×


«Դիանա». ԴԵՏՔ-ի՝ Ճապոնիայում նկարահանված նոր հոլովակի շնորհանդեսը

Հայկական տեսահոլովակ՝ նկարահանված Ճապոնիայում եւ նվիրված աշխարհում առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի հիշատակին: Խոսքը «ԴԵՏՔ» երաժշտական խմբի նոր՝ «Դիանա» երգի տեսահոլովակի մասին է, որի շնորհանդես-համերգը երեկ էր` «Մոսկվա» կինոթատրոնում: Հոլովակի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել ընթացքը, իսկ խմբի անդամների հետ զրույցում պարզել` ինչպես է գրվել երգը, ինչպես են ընթացել նկարահանումները, եւ թե ինչ տպավորություններով են վերադարձել ծագող արեւի երկրից:

ԴԵՏՔ-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Ինչպես հայտնի է, ԴԵՏՔ-ն իր երգերում հաճախ է անդրադառնում պատմական հայտնի դեպքերին ու դեմքերին, եւ այս անգամ էլ, իմանալով Ճապոնիայում  Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան, գրող-հրապարակախոս, մեծ մարդասեր Դիանա Աբգարի մասին, որոշել են համանուն երգ նվիրել նրա հիշատակին: Խմբի պրոդյուսեր Արման Ամպ Մելքոնյանը պատմում է, որ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները մոտ երեք տարի են տեւել:

«Ճիշտն ասած` նախագծի գաղափարն իմ քրոջ` Արմինե Մելքոնյանինն էր, ով մեծապես հետաքրքրված է հայ կանանց հասարակական, քաղաքական ու տնտեսական գործունեությամբ: Տարիներ առաջ նա մեզ ասաց` ինչու չենք ադրադառնում Դիանա Աբգարին, եւ մենք որոշեցինք անպայման երգ նվիրել նրա հիշատակին: Իսկ որպեսզի երգն ավելի մեծ լսարանի հասանելի դառնար, անհրաժեշտ էր նաեւ տեսահոլովակ նկարահանել»,- նկատեց Արմանը:

Արման Մելքոնյանը` քույրիկի հետ


Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են` Դիանա Աբգարը երբեք չի եղել Հայաստանում, հետեւաբար, այստեղ հոլովակ նկարահանելը նպատակահարմար չէր լինի. հարկավոր էր մեկնել Ճապոնիա: Խմբին այդ հարցում աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը եւ մի շարք այլ կազմակերպություններ ու անհատներ: Արդյունքում ԴԵՏՔ-ի ստեղծագործական խումբը տասն օր նկարահանումներ է անցկացրել Ճապոնիայում, այցելել նույնիսկ Դիանա Աբգարի գերեզմանատուն եւ անմոռանալի տպավորություններով վերադարձել Հայաստան:

Խմբի անդամներից Վահան Կիրակոսյանը, պատմելով Ճապոնիայում անցկացրած օրերի եւ ստացած տպավորությունների մասին, ասում է, որ մտավախություն են ունեցել, թե մշակութային տարբերությունների պատճառով բարդ կընթանան նկարահանումները, քանի որ օպերատորներն էլ ճապոնացի են եղել: Սակայն ստեղծագործական ու ընկերական շփումներն հաջողությամբ են ընթացել:

ԴԵՏՔ-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Տղաներից Արման Պետրոսյանն էլ անկեղծանում է, որ տպավորությունները ֆենոմենալ են. «20 տարի զարթնում ես Սարյանում, ու մեկ էլ գալիս է պահ, երբ տասն օր շարունակ աչքերդ բացում ես Ճապոնիայում` լրիվ այլ վայրում, այլ մարդկանց հետ, տարբերվող առօրյայով ու մշակույթով: Իսկապես հրաշալի օրեր էին, թեեւ բարդություններ, իհարկե, շատ կային: Ինձ համար ամենատպավորիչը հատկապես այն էր, որ այցելեցինք Դիանա Աբգարի գերեզմանին եւ այնտեղ միացրինք մեր նոր երգը` նվիրված նրա հիշատակին: Այնպիսի՜ փշաքաղեցնող աուրա էր ստեղծվել...»:

Միքայել Մելքումյանն էլ ասում է, որ մեծ բավականություն է ստացել հենց նկարահանումներից` լինելով ճապոնացիների միջավայրում եւ հաղորդակից դառնալով նրանց տարբերվող առօրյային. «Ինձ համար հատկանշական էր, որ այնտեղ առավոտը շատ շուտ էր բացվում. արդեն ժամը 4-ին լույս էր: Դե, ծագող արեւի երկիրն է, ու մենք այնտեղ միշտ դիմավորում էինք առավոտները: Նույնիսկ նկարահանումներ ենք ունեցել առավոտյան ժամը 3-ից, որ հասցնենք արեւածագը տեսնել»:

ԴԵՏՔ-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Մեզ հետ զրույցից, երկրպագուների եւ հյուրերի հետ լուսանկարվելուց հետո խմբի ստեղծագործական թիմը բոլորին ուղեկցեց դեպի դահիճ, որտեղ նախատեսված էր ոչ միայն տեսահոլովակի առաջին ցուցադրությունը, այլեւ խմբի փոքրիկ համերգը: Միջոցառման ընթացքում ԴԵՏՔ-ի կատարմամբ հնչեցին ինչպես հին ու սիրված գործեր, այնպես էլ նոր երգեր, որոնք շուտով հասանելի կդառնան նաեւ օնլայն տիրույթում:

Խմբի անդամները նաեւ հորդորում են բոլորին տեսահոլովակը դիտելուց հետո  անպայման կարդալ Դիանա Աբգարի ու նրա գործունեության մասին. «Դե, իսկ նրանք, վքեր կհավանեն մեր երգն ու հոլովակը, շատ կուզենք, որ տարածեն սոցիալական ցանցերի իրենց էջերում, որպեսզի ավելի շատ երիտասարդներ իմանան այս նախագծի ու նաեւ մեր մասին:)»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport