՞րբ, ինչպե՞ս: Մտածեցինք` ավելի լավ է չշարունակենք, որ լուրջ խնդիր չդառնա, մեծ վեճ չառաջացնի, թե ինչու չենք կարողանում կազմակերպել: Ավելի լավ է փոքրիկ դադար տալ:

««The Beautified Project» բրենդն իմն է, եւ ես այն շարունակելու եմ»

Ես սկսել եմ շատ մեծ հաճույք ստանալ տարբեր արտիստների հետ զուգերգեր կատարելուց, որովհետեւ շատ բան եմ սովորում ու որոշ չափով էլ ես եմ մի բան տալիս` մարքեթինգային հարցերով եմ զբաղվում, փորձում եմ նրանց ավելի մեծ ճանաչում բերել: Նախորդ 12 ամսվա ընթացքում Սիբիլի եւ «Նեմրա», «Ադանա» խմբերի հետ զուգերգեր թողարկեցի եւ ապագա վեց ամսում էլ երկու-երեքն ունենալու եմ: Հիմա տեսնենք` ապագան ինչպիսին կլինի: Կարող է` մեկուկես-երկու տարի հետո պարզվի` մեր առանձին նախագծերն այնքան հաջող են, որ ոմանք չուզենան վերադառնալ  եռյակի կազմ: Բայց քանի որ նախագիծը ես եմ սկսել եւ սկսելուց երկու տարի հետո, երբ արդեն ունեի առաջին ալբոմը, Արմենն ու Առլենը միացան ինձ, «The Beautified Project» բրենդն իմն է, եւ ես անպայման այն շարունակելու եմ: Այսինքն` «The Beautified Project»-ը չի ավարտվում: Բայց թե երբ կլինի նոր բան, չեմ կարող ասել:

«One More Day» տեսահոլովակի նկարահանումներին


Ու մի բան էլ. մենք մի երգ ունենք, կոչվում է «Իմ անձնական դառը ռեքվիեմ» (My Օwn Bitter Requiem), դրա հիման վրա ես ֆիլմի նման մի բան եմ նկարահանում արդեն երկու տարուց ավելի է: Նկարահանումներ եմ արել Գերմանիայում, Ֆրանսիայում, նաեւ Հոլիվուդում: Կարճամետրաժ ֆիլմի նման մի տեսահոլովակ է լինելու, կարծում եմ՝ կթողարկվի 2018-ի կեսերին:

Կրկին բեմ կբարձրանա՞ն միասին

Անկեղծ ասած` չեմ պատկերացնում, որ էլ երբեք մենք միասին բեմ չենք բարձրանա: Կարծում եմ՝ ապագայում կրկին համագործակցելու ենք: Իրականում, ապրիլին տեղի ունեցած մեր համերգի ժամանակ մենք գիտեինք, որ դա վերջինն է լինելու: Այդ օրը մենք ներկայացրինք 11 տարվա գործունեության ընթացքում հիթ դարձած բոլոր երգերը` մեր 4 ալբոմներից: Պարզապես այն ժամանակ չէինք ուզում դա PR քայլ դարձնել ու հայտարարել՝ վերջին համերգն է, որ ավելի շատ տոմսեր վաճառենք: Մենք շատ մոտ ընկերներ ենք ու կարծում եմ՝ ապագայում կրկին կհանդիպենք եռյակի կազմում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմենին եւ Առլենին` «The Beautified Project»-ում իրենց մեծ ներդրման համար: Նրանք օգնեցին հանրաճանաչ դարձնել նախագիծը, որը հիմնել էի Լոնդոնում` 2004-ին:

Հ.Գ.  Նախորդ 11 տարիներին «The Beautified Project» խումբը թողարկել է 4 ալբոմ եւ 25 տեսահոլովակ: Համերգներով հանդես են եկել բազմաթիվ երկրներում, ստացել են 2 ազգային, 2 միջազգային եւ մի քանի այլ մրցանակներ: Նրանց տեսահոլովակները հեռարձակվել են միջազգային հեռուստաալիքներով, ինչպիսիք են MTV-ն, BBC-ն եւ PMC-ն: Խմբի գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.thebeautified.com/ կայքէջ:

Զրուցեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ «The Beautified Project»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին