×


«Եթե բոլորը» նախագծի համերգը` Սրբուկի, Սոնա Ռուբենյանի եւ Աղվան Պապոյանի մասնակցությամբ

Հանրային հեռուստաընկերության «Եթե բոլորը...» նախագիծը շարունակում է իր հեռուստադիտողների օգնությամբ փրկել առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների կյանքեր: Այդ հարցում նրանց օգնում են նաեւ բարեգործական այն համերգները, որոնք կարծես բարի ավանդույթ են դառնում նախագծի հիմնադիրների ու աջակիցների համար: Սրբուկի, Սոնա Ռուբենյանի եւ Աղվան Պապոյանի մասնակցությամբ նոր համերգից ստացված ողջ հասույթը եւս փոխանցվելու է հիմնադրամի շահառու երեխաների բուժմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել է նախագծի հիմնադիրների հետ եւ լուսանկարել երեկոյի հետաքրքիր դրվագները:

«Եթե բոլորը...» նախագծի բարեգործական համերգին


«Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիլիթ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումներից առաջ սովորաբար հստակ սպասելիքներ չեն ունենում. իրենց նպատակը մեկն է՝ օգնել երեխաներին. «Շատ ուրախ ենք, որ «Hugo»-ի տնօրինությունը նույնպես որոշեց աջակցել մեզ ու շատ արագ համաձայնեց համերգն իրենց մոտ անցկացնել: Շատ հաճելի է, որ այսքան լավ արձագանքի են արժանանում մեր երեկոները, եւ որ մարդիկ կարողանում են բարեգործությունը համատեղել ժամանցի հետ»,- նկատեց հաղորդավարուհին:

Նա ասաց, որ «Եթե բոլորը» նախագծի համար այս տարին լավ է սկսվել. երեխաների մասին հաղորդումներ նկարահանելուց հետո կարողանում են արագ միջոցներ գտնել: Չնայած դրան` այս պահի դրությամբ դեռ կան այնպիսի երեխաներ, որոնց բուժման համար անհրաժեշտ գումարը շատ մեծ է, եւ հանգանակությունների ավարտից հետո կկարողանան հասկանալ` հավաքված գումարն ինչպես ուղղել:

«Եթե բոլորը...» նախագծի բարեգործական համերգին


Նշենք, որ միջոցառման մեկնարկին դեռ ժամանակ կար, սակայն հանգանակությունների համար նախատեսված արկղիկն արդեն կիսով չափ լիքն էր: Միջոցառման կազմակերպիչների կողմից ներկաներին տրվում էին նաեւ փոքրիկ բացիկներ, որոնց վրա նշված էին հատուկ QR կոդեր: Այդ կոդերը սկանավորելուց հետո նրանք կարող էին մուտք գործել հիմնադրամի պաշտոնական կայքէջ եւ տեղեկություններ ստանալ նախագծի մասին: Կայքում (ifweall.am) նշված է նաեւ, թե ինչպես կարելի է հանգանակություն կատարել, իսկ հետո տեսնել, թե տրված գումարն ինչ նպատակով է ծախսվել, կամ առհասարակ՝ ինչ է արվել նախագծի երեք տարիների ընթացքում:

Միջոցառմանը ելույթ ունեցող արտիստներն էլ առաջի անգամ չէ, որ մասնակցում էին «Եթե բոլորը...» նախագծի բարեգործական համերգներին: Նրանցից Սոնա Ռուբենյանը, օրինակ, իր ելույթի ընթացքում ասաց, որ արդեն հաստատում է իր մասնակցությունը հաջորդ համերգին: Աղվան Պապոյանն էլ ընդգծեց՝ «Եթե բոլորը» իր ամենասիրելի հաղորդաշարն է հայկական հեռուստաեթերում: Սրբուկն էլ իր հերթին հավելեց, որ աշխարհի բոլոր մարդիկ պետք է հնարավորինս մասնակից լինեն նման նախագծերին, որպեսզի օգնեն մանուկներին առողջ լինել եւ ապրել խաղաղ կյանքի տակ:

«Եթե բոլորը...» նախագծի բարեգործական համերգին


«Եթե բոլորը» հիմնադրամի եւ նախագծի համահիմնադիր Վահե Խանամիրյանն էլ մեր զրույցում նշեց, որ այսուհետ փորձելու են ամսվա մեջ գոնե մեկ անգամ նման ֆորմատով համերգ կազմակերպել: Նա հիշեցրեց, որ իրենց նախորդ համերգը եղել է Հյուսիսային պողոտայում՝ բացօթյա ձեւաչափով, իսկ մարտի 24-ին տեղի ունեցած համերգն առաջինն էր ակումբային ձեւաչափով: Իրենց խոսքում Վահեն ու Լիլիթը եւս մեկ անգամ շեշտեցին՝ «մեր արարքները կաթիլներ են, բայց ծովը բաղկացած է կաթիլներից...», եւ որ «միասին մենք կարող ենք ճակատագրեր փոխել»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport