×


«Եթե Սաշը չկատարի խոստումը, կկորցնեմ հավատս իր հանդեպ». Լիլիթ Բաբասյան

Սննդաբան Լիլիթ Բաբասյանը BRAVO.am-ի հետ նոր զրույցում պատմել է հայաստանյան կյանքին չհարմարվելու, աշխատանքային հարաբերություններում հանդիպող խնդիրների եւ ամուսնու՝ Շվեդիայում տված խոստման մասին:

-Բազմիցս նշել եք, որ դժվարանում եք ապրել հայաստանյան իրականությունում: Աշխատանքն ինչ-որ կերպ օգնո՞ւմ է այս հարցում:
-Իհարկե, շատ է օգնում: Աշխատանքիս շնորհիվ այժմ ունեմ շատ հարազատ մարդիկ, ովքեր ցանկացած խնդրի դեպքում թիկունքիս կանգնած կլինեն: Շփումների միջոցով նաեւ բացահայտել եմ, թե ինչպիսին է հասարակություն մեծամասնության մտածելակերպը: Հաճախ ինձ համար շատ դժվար է աշխատանքային հարաբերություններում, քանի որ երբեք չեմ ընդգծում իմ առավելությունը՝ որպես ղեկավար, ու մարդիկ օգտվում են դրանից. վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10%-ը գոնե գնահատում է դա եւ թույլ չի տալիս, որ հիասթափվեմ: Այս ամենով հանդերձ, պատրաստ չեմ պատ դնել իմ եւ աշխատողներիս միջեւ, ինչպես կվարվեին շատ գործատուներ:

Լիլիթ Բաբասյանը


-Դեռ մեկ տարի առաջ նշում էիք, որ կցանկանաք լքել Հայաստանը. այսօր հեռանալու մտքեր կա՞ն:
-Այո, այսօր եւս կցանկանայի ապրել դրսում: Այստեղ ես մարդկանց չեմ հասկանում: Իհարկե, գիտեմ, որ դրսում եւս կհանդիպեմ շատ խնդիրների, բայց օտարերկրացիների հետ շփումներում մենք անգիտակցաբար սահմաններ ենք դնում, իսկ հայրենակիցների հետ առավել ջերմ ենք, անմիջական, եւ հարվածն ավելի ցավոտ է լինում:

Վերջին հարվածը մոտ երկու ամիս առաջ եղավ՝ իմ աշխատողից, որին ես հարազատի պես էի ընդունում: Ընդամենը մեկ ամիս էի ճանաչում նրան, բայց պարտքով գումարի էի տրամադրել. օգնել էի իր ընտանիքին աղջկա հարսանիքից մինչեւ տղային բանակ ճանապարհելու հարցերում, իր վիրահատության հարցում. արդյունքում նա պարզապես գնաց իմ մրցակիցների մոտ եւ տվեց նրանց այն բաղադրատոմսերը, որոնք ես տարիներով էի մշակել: Այս դեպքում կարծում եմ՝ դժվար է նրան մարդ անվանել:

Հաճախ ես նույնիսկ կարող էի վիճել ամուսնուս հետ, երբ նա ասում էր՝ քեզ օգտագործում են, իսկ ես մտածում էի, որ մարդն օգնության կարիք ունի եւ այդ օգնությունն ինձնից է ակնկալում:

-Այնուամենայնիվ, այսօր Դուք ապրում եք Հայաստանում. ի՞նչն է Ձեզ այստեղ պահում:
-Միայն ամուսինս: Իմ երազանքն Ամերիկան է, ու համոզված եմ՝ այնտեղ ամեն ինչ լավ կլինի. իմ ներքին ձայնը երբեք ինձ չի խաբում: Իհարկե, չեմ ուզում անվերադարձ հեռանալ, սա իմ հայրենիքն է, եւ ես շատ եմ սիրում Հայաստանը: Պարզապես ուզում եմ ապրել երկու երկրում, ինչպես շատերն են անում, սակայն ամուսնուս եւ իմ աշխարհայացքներն այս հարցում տարբեր են:

-Բազմիցս նշել եք, որ Ձեր եւ Ալեքսանդրի միջեւ տարաձայնություններ են եղել երեխայի խնամքի հարցում. հաղթահարե՞լ եք դրանք:
-Երեխայի հետ կապված ցանկացած բան ամենաշատն է խոցում ինձ: Տոներին ես ու Սաշը մեր ընկերների հետ Շվեդիայում էինք, ու նա ինձ խոստում տվեց, որին հավատում եմ: Եթե այն չկատարվի, ես կկորցնեմ հավատս իր հանդեպ, իսկ երբ ես չեմ հավատում մեկին, նա ինձ համար դադարում է գոյություն ունենալ: Նա խոստացավ, որ մեր ընտանիքում այլեւս չեն լինի երեխայի խնամքին առնչվող խնդիրներ: Ես ինքնաքննադատ մարդ եմ, եւ երբ իմ երեխայի համար պատրաստված ապուրը ստուգում են՝ պարզելու այն թարմ է, թե ոչ, ու նմանատիպ շատ ստուգումներ են անում ամեն օր, դա ինձ ոչնչացնում է: Այսօր զգում եմ, որ Սաշն աշխատում է, որ նմանատիպ խնդիրներ չլինեն:

Լիլիթ Բաբասյանը՝ որդու հետ


-Չե՞ք պլանավորում եւս մեկ անգամ մայրանալ:
-Իրավունք չունեմ ռիսկի դիմել, քանի որ համոզված չեմ, որ երբ մեր երկրորդ բալիկը ծնվի, ամեն ինչ այլ կերպ կլինի: Ի վերջո, ոչ մի զույգ ապահովագրված չէ բաժանությունից: Իսկ եթե ծնվի մեր երկրորդ բալիկը, եւ ամեն ինչ ավելի վատ լինի, ի՞նչ պետք է անեմ ես այդ պարագայում. երկու տարբերակ կլինի՝ կամ ես հոգեբուժարանում կհայտնվեմ, կամ էլ սկանդալային բաժանում կլինի: Գիտեմ, որ Սաշի համար էլ է դժվար, որովհետեւ հայ շատ տղամարդիկ գուցե ինձ հետ չկարողանային ապրել: Իմ խոսելաձեւն է ուրիշ, հագնվելուս ոճը գուցե շատ ավելի ազատ է, ինձ հետ աշխատում են շատ տղամարդիկ, երիտասարդ տղաներ. ես գիտեմ, որ շատ հարցերում էլ նա է ինձ զիջում:

Ես կարող եմ հարմարվել շատ բաների, բայց ոչ նրան, որ երեխայիս հետ իմ տանն ինձ դայակ զգամ: Նույնիսկ մեր դայակին ես վերաբերվում եմ որպես տան անդամի եւ երբեք թույլ չեմ տա ինձ ստուգել նրան:

Մեր վերջին խոսակցությունից առաջ մոտ կես տարի մենք չենք շփվել, չենք խոսել, բայց հիմա ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ սիրում եմ ամուսնուն, նա էլ՝ ինձ:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Բաբասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport