×


«Երբ Աստված կամենա, այդ ժամանակ էլ կամուսնանանք». Տյոմ

Ակումբ 12-ը ճակատագրական է եղել Տյոմ Հակոբյանի եւ Էմմա Հովհաննիսյանի համար: Ծանոթանալով աշխատանքի վայրում՝ նրանք դարձել են մտերիմ ընկերներ, բայց ժամանակի ընթացքում հատել են ընկերության սահմանագիծն ու հիմա առանց իրար կյանքը չեն պատկերացնում: Երիտասարդ երգիչները իրենց սիրո պատմության մանրամասներն առաջինը վստահել են BRAVO.am-ին եւ խոստովանել, որ երկուսն էլ առաջին անգամ են սիրում:

«Երբ գիտակցեցի, որ կարող եմ կորցնել»

Տյոմ. Ծանոթացել ենք 2017-ի հոկտեմբերին: Երգել ենք միասին ու սկզբում շատ լավ ընկերներ ենք եղել: Այլ բան մտքովս չէր անցնում, բայց հետո գիտակցեցի, որ կարող եմ կորցնել Էմմային ու հասկացա՝ սիրում եմ: Երբ անընդհատ տվյալ մարդը կողքիդ է, չես պատկերացնում, որ կարող են ձեռքիցդ տանել:

Տյոմն ու Էմման


Էմմա. Հետո այդ մտերմությունը այնքան ջերմացավ, որ սիրահարվեցինք իրար: Մեկ տարի անբաժան ընկերներ ենք եղել, ամեն օր աշխատանքից հետո ոտքով տուն էինք գնում: Կարող էինք առանց դադարի խոսել: Չի եղել մի պահ, որ խոսելու թեմա չունենանք:

«Առաջարկությունը՝ առանց ռոմանտիկայի»

Տյոմ. Մեկ ամիս չէինք խոսել, բայց կռված չէինք: Ես չէի կարողանում ասել, որ սիրում եմ, Էմման էլ ուզում էր լսել, որ սիրում եմ: Մի օր աշխատանքից տուն գնալիս ասացի ամեն ինչ՝ առանց ռոմանտիկայի մի նշույլի: Մի քանի օր անսովոր էր անցումը, բայց հեշտ եղավ, որովհետեւ երկուսս էլ սպասում էինք այդ պահին: Մեզ միշտ բոլորը ասում էին՝ դուք միասին եք լինելու:

Էմմա. Ու հետո, երբ միասին եղանք, ասում էին՝ տեսաք, որ ասում էինք: Իրականում Տյոմն այնպես ասաց իր զգացմունքների մասին, ասես պատմություն պատմեր: Ես ներքուստ պատրաստ էի այդ ամենին:

Տյոմն ու Էմման


Զվարճալի դեպքերն՝ անպակաս

Տյոմ. Էմմայի ծննդյան օրն էր: Ես չար կատակներ սիրում եմ, բայց Էմմային չէի ուզում տխրեցնել: Որոշեցինք, որ Էմման մեր ընկերներից մեկի՝ Նարեկի հետ վեճի պիտի բռնվի: Ես էլ պետք է ասեի, որ հիասթափվել եմ իրենից: Եղավ վեճը, բայց չկարողացա ասել, սիրտս չտարավ: Էմման լացում էր, ես էլ իբր Նարեկի հետ դուրս եկա վիճելու: Ու մեր տնօրենն Էմմային ասում է, որ մենք կռիվ ենք անում: Էմման լացելով վազում է դուրս, որտեղ ես նրան տորթով սպասում էի: Կարծում եմ՝ անակնկալը չստացվեց:
Էմմա. Մի անգամ երգելիս Տյոմը կանգնեց ոտքիս, ու կոշիկս բեմից թռավ: Բոլորը ծիծաղում էին, չկարողացանք շարունակել երգել:

Տյոմ. Համացանցում լուսանկար էինք տեսել, որ արվել էր հրավառության ժամանակ: Անկախության օրը գիտեինք, որ հրավառությունը լինելու է ժամը 21:30-ին, բայց ուշանում էր: Անհամբեր սպասում էինք, մեր ընկերներից Հրագն էլ սպասում էր, որ նկարի: Արդեն հույսներս կտրել էինք, երբ եղավ հրավառությունը: Շատ ծիծաղելի պահ էր, թե ինչպես ենք ես ու Էմման վազում, իսկ ընկերս փորձում է նկարել:

Էմմա. Մի անգամ կռվել էինք անիմաստ բանի համար: Տյոմը զանգեց, պիտի ընկերներով մի տեղ գնայինք: Մեկն ասաց, որ սպասենք Տյոմին, ես էլ ասացի՝ ո՛չ: Բայց իրականում լրիվ ուրիշ պատմություն էր, ես ասացի՝ «Ո՛չ, ավտոմեքենայում կսպասենք»: Տյոմն անջատեց հեռախոսը, նեղացավ: Հետո խմել էր ու ծաղիկներ գնել: Եկավ, ծաղիկները բառիս բուն իմաստով նետեց ինձ վրա. հաշտվեցինք:

Տյոմն ու Էմման


«Սերն առաջին հերթին ընկերությունն է»

Տյոմ. Առաջին լուսանկարը հրապարակելուց առաջ շատ էինք հուզվում: Մտածում էինք, թե ինչպես կընդունվի, բայց արձագանքները միայն դրական էին: Ամբողջ օրը միասին ենք, մեր ընկերները համատեղ են, նույն վայրում ենք աշխատում: Նույնիսկ երգելուց իրար կողքի ենք կանգնում: Իրարից չենք հոգնում, որովհետեւ սիրում ենք: Ես կյանքում առաջին անգամ Էմմային եմ սիրել, Էմման էլ՝ ինձ: Ինձ համար սերը առաջին հերթին հարգանքն է ցանկացած հարցում: Եթե երկու հոգի միմյանց սիրում են, ոչինչ չպետք է թաքցնեն: Ամեն ինչ պիտի վստահեն իրար, չամաչեն: Հարաբերություններն այլ հարթություն տեղափոխելու համար ժամանակ է պետք: Երբ Աստված կամենա, այդ ժամանակ էլ կամուսնանանք:

Էմմա. Սերն առաջին հերթին ընկերությունն է, հետո այն, որ միմյանցից գաղտնիքներ չունենան: Երբ զույգերը միմյանց հանդեպ սրտերը բացում են, իրար օգնում են, հարգում են, ամեն ինչ հրաշալի է լինում: Մենք տխուր չենք լինում: Եթե մենք մի տեղ ենք մտնում, բոլորն ակտիվանում են: Հարաբերությունները կտեղափոխենք այլ հարթություն, երբ ժամանակը գա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport