×


«Գործագործ». Ինչպե՞ս գտնել ոճը, գրագետ համադրել հագուստն ու գումար խնայել գնումների ժամանակ

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք ոճաբան, շոփփինգ-խորհրդատու Գայանե Գեւորգյանի հետ:



- Ե՞րբ են դիմում ոճաբանի օգնությանը:
- Կան մարդիկ, ովքեր առօրյայում կարողանում են գրագետ համադրել հագուստը, նորաոճ են երեւում, բայց պետք է լինում շատ կարեւոր միջոցառման մասնակցել, ու չեն կարողանում երեկոյան զգեստ ընտրել: Լինում են դեպքեր, երբ հաճախորդներն ընդունվում են աշխատանքի, որտեղ պետք է հագնվել «դրես կոդին» համապատասխան, եւ չեն կարողանում գտնել իրենց այդ ոճում, որովհետեւ ամբողջ կյանքում այլ ոճի հագուստ են կրել:

Մարդիկ ուզում են, որ հագուստը լինի հարմարավետ, ուզում են իրենց վստահ զգալ այս կամ այն զգեստը կրելիս, եւ մենք օգնում ենք նրանց այդ հարցում: Ոճաբանն օգնում է գտնել հարազատ ոճը, որը կլինի գեղեցիկ, նորաոճ, հարմարավետ եւ կընդգծի յուրահատկությունը: Միաժամանակ, գնումը պետք է շահավետ լինի, պետք է համադրվի պահարանում առկա այլ նմուշների հետ, որպեսզի չգնես, ենթադրենք, բաճկոն ու չկարողանաս համադրել այն քո ունեցած բազային հագուստի հետ:

Ոճաբան, շոփփինգ-խորհրդատու Գայանե Գեւորգյանը


- Ինչպե՞ս բացատրել հաճախորդին, որ ինքը ճաշակ չունի:
- Ոճաբանը չպետք է նման բան անի, չպետք է ասի իր հաճախորդին, որ նա անճաշակ է: Դա պրոֆեսիոնալ չէ: Հայտնի խոսք կա՝ ճաշակին ընկեր չկա: Յուրաքանչյուրն իր ճաշակն ունի ու կարող է ճաշակին համապատասխան հագնվել գրագետ կամ ոչ գրագետ: Ոճաբանն օգնում է գրագետ համադրություններ անել, հագուստի միջոցով պատշաճ ներկայացնել անձը, ոչ թե փոխել ճաշակը, որովհետեւ այն ձեւավորվում է բնավորության, խառնվածքի, ապրելակերպի արդյունքում:

Հաճախորդի հետ աշխատանքը սկսվում է խորհրդատվական փուլից: Գոյություն ունի հատուկ թեստավորում: Հաճախորդին տալիս եմ հարցաթերթիկ, որտեղ կան տարաբնույթ հարցեր, եւ պատասխաններից հասկանում եմ, թե ինչպիսի մարդ է, ինչ նախասիրություններ ունի եւ այլն: Ըստ այդմ` ինձ համար հասկանալի է դառնում՝ մարդը կոնսերվատիվ է, թե սիրում է էքսպերիմենտներ, սիրում է ուշադրության կենտրոնում գտնվել, թե ոչ, էմոցիոնալ է, թե սառը: Մինչեւ չհասկանաս, թե ինչ բնույթի մարդու հետ ես աշխատելու, չես կարողանա ոճափոխել նրան, նա քեզ չի վստահի, չի թողնի, որ իր հետ աշխատես:

- Դուք գնում եք հաճախորդի հետ գնումների, ուղեկցում եք նրանց շոփփինգի ընթացքում: Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում իրենց համար հագուստ ընտրել:
- Կան հաճախորդներ, որոնց հետ, օրինակ, վաղուց եմ աշխատում եւ գիտեմ, թե ինչ են նախընտրում, ինչ կհավանեն եւ ինչը կընդգծի նրանց յուրահատկությունը: Այդ մարդկանց հետ գնումների էլ չենք գնում: Ես եմ գնում նրանց փոխարեն: Կան հաճախորդներ, որոնց հետ ենք շրջում, քննարկում ենք: Կան ինքնավստահության պակաս ունեցող մարդիկ, որոնք ուզում են էքսպերիմենտներ, բայց վախենում են, ուզում են լսեն, որ գեղեցիկ է, սազում է, համարձակ է, պետք չէ վախենալ:

Երբ հասկանաս, թե ինչ մարդու հետ ես աշխատում, ով ինչի կարիք ունի, հոգեբանական ինչ խնդիր կամ բարդույթ ունի, կկարողանաս գտնել համապատասխան մոտեցում: Բոլորս էլ ունենք մի խնդիր՝ մեկն ուզում է տարբերվել, մյուսն ուզում է, որ իրեն ուշադրություն դարձնեն, մեկը սիրո պակաս ունի, մյուսն էլ հակառակը՝ ուզում է մնալ աննկատ: Սա նորմալ է, եւ այս խնդիրները կարելի է լուծել կամ նվազեցնել արտաքինի շնորհիվ: Պետք է պարզապես գտնել լուծման եղանակը:

Աշխատում էի մի աղջկա հետ, ով չէր գտնում իր ոճը, խուսափում էր պրինտային, գունավոր հագուստ կրելուց, օգտագործում էր պասիվ գույներ՝ սեւ, մոխրագույն եւ այլն: Երբ առաջին անգամ իրար հետ գնացինք շոփփինգի, ոչինչ չենք գնել, միայն քայլել ենք, ցույց եմ տվել, թե որ ձեւվածքներն են նորաձեւ, որ գույները, որ պարտադիր չէ կրել վառ դեղինը, կարող է ընտրել պաստելային դեղինը, որը ճչացող չէ, բայց մոխրագույն էլ չէ: Ընկերաբար պտտվել ենք իրար հետ, ընթրել ենք, խոսել ենք նորաձեւությունից, եւ այդ ընթաքում ձեւավորվել է իրար ճանաչելու, իրար վստահելու մթնոլորտ: Միայն երկրորդ օրը, վստահելով ինձ, նա ընտրեց իմ առաջարկած լուքերը: Ես իրեն փոխանցեցի իմ գիտելիքները, ծանոթացրի նրան կառուցվածքի նրբություններին, եւ հետագայում նա սկսեց ինքնուրույն գրագետ գնումներ կատարել:

Մինչեւ ոճափոխությունը


- Չե՞ն ասում՝ սա հեշտ աշխատանք է, բոլորն էլ կարող են հագուստները համադրել կամ գնալ գնումների:
- Ասում են:): Բայց դա այդպես չէ: Հարյուրավոր նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնես, էլ չեմ ասում, որ պետք է կարողանաս շփվել մարդկանց հետ այնպես, որ չվիրավորվեն, չնեղանան: Դա մեր աշխատանքի ամենաբարդ կողմերից մեկն է: Եթե մարդը վատ է հագնված, պետք է դրա մասին այնպես ասես, այնպես բացատրես, որ դուռը չշրխկացնի ու գնա: Ոճաբանն էլ մարդ է, անձնական խնդիրներ ունի, կարող է տրամադրություն չունենալ, բայց այդ խնդիրները չպետք է ազդեն հաճախորդի վրա: Նույնիսկ մեկ սխալ կամ անզգույշ ընտրված բառը կարող է գցել մարդու ինքնագնահատականը:

- Շատ միլիոնատերեր, ինչպիսին Սթիվ Ջոբսն էր, հագնվում են շատ հասարակ, շատ պարզ, ոմանք էլ` շատ վատ: Ինչո՞ւ:
- Նրանք չեն ուզում ժամանակ ծախսել հագուստ ընտրելու վրա: Մարդիկ, ովքեր միանման շապիկներ են հագնում, իրենց ազատ ժամանակը սիրում են ծախսել գիտելիքներ ձեռք բերելու, աշխատելու վրա: Նորաձեւությունը նրանց համար կարեւոր չէ: Նրանք չունեն որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կամ աչքի ընկնելու խնդիր:
Իսկ մեր հարուստները շատ են սիրում բրենդային հագուստ կրել: Չեն խնայում հագուստի վրա, գնում են բավական նորաոճ տարբերակներ, բայց չեն կարողանում համադրել դրանք պահարանում առկա մյուս իրերի հետ: Եթե հագուստը բրենդային է, թանկ է, դեռ չի նշանակում, որ նորաոճ է: Կերպարը դառնում է նորաոճ, երբ ոճային համադրվում է: 5000 դրամանոց սպիտակ հասարակ վերնաշապիկը կարող է ավելի նորաձեւ տեսք ունենալ, եթե համադրվի գրագետ, քան D&G-ի 150.000 դրամանոց շապիկը: Կարելի է 12.500 դրամով, 15.000 դրամով առօրյա հարմարավետ ու նորաձեւ լուքեր ստանալ:

- Ինչպե՞ս տնտեսել շոփփինգի ժամանակ: Ինչպե՞ս չգնել այն, ինչ քեզ հարկավոր չէ, բայց շատ լավն է:
- Գնումների գնալիս պետք է հստակ հասկանալ՝ ինչ ես ուզում գնել: Պետք է կենտրոնանալ այն իրի վրա, որը քեզ իսկապես անհրաժեշտ է: Եթե ձեր պահարանում պակասում է տաբատը, դուք ունեք ջինսի կարիք, կենտրոնացեք հենց տաբատը գնելու վրա: Եվ հետո ձեզ համար որոշեք, թե որքան եք պատրաստ ծախսել տաբատի վրա, եւ փորձեք գտնել տարբերակ այդ շրջանակներում: Այսպիսով կնխայեք ու չեք գնի այնպիսի իրեր, որոնք այդ պահին էմոցիաների ազդեցության ներքո գնել եք ու հետո դարակում առանց պիտակները հանելու ամիսներով պահելու եք:

Ոճափոխությունից հետո


Երբ նման հաճախորդների եմ հանդիպում, պարզապես նրանց խորհուրդ եմ տալիս երեք հատ նույնատիպ վերնաշապիկ գնելու փոխարեն ներդրում անել մեկ այլ տեղ՝ գնել կաշվե լավ կոշիկներ, որոնք երկար տարիներ կարող են հագնել, կամ լավ վերարկու: Բայց հաճախորդը քեզ չի լսի, եթե քեզ չվստահի: Եթե ունես այնքան գումար, որ կարող ես քեզ թույլ տալ գնել ամեն ինչ, ամեն թրենդ, որը նույնիսկ երկու ամսից էլ թրենդային չի լինի, գնիր, բայց եթե փորձում ես գիտակցորեն գնումներ անել, ապա պետք չէ ընկնել թրենդի հետեւից: Կան ձեւվածքներ, կտորներ ու գույներ, որոնք միշտ թրենդային են: Սպիտակ վերնաշապիկը, ջինսը, տրենչը կամ սրճային երանգները երբեք նորաձեւությունից դուրս չեն գա:

- Ոճաբանները բրենդամո՞լ են:
- Բոլորի անունից չեմ կարող խոսել: Չգիտեմ՝ գուցե ոճաբաններ կան, որոնք բրենդներին մեծ կարեւորություն են տալիս, բայց ես այդպիսին չեմ: Ես աշխատում եմ տարբեր հաստության դրամապանակներ ունեցող մարդկանց հետ եւ նրանց նախատեսած բյուջեին համապատասխան օգնում եմ ստեղծել կերպարներ: Ոճային լինելու համար, ինչպես արդեն ասացի, պարտադիր չէ հագնվել բրենդային խանութներում: Բայց կարող եմ ասել, որ ոճաբանը պետք է լինի նորաոճ: Այն, թե ինչպես ես դու հագնվում, ինչպես ես մատուցում հագուստը, շատ կարեւոր է: Հաճախորդն առաջին հերթին հենց դա է տեսնում եւ կարծիք է կազմում: Մարդիկ աշխատանքի ընդունվելիս CV են ուղարկում, իսկ մեր CV-ն հենց մեր հագուստն է:):

- Տղամարդիկ դիմո՞ւմ են ոճափոխվելու համար կամ, որ գնումներ կատարելիս իրենց ուղեկցեք:
- Այո, դիմում են: Ես աշխատում եմ երգչի հետ, ով տեսահոլովակ է նկարահանում, ուզում է երգի թեմային ու տեսարաններին համապատասխան հագնվել: Շրջում ենք խանութներով, փնտրում ենք համապատասխան հագուստ: Կան տղամարդիկ, ովքեր կաշկանդվում են իրենց կառուցվածքից, ուզում են երեւալ ավելի սլացիկ, եւ որպեսզի հագուստի միջոցով թաքցնեն թերությունները, դիմում են ոճաբանին:

- Որքա՞ն արժե ոճաբանի հետ գնումների գնալը:
- Ես կարող եմ իմ անունից միայն ասել, որ թանկ չէ, երկրային է:):

- Որտե՞ղ սովորել, եթե ուզում ես դառնալ ոճաբան:
- Հայաստանում չկա ոճաբանի կրթություն ստանալու հնարավորություն: Կան ոճաբանների կողմից անցկացվող դասընթացներ, բայց, որպես այդպիսին, չկա ոճաբան մասնագիտությամբ կրթություն ստանալու հնարավորություն: Հենց այս պատճառով ես սովորել եմ արտեկրում:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport