×


«Երկար ժամանակ է, ինչ միասին ենք»․Անի Լուպե

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն հանրության շրջանում առավել հայտնի դարձավ «Ազիզյաններ» սիթքոմի շնորհիվ։ BRAVO.am-ը հանդիպեց դերասանուհու հետ, ով ընդամենը մի քանի օր է, ինչ վերադարձել է իր հիմնական աշխատավայր՝ թատրոն, իսկ դադարի պատճառը 20 սմ բարձրություն  ունեցող քարն էր։ Անիի հետ զբոսնեցինք քաղաքի իր սիրելի հատվածում եւ, իհարկե, զրուցեցինք:

- Հաճա՞խ եք զբոսնում  Երեւանում։
-Նախկինում ավելի հաճախ էի զբոսնում, այժմ զբաղվածությունը երբեմն թուլ չի տալիս, սակայն  մշտապես փորձում եմ ժամանակ գտնել քաղաքում շրջելու համար։

-Ո՞րն  է երեւանյան Ձեր ամենասիրելի փողոցը։
-Աբովյան  փողոցը: Այդ նեղլիկ փողոցն իր տեսակով ուրույն է, այն շատ եմ սիրում։ Սիրում եմ նաեւ թատրոնի հարակից տարածքը, որին արդեն սովորել եմ, եւ այն դարձել ինձ շատ հարազատ։ Անկեղծ ՝ առհասարակ Երեւանը  շատ-շատ եմ սիրում։

Անի Լուպեն


-Անի՛, երկրպագուներն  արդեն հասցրել են Ձեզ կարոտել: Կպարզաբանե՞ք՝ ուր էիք 3 ամիս շարունակ։
-Թատրոնի հետեւի մուտքի մոտ կա մի փոքրիկ աստիճան, բնակիչներն ասում են, որ դա մի պապիկի համար է դրված եղել, որպեսզի նա ձեռնափայտով ավելի հեշտությամբ կարողանա բարձրանալ, եւ ահա, սեպտեմբերին ներկայացման գալուց ընկա, ոտքիս ջիլը կտրվեց, վիրահատեցին, եւ 3 ամիս գիպսի մեջ էր։ Նոր-նոր եմ վերադառնում ակտիվ առօրյայիս, այն էլ՝ փոքր-ինչ դժվարությամբ։ Ամեն անգամ այդ քարին նայելիս երբեմն զայրանում եմ, մեկ-մեկ էլ մտածում՝ միգուցե այդ 20 սմ բարձրություն ունեցող քարը ոչ թե վատություն արեց, այլ լավություն, չես իմանա:

-Գիտեմ, որ ձմռան ամիսները Ձեզ համար «մահանալու» ամիսներ եք համարում։ Ինչպե՞ս եք լցնում Ձեր օրը , չէ՞ որ ձմռան ավարտին դեռ մեկ ամիս կա:
-Վատ տրամադրված չեմ. ամեն տարի, երբ գալիս է ձմեռը, որոշում եմ փորձել սիրել, բայց միեւնույն է, այդպես էլ չի ստացվում։ Այս տարի մեկ այլ բան մտածեցի։ Երբ ամսի 31-ին ձյուն եկավ, փորձեցի մի հեքիաթ հորինել, որտեղ թափվող ձյան  յուրաքանչյուր փաթիլ ստացավ նվերի տեսք, եւ ստացվեց, որ այս փաթիլներն Աստծո կողմից կատարվող հրաշքներ են… Չեմ կարողանում աշխատել ձմռանը, անընդհատ քնում եմ, որ շուտ անցի այս եղանակը։ Այս փաթիլներին երազանքի եւ հրաշքի տեսք տալով՝ որոշակի փոփոխվեց ձմռան հանդեպ ունեցած վերաբերմունքս։

- Իսկ ինչպիսի՞ երազանքներ ունես։
-Երազկոտ եմ, բայց հիմա ունեմ մի երազանք, որ աշխարհում չլինեն  հիմանդ մարդիկ, ովքեր չեն կարող պլանավորել իրենց վաղը, առօրյան։ Մենք երբեմն բողոքում ենք երկրի վիճակից, գումարից, տարբեր խնդիրներից, սակայն երբ տեսնում ենք  մարդկանց, ովքեր պայքարում են կյանքի համար, հասկանում ես, որ քո խնդիրն  այնքան փոքր է։ Փոքր ժամանակ էլ երազում էի մեծ ծերանոց բացելու մասին, ի դեպ,  երազում էի նաեւ ունենալ 10-ից ավելի երեխա. երեխաներ շատ եմ սիրում։

-Այդքա՜ն երեխա սիրող Անին ե՞րբ կունենա սեփական փոքրիկին:
-Կարծում եմ՝ ամեն բան ինքն իրեն կստացվի, քանի որ յուրաքանչյուր կարեւոր իրողությունն իր ժամանակն ունի: Դա պլանավորելով չէ:

Անի Լուպեն


-Անի, յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանեկան սպիտակ զգեստ կրելու մասին, վստահ եմ՝ Դուք էլ ունեք  նման ցանկություն:
-Այո, ես ասում եմ, որ երջանկությունն ամուսնության մեջ չէ, հարսանեկան զգեստի մասին միշտ էլ երազել եմ, հիմա էլ եմ սիրում։ Պարզապես մեզ մոտ՝ Հայաստանում, կանոնավոր բաներ կան, որոնք մարդիկ անում են պարտավորված: Ես այդ կանոններին որոշակիորեն դեմ եմ, քանի որ կան մարդիկ, ովքեր մեծ խնջույք են անում, հագնում հարսանեկան զգեստ եւ ամենեւին էլ երջանիկ չեն։ Դու կարող ես հագնել այդ զգեստը, լինել միայն սիրելիիդ հետ, եւ վերջ։ Հարսանեկան ճերմակ զգեստ կրելու պայմանն ինքդ կարող ես ստեղծել։ Ես անպայման կկրեմ այդ զգեստը:

-Անի՛, ունեք ընտրյալ, սակայն չեք հանրայնացնում ձեր հարաբերությունները, ինչո՞ւ։
-Դա իմ ընտրյալի ցանկությունն է: Ես անուններ տալուց չեմ վախենում, պարզապես իրականացնում եմ ընտրյալիս ցանկությունը։

-Իսկ որպես զույգ ռոմանտի՞կ եք։
-Այո,  վստահ կարող եմ ասել, որ ռոմանտիկ ենք: Երեւի ինձնից է գալիս. ես իմ տեսակով եմ երազկոտ եւ ռոմանտիկ։ Ի դեպ, երկար ժամանակ է, ինչ միասին ենք, եւ կարծում եմ՝ ոչ միայն ռոմանտիկ ենք, այլեւ ֆանտաստիկ։ Կարեւորն այն է, որ  ընտրյալս ինձ չի փոխել, եւ, ստեղծելով մեր աշխարհը, մենք չենք խանգարում մեր առանձին աշխարհներին։ Մեր վերաբերմունքն աշխատանքին, ընկերներին, շրջապատին չի փոխվել, սա թերեւս շատ կարեւոր փաստ է ինձ համար… Իսկական սերն ազատությունն է:

Անի Լուպեն


-Իսկ նման ասպետի մասի՞ն եք միշտ երազել։
-Ես միշտ տվյալ օրով եմ ապրում, մարդիկ  հասկանում են, որ ես վաղվա մասին չեմ մտածում (ծիծաղում է,-հեղ.) հիմա՝ այո, նա իմ երազանքների ասպետն է, սակայն չես իմանա` մեկ կամ երկու տարի հետո կփոխվի բնավորություն, եւ ընտրությունդ կմնա նույնը, թե` ոչ։

-Ձեզ մշտապես Կամերայինի բեմում ենք  տեսնում, սա հավատարմությո՞ւն է:
- Մեծամիտ  չթվա, բայց ես ինձ բազմաժանր դերասանուհի եմ համարում։ Ինչու եմ սիրում այս թատրոնը, քանի որ Արա Երնջակյանի հետ սիրում եմ աշխատել, նրա մեջ կա մի հանգստություն, որը քեզ հնարավորություն է տալիս բացվելու։ Մշտապես այս թատրոնի բեմում լինելը կապված է միայն ու միայն այս թատրոնի հանդեպ ունեցած սիրո հետ։ Իսկ ֆիլմերում շատ մեծ փորձ չունեմ, հրավերներ եղել են, սակայն սցենարային առումով չեմ համաձայնել։

-«Ազիզյաններ» սիթքոմում Ձեր կերպարին հե՞շտ հարմարվեցիք:
- Սկզբում կար որոշակի հուզվածություն, հետո երբ ռեժիսորի հետ համատեղ աշխատանքն օգնեց  հասկանալ Ռուզանի տեսակն ու կերպարը, ամեն բան իր հունով գնաց։ Երբ անկեղծ ես վերաբերվում կերպարին, հաջողվում է։

-Գառնիկի պակասը շա՞տ եք զգում։
- Շատ: Կարծում եմ՝ Ռուզանն ավելի լիարժեք էր Գառնիկի հետ։ Հայկ Մարությանից շատ լավ բաներ էի վերցնում։ Կարոտում եմ Գառնիկին։

Անի Լուպեն


- «Ես անում եմ այն ամենն, ինչ ինձ հաճույք է պարգեւում»՝  ասել եք Դուք հարցազրույցներից մեկի ժամանակ:
- Ես շատ բարի մարդ չեմ, իմ վատ կողմերն էլ ունեմ, սակայն ամեն օր քնելուց առաջ  Աստծուն խնդրում եմ, որ լույսը բարի լինի, երբ արթնանում եմ, նոր օր, նոր լույս, օրս սկսվում է շնորհակալությամբ։ Այո՛, ամեն բան անում եմ հաճույքով՝ թատրոն, ներկայացումներ, նկարահանում, ռեստորանում իմ երգելը, ես ոչինչ չեմ անում  պարտավորված:

- Անի՛, ի՞նչ կանեիք, եթե ինքներդ Ձեզ հանդիպեիք։
- Կժպտայի, խորհուրդ կտայի, որ տեսակը չփոխի, կասեի, որ չվախենա մահանալուց, դա էլ խորհուրդ կտայի նրա համար, որ շատ եմ վախենում մահանալուց։ Սիրում եմ  իմ կյանքը։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport