×


«Այլ կերպ չի ստացվում». Արմինե Նազարի-Դեխնավին` անկեղծ ֆոտոշարքի եւ աշխատանք փնտրելու մասին

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Արմինե Նազարի-Դեխնավին եւ լուսանկարիչ Արվին Քոչարյանը նոր համագործակցություն ունեն, որն այս անգամ «Միստիկուս» նախագծի շրջանակից դուրս է: «Ամսագրի աղջիկը»՝ այսպես կարելի է բնորոշել դերասանուհուն նոր ֆոտոշարքում, որն աչքի է ընկնում գեղեցիկ ու անկեղծ կերպարներով՝ համեմված նորաձեւության շնչով: Արմինեն իր նոր լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին, պատմել` ինչ առիթով է ֆոտոշարքն արվել, եւ թե ինչպես են ընթացել նկարահանումները: Նրանից նաեւ պարզել ենք` ինչ աշխատանք է փնտրում թատրոնի զբաղվածությանը զուգահեռ:


Դերասանուհին ասաց, որ ֆոտոշարքը մոտ երեք շաբաթ առաջ է արվել, թեեւ ինքն ու Արվինն այդպիսի միտք վաղուց են ունեցել.«Անընդհատ որոշում էինք հանդիպել, բայց չէր ստացվում: Մի օր վերջապես հավաքվեցինք, եւ ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նկարահանումը երեւի երկու ժամ էլ չի տեւել. շատ արագ հասկանում էինք միմյանց: Դա հավանաբար նրանից է, որ շատ ենք աշխատել «Միստիկուս»-ի շրջանակում: Բացի այդ, գրեթե միշտ Արվինի մոտ եմ գնում լուսանկարվելու, երբ ցանկանում եմ հետաքրքիր ու յուրօրինակ ֆոտոշարք ունենալ: Մեզ օգնեց նաեւ Հասմիկը Մայիլյանը, ով առաջին հերթին ֆանտաստիկ մարդ է, հետո էլ՝ շատ լավ դիմահարդար»:

Արմինե Նազարի-Դեխնավին



Իհարկե, չէինք կարող չնկատել, որ դերասանուհու նոր լուսանկարները փոքր-ինչ անկեղծ են ստացվել, ինչպես նրա նախորդ ֆոտոշարքերը: Արմինե Նազարի-Դեխնավին էլ կեսկատակ նշեց, որ դա իրենից անպակաս է.«Այլ կերպ չի ստացվում երեւի (ժպտում է,- հեղ.): Ցանկանում էինք «Vogue» ամսագրի ոճով լուսանկարներ ստանալ, ու երեւի ստացվել է»: Նա նաեւ նշեց, որ նույն օրը մի քանի լուսանկար էլ «Միստիկուս» նախագծի համար են արել, սակայն այդ ֆոտոշարքը հրապարակել առայժմ չեն կարող:

Նրանք, ովքեր հետաքրքրվում են Կամերային թատրոնի գործունեությամբ, կիմանան, որ Արմինե Նազարի-Դեխնավին թեեւ թատրոնի հնաբնակներից չէ, բայց հասցրել է ներգրավված լինել հայտնի ու սիրված գրեթե բոլոր ներկայացումներում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Սեւ արկղ», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Կաբարե ռեստարտ» եւ այլն: Չնայած թատրոնում իր այս զբաղվածությանը՝ Արմինեն գործընկերուհու՝ նույն թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանի հետ նոր աշխատանք է փնտրում՝ մասնագիտական գործունեությանը զուգահեռ: Այս մասին վերջերս Վիկտորյան էր հայտնել իր ֆեյսբուքյան էջում: Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, եւ որ ոլորտում են ցանկանում նոր գործ գտնել:

Արմինե Նազարի-Դեխնավին



Արմինեն ասաց, որ հստակ չի կարող նշել, թե կոնկրետ ինչ աշխատանք կցանկանան կատարել: Նկատեց՝ յուրաքանչյուր գործ գործ է, ու իրենք մեծ հաճույքով կկատարեն. «Ցանկանում ենք այնպիսի աշխատանք գտնել, որը հնարավոր կլինի թատրոնի հետ համատեղել, քանի որ ոչ մի դեպքում չենք կարող չշարունակել մեր մասնակգիտական ակտիվ գործունեությունը: Պարզապես ֆինանսական տեսանկյունից հարմարվելու խնդիր կա այժմ: Ինչ-որ մեծամտություն կամ հպարտություն չկա, որ եթե դերասանուհի ենք, ուրեմն ուրիշ գործ չենք կարող անել: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ միայն թատրոնի աշխատանքով կարողանայինք զբաղվել, մեր ամբողջ ուժերը կենտրոնացնեինք այստեղ: Բայց քանի որ ուրիշ խնդիրներ են ի հայտ գալիս, այդ ժամանակ սկսում ես մտածել համատեղելու մասին: Կարեւորը՝ իմանաս, որ օրվա մեջ գոնե երկու-երեք ժամ զբաղվում ես քո սիրելի մասնագիտությամբ»:


Նա նաեւ հավելեց, որ թատրոնում այլ նորություններ էլ են սպասվում իր մասնակցությամբ, սակայն այդ մասին առայժմ չշտապեց խոսել: Ասաց՝ երբ ամեն ինչ վերջնական հստակեցված կլինի, կկիսվի նաեւ այդ նորություններով:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport