×


«ԴԵՏՔ» խումբը եւ պրոդյուսեր Արման ԱՄՊ-ը

«ԴԵՏՔ»-ի նոր հոլովակի հետաքրքիր մանրամասներն ու Տիգրան Պետրոսյանի աջակցությունը

«Մի ազգ, մի բանակ»՝ այսպես է կոչվում «ԴԵՏՔ» հայկական բոյ-բենդի՝ օրերս թողարկված երգը, որի տեսահոլովակը նկարահանվել է դեռեւս խմբի անդամների ծառայության ընթացքում: Թեեւ տղաներից Վահանն ու Միքայելը վերջերս զորացրվել են բանակից, բայց Արմանը դեռ շարունակում է ծառայությունը հայկական զինված ուժերում: Թե ովքեր են նոր երգի ու հոլովակի հեղինակները, ինչպես է հաջողվել նկարահանումներ անցկացնել տղաների ծառայության ընթացքում, եւ թե ինչ նոր ծրագրեր ունի խումբն առաջիկայում, BRAVO.am-ը պարզել է «ԴԵՏՔ»-ի պրոդյուսեր Արման ԱՄՊ Մելքոնյանի հետ զրույցում:

Նրա խոսքով` տղաների ծառայության ընթացքում բանակային երգերի շարք էին իրականացնում եւ մեծ մասի հեղինակները հենց իրենք են: Նոր՝ «Մի ազգ, մի բանակ» երգի խոսքերն էլ գրել է խմբի անդամներից Վահան Կիրակոսյանը, իսկ երաժշտությունը հեղինակել է երգիչ Տիգրան Պետրոսյանը, ով նաեւ տղաներից Արմանի հայրն է: Տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքը՝ խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊն է, իսկ նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում:

«ԴԵՏՔ» խումբը


«Մենք դիմեցինք Պաշտպանության նախարարին, ասացինք, որ այսպիսի երգ ենք գրել, եւ ուզում ենք տեսահոլովակ նկարահանել: Նրանք էլ, ըստ պայմանավորվածության, տղաներին գործուղեցին ձայնագրման ու նկարահանման աշխատանքների համար: Ի դեպ, երեքն էլ նույն զորամասում էին ծառայում` հաշվի առնելով, որ նրանք խումբ են եւ ազատ ժամանակ կարող են ստեղծագործել: Ասեմ, որ հոլովակի հերոսուհիներից մեկը Վահանի մայրն է` քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանը, իսկ աղջիկը Դիլիջանի UWC միջազգային դպրոցի աշակերտուհի է: Հիմա արդեն տղաներից երկուսը զորացրվել են, իսկ Արմանը դեռ ծառայում է: Եթե մինչեւ նրա վերադարձը նոր նախագիծ ունենանք, ապա հուսանք` նրան կրկին կգործուղեն, կամ էլ կսպասենք մինչեւ զորացրվելը»,- ասաց Արմանը:

Թե ինչու է բանակային թեման ավելի հաճախ արծարծվում խմբի երգերում, պրոդյուսերը մի քանի հանգամանքով է բացատրում: Նախ` ԴԵՏՔ-ը հենց զինվորական տերմին է (պաշտպանության եւ հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատ,-հեղ.), եւ իրենք փորձում են բանակային թեման գեղեցիկ կերպով ներկայացնել հայ երիտասարդությանը: Հետո էլ, ըստ նրա, Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ շնորհիվ մեր «հրաշք» հարեւանների` բանակի թեման միշտ առկա է.«Մինչեւ բանակ զորակոչվելն էլ նրանք նման մի երգ ունեին`«Շուշի»-ն, բայց առհասարակ ԴԵՏՔ-ը շատ այլ երգեր ունի, որոնք ազատ ժանրում են եւ տարբեր թեմաների: Հուսամ՝ փետրվարի վերջին կամ գարնան սկզբին մենք կներկայացնենք ԴԵՏՔ-ի նոր անգլերեն երգը, որը սիրո մասին է, կոչվում է «Like My Fire»:

Նրանք, ովքեր դիտել են խմբի նոր տեսահոլովակը, հավանաբար տեսել են, որ վերջում նշվում է՝ «Շարունակելի...»: Հետաքրքրվեցինք, թե նախագիծն ինչ շարունակություն է ունենալու, Արմանն էլ ասաց, որ հոլովակի վերջում գրվող տողերը իրենց հաջորդ երգի առաջին խոսքերն են.«Զինվորական ձայնասկավառակ ենք պատրաստում, եւ տեսահոլովակի շարունակելիությունը պայմանավորված է հաջորդ նոր երգով, որ նվիրված է Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված իրենց զինվոր ընկերոջը, կոչվում է «Իմ ընկեր»: Անձնավորած չէ, բայց ընկերասիրությանը նվիրված ստեղծագործություն է: Արդեն նկարահանել ենք այդ երգի տեսահոլովակի կադրերը, որը փոքր-ինչ ավելի մինիմալիստական ոճում է լինելու»,- նշեց Արմանը:

Տիգրան Պետրոսյանը՝ որդու՝ Արմանի հետ


Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք Տիգրան Պետրոսյանն օգնում է խմբին գործունեության ընթացքում` հաշվի առնելով, որ Արման Պետրոսյանի հայրն է: Պրոդյուսերն էլ ընդգծեց, որ նրա օգնությունն ամենատարբեր հարցերում միշտ պարտադիր է.«Քանի որ ես երաժշտական կրթություն չունեմ, ինքս էլ նրա կարիքը շատ եմ ունենում: Բացի այդ, նա լուրջ պրոֆեսիոնալ է իր գործում, եւ մեզ օգնում է թե՛ երաժշտության, թե՛ երգի ձայնագրման, եւ թե՛ այլ հարցերում, նաեւ մեր երգերի բեք-վոկալն է կատարում: Այսինքն՝ իր ամբողջ արսենալով նա աջակցում է մեզ: Տիգրանը միշտ ջատագովն է եղել նրա, որ էստրադան մնա էստրադա, եւ այդ առումով նա ԴԵՏՔ-ի հետ հույսեր ունի, որ հնարավոր է` ոլորտում ինչ-որ բան փոխի իր կողմից»:

Խոսելով նաեւ խմբի առաջիկա ծրագրերի մասին` Արմանն ասաց, որ պատրաստվում են ձայնասկավառակի շնորհանդեսին: Այն նվիրված է լինելու հայրենիքին, այսինքն՝ ամբողջացնելու է ԴԵՏՔ-ի հայրենասիրական երգերը՝ իհարկե, խմբի ոճում.«Նշեմ, որ սկավառակի շնորհանդեսի օրվա ողջ գումարը տրամադրվելու է զինծառայողների առողջության վերականգնման կենտրոնին, որտեղ դեռ Քառօրյա պատերազմից վիրավոր զինվորներ կան»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արման ԱՄՊ-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport