×


«Ամեն ինչի նորը, ընկերության` հինը». Հակոբի եւ Արմենի եղբայրություն դարձած ընկերությունը

BRAVO.am-ը սկսում է նոր խորագիր, որի շրջանակում ներկայացնում ենք հայտնի ընկերներին, ընկերուհիներին: Մեր ընթերցողների համար բացահայտելու ենք, թե ինչպես են նրանք ծանոթացել ու ինչ փուլերով է անցել նրանց մտերմությունը: Մեր խորագրի առաջին հյուրերը Հակոբն ու Արմենն են, որոնց բոլորն արդեն որպես եղբայրներ են ընկալում: Պատահական չէ, որ լուսանկարահանումը Մարզահամերգային համալիրի տարածքում արվեց: Երիտասարդ երգիչների երազանքը հենց այստեղ տարիներ հետո մենահամերգ ունենալն է: Նույնիսկ արդեն որոշել են, թե մուտքն ինչպիսին է լինելու:

«Ախպերս ու եսը»` ճակատագրական

Հակոբ. Վաղուց էինք ծանոթ, բայց մեր մտերմությունը սկսվել է «Հայաստանի ձայնը» նախագծից, որտեղ ես հաղորդավար էի, Արմենը` մասնակից: Բայց այնպես չէ, որ այդ ժամանակ ամբողջ օրը միասին ենք անցկացրել: Նախագծից հետո Արմենի հետ կապը շարունակվում էր. ես ակումբում հաղորդավար էի, Արմենն էլ երգում էր: Քառօրյա պատերազմի օրերին ես` որպես երաժշտական մասով խմբի ղեկավար, առաջարկեցի երգել միայն հայրենասիրական երգեր: Արմենն էլ առաջարկեց այդ շրջանում երգել «Ախպերս ու ես» երգը:

Արմենը եւ Հակոբը


Արմեն. Գործիքավորեցինք երգը, պահի թելադրանքով աշխատանքից տուն գնալիս առաջարկեցի մեքենայի մեջ երգել ու հեռախոսով նկարահանել: Հակոբը հետո դեմ էր, որ այդ տեսաձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրեմ: Ասում էր` այդքան էլ լավ չի ստացվել, կարող է ճիշտ չհասկանան: Բայց որոշեցինք տեղադրել իմ էջում՝ չմտածելով, որ այդքան կտարածվի: Արձագանքները շատ դրական էին ու ոգեւորող, բոլորը գրում էին, որ երկու եղբայր են երգում: Հենց այդ երգից հետո մարդիկ սկսեցին մեզ որպես եղբայրներ ընկալել:

Համոզելով:)

Հակոբ. Դրանից հետո եւս մի քանի երգ երգեցինք մեքենայի մեջ, մինչեւ մեզ համար գրվեց «Ախպերներով» երգը: Ես դեմ էի, որ այդ երգը երգենք, որովհետեւ ուզում էի միայն հայրենասիրական երգեր կատարել: Արմենն ասաց, որ տեսահոլովակ չենք նկարահանի, համացանցում չի լինի երգը, համաձայնեցի: Հետո որտեղ երգում էինք, մարդիկ մոտենում էին ու հարցնում, թե ինչպես կարող են լսել երգը: Որոշեցինք նույն կերպ` մեքենայի մեջ հեռախոսով նկարահանել տեսահոլովակը: Բայց ընկերս համոզեց, որ հոլովակ նկարահանենք: Դա մեր անցումն էր սոցիալական ցանցերից դեպի յութուբյան տարածք:

Արմեն. Մեր մտերմությունն ավելի ամրապնդվեց աշխատանքային մտերմությամբ: Գործնականը հիմա այնքան շատ է, որ այլ բաներով քիչ ենք զբաղվում. կամ միասին ինչ-որ հավաքույթներ ենք կազմակերպում, կամ լողավազան ենք գնում, նաեւ սպորտով ենք զբաղվում:

Արմենը եւ Հակոբը


Զվարճալի դեպքերն՝ անպակաս

Հակոբ. Միացյալ Նահանգներ պետք է մեկնեինք: Արմենը գալիս է մեր տուն, միշտ մեր տնից միասին ենք գնում: Տնից հենց դուրս եկա, մուտքի լամպը պայթեց, փշուր-փշուր եղավ: Բոլորս էլ մտածեցինք՝ վատ նշան է: Մտքումս ասացի, որ եթե ինչ-որ բան կա, Աստված թող էլի նշան ուղարկի: Օդանավակայանում անհանգիստ էինք, խոսում էինք, որ վատ նշան էր, ու հենց այդ պահին մեկը փռշտաց:

Արմեն. Դե, մեր հայկական սովորության համաձայն՝ մտածեցինք` էդքան էլ ճիշտ (ծիծաղում են,-հեղ.): Հիմա էլ Հակոբն էր ասում, որ սա ընդամենը զուգադիպություն է: Հետո մեզ լրիվ այլ տեղ նստեցրին: Դե, գուշակեք, թե որտեղ՝ փրկարարական դռան հատվածում: Բորտուղեկցորդուհին էլ մոտեցավ ու սկսեց բացատրել, որ մեր օգնությունը կարող է պետք գալ, ու տվեց բուկլետներ: Ամենածիծաղելին այն էր, որ Հակոբը սկսեց ուսումնասիրել այդ բուկլետները:

Հակոբ. Հասանք Մոսկվա, ու եկավ այն պահը, երբ պիտի նստենք երկրորդ ինքնաթիռը: Ասացին՝ վթար է տեղի ունեցել, թռիչքը հետաձգվում է: Եղան փաստորեն այն նշանները, որոնց մասին մտածում էի: Արդեն ուրիշ տոմսեր էի փնտրում: Նույնիսկ տնեցիների հետ խոսեցինք: Հետո դեպի ինքնաթիռ տեղափոխող ավտոբուսը երկու անգամ ավելի երկար գնաց: Արմենը կատակում էր, որ քիչ է մնում Աստված իջնի, ասի՝ մի գնացեք, չէ՞ որ այսքան նշաններ է ուղարկում: Ամեն դեպում լավ հասանք տեղ: Բայց մինչեւ հասանք…

Հակոբն ու Արմենը


Արմեն. Ախր, այդքանով չսահմանափակվեց այդ ուղեւորությունը: Մինչեւ ԱՄՆ հասնելը երկրորդ ինքնաթիռի մեջ Հակոբի դիմաց մի մուսուլման կին էր նստած: Ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չէր ասել, քարացած նստած էր: Հակոբը տեղից վեր կացավ, որ վերցնի ճամպրուկն, ու պատահմամբ այն ընկավ այդ կնոջ գլխին: Նրա արձագանքը շատ ծիծաղելի էր, անընդհատ «Ալլահ» էր ասում: Հակոբի հետ միշտ արկածներ կան:

Չի խանգարում

Արմեն. Ինստագրամի էջն ընդհանուր դարձրինք, որովհետեւ նման էջեր էին բացվել, որոնք մեզնից շատ հետեւորդներ ունեին: Այս մթնոլորտում մեր էջերը կորում էին: Որոշեցինք բացել մեր պաշտոնական ընդհանուր էջը, որ մեր լսարանն այդտեղ կենտրոնանա:

Հակոբ. Հաճախ է լինում, երբ մեզ նույնացնում են. ինձ Արմեն են ասում, Արմենին` Հակոբ: Բայց դա մեզ ընդհանրապես չի խանգարում: Եղել է նաեւ, որ մարդկանց հետ ծանոթանալիս ես որպես Արմեն ներկայանամ:):

Հակոբ Հակոբյանը


Վեճերը` «ոչ» -ից

Արմեն. Վեճեր, իհարկե, լինում են ու հիմնականում իմ պատճառով: Ես մի բնավորություն ունեմ` ինձ ինչ ասում են, կապ չունի, թե ինչ, առաջինը ոչ եմ ասում:

Հակոբ. Նկարահանումների էլ, լինում է, հրավիրում են, Արմենն ասում է` ոչ: Իհարկե, լինում են նաեւ պատճառաբանված «ոչ»-եր, որոնք արդարացված են:

Ընկերությունը սկսվում է…

Արմեն. Ինձ համար ընկերությունը սկսվում է սրտացավությունից, երբ դու գիտես` ամեն հարցում կողքիդ հենարան ունես: Ընկերությունն ընտանիքի նման մի բան է:

Հակոբ. Ինձ համար նույնպես ընկերությունը սրտացավությունից է սկսվում: Այսօր այնքան դժվար է իրական ընկեր գտնելը, իսկ ես ընկերներ շատ-շատ եմ ունեցել: Մանավանդ նույն գործում գրեթե միշտ ի հայտ է գալիս նախանձը, մրցակցությունը: Իմ ու Արմենի դեպքում դա չկա: Իմ հաջողությունը նրանն է, նրանն` իմը: Մենք իրարով ենք ուրախանում:

Արմեն Հովհաննիսյանը


Արմեն. Այո, մենք նախանձ չունենք: Եթե ինչ-որ բան ես եմ կարողանում ավելի լավ անել, ես եմ անում, եթե՝ Հակոբը, ուրեմն՝ ինքն է անում: Մենք արդեն վաղուց հատել ենք ընկերության սահմանագիծը՝ եղբայրներ ենք:

Հակոբ. Արմենը չափից դուրս բարի է, ավելորդ բարություն կա իր մեջ: Շատ համեստ է: Արմենի լավ հատկանիշները չափից դուրս են:
Արմեն. Հակոբը շատ նպատակասլաց է: Եթե ինչ-որ բան ինձ դուր չգա, կարող եմ ասել՝ ոչինչ, թող մնա: Բայց Հակոբն ինչ-որ բան չհավանելու դեպքում թեկուզ վերջին պահին փոփոխություններ կարող է անել:Նաեւ շատ կամեցող է ու բարի:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport