×


«Երկնագույն շան աչքեր»-ում Իննա Խոջամիրյանն է ու աճեմյանցիները

Կրկին նոր համագործակցություն ու պրեմիերա Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այս անգամ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին ներկայացվելու է նոր հերոսներով ու գույներով: Իրենց թարմ շունչն ու գույնն են բեմադրությանը հաղորդելու հեռուստանախագծերից ու սերիալներից հայտնի Իննա Խոջամիրյանն ու Գյումրիի դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանը:

Սերիալից թատրոն մուտքը մասնագիտությամբ հոգեբան Իննայի համար պատասխանատու է, մի փոքր բարդ, ինչը փորձում է հաղթահարել աշխատասիրությամբ: Փորձեր, փորձեր ու էլի փորձեր… նաեւ հույզերն ու զգացմունքները շարժումներով ու ժեստերով փոխանցելու հմտությունների զարգացում:


«Թատրոնն ու սերիալը անհամեմատելի, իրարից կտրուկ տարբեր աշխարհներ են։ Ամեն դեպքում հեռուստատեսությունը որպես այդպիսին իմ առաջին գործատուն է, իմ պարագայում՝ ես կայացած եմ սերիալում, և նոր եմ անցում կատարում թատրոն։ Ես չեմ կարող որակել մեկը՝ արժեզրկելով մյուսը, և հակառակը։ Ես իմ 2 գործին էլ վերաբերվում եմ ամենայն լրջությամբ»,- նշում է Իննա Խոջամիրյանը:

Նրան այս հարցում օգնում է բեմադրության ռեժիսորը՝ Ռաֆայել Ասատրյանը: Հենց նա է առաջարկել ապրող ու դեռ հանդիսատեսի պակաս չունեցող այս ներկայացմանը նոր շունչ հաղորդել, «Երկնագույն շան աչքերը» Իննայի ու Արսենի բնավորությամբ լցնել: Նրանց համար էլ այս համագործակցությունը իրար բացահայտելու ու իրենց հետ հանդիսատեսին ապրեցնելու փորձ է լինելու: Չկան հայտնիներ ու անհայտներ, կա բեմադրություն, որին պատրաստվում են պատասխանատվությամբ:

«Ստեղծագործական պրոցեսի ընթացքում մենք կարողացանք օգնել իրար, Իննան հիանալի անձնավորություն է, շատ արագ ընկերացանք, ու դա նպաստեց, որ շատ հեշտ ընկնենք ներկայացման ռիթմի մեջ: Երբեմն կատակով ասում եմ՝ «տեսե՛ք՝ հայտնի սուպերսթարն է եկել թատրոն», մաքուր ընկերական կատակներ են, ոչինչ չի խանգարում, որ լավ ներկայացում ծնվի»,- ասում է Արսեն Միքայելյանն ու մի քանի հետաքրքիր փաստերի մասին պատմում:


Առաջին անգամ ուսանողական տարիներին է բեմադրել այս ներկայացումը: Կուրսղեկ Լյուդվիգ Հարությունյանի օգնությամբ ու աջակցությամբ այն հաջողություն գրանցեց: Հետագայում նոր մոտեցումներով Ռաֆայել Ասատրյանը այն բարձրացրեց Գյումրիի դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի փոքր դահլիճ: Բեմադրությունը ներկայացվել է Լիբանանում, դերակատարուհին արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

2017 թ-ից մինչ օրս 11 դերասաններ են խաղացել, ամեն մեկն իրենով ու իր հույզերով է լցրել մարկեսյան խորհրդավոր երազի ու իրականության հատույթում ապրող այս ստեղծագործությունը:

Ստեղծագործական թիմը վստահեցնում է, որ ներկայացումը չի լինելու նախորդների կրկնությունը: Ռեժիսորական լուծումները համարյա նույնն են մնալու, իսկ դերասանական մոտեցումն ամեն անգամ տարբեր է:


«Այն կրկնօրինակել պարզապես չեմ կարող: Ցավոք, ոչ մի անգամ ներկայացումը չեմ դիտել։ Իսկ մեր համագործակցության մեկնարկից ի վեր թատրոնի ղեկավարությունը միայն մեկ անգամ թույլ տվեց վիդեո տարբերակը դիտել՝ չգիտակցված կամ թեկուզ մասնակի կրկնօրինակումից խուսափելու համար։ Ես «Երկնագույն շան աչքերի» գունապնակին եւս մի գույն եմ ավելացնելու, որն ինձնից առաջ արդեն հասցրել են անել նախորդ դերասանները՝ ամեն մեկը յուրովի: Այն առանձնահատկությունը, որը կգտնի հանդիսատեսը ներկայացման մեր մատուցման մեջ, կիմանա միայն հանդիսատեսը։ Ես չեմ կարող նշել ոչ առանձնահատկությունները, ոչ թերացումները, ոչ սպասվող նորությունները. ես սուբյեկտիվ կողմն եմ», - ժպտալով ու համեստորեն նշում է Իննան, իսկ Արսենը հավելում է.

«Ցանկացած դերասան ինդիվիդուալ օրգանիզմ է, ուզում է մի դերը 25 հոգի խաղա, միեւնույն է՝ տարբեր են խաղալու՝ իրենց ներաշխարհի ապրումներից է ծնվում դերը: Բոլորը բերել են իրենց մոտեցումները, մենք էլ փորձելու ենք մեր ձեւով ներկայացնել»:

Համագործակցություններից ծնվող բեմադրությունների շահեկան կողմերը

Գյումրիի դրամատիկական թատրոնում հրավիրյալ արտիստների ու ռեժիսորների մասնակցությամբ ներկայացումներ բեմադրելու ավանդույթը վաղուց է ձեւավորվել: Տարիներ առաջ հրավիրյալների շարքում էր նաեւ ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Բոլորովին վերջերս էլ ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու Ռոզի Ավետիսովան աճեմյանցիների հետ բեմ բարձրացան, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ էլ «Ոչինչ չի մնա»-ն բեմադրվեց, եւ այս ցանկը կարելի է երկար շարունակել:

Իննա Խոջամիրյանը


Գյումրիի դրամատիական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի կարծիքով, հրավիրյալ ռեժիսորներ ու դերասաններ միշտ են լինելու աճեմյանական բեմում.

«Ամեն դերասան իր հետ բերում է նոր մեկնաբանություն, եւ յուրաքանչյուր դերասան ունի իր հանդիսատեսը, իսկ մենք պիտի դա հաշվի առնենք: Չկորցնելով գեղարվեստական որակը՝ պիտի հաշվի առնենք նաեւ կոմերցիան, բայց էնպես չպետք է լինի, որ կոմերցիայի պատճառով կորի գեղարվեստական արժեքն ու որակը: Մեր թատրոնը միշտ փորձել է համատեղել՝ չի կորցրել ոչ մեկը, ոչ մյուսը»:

Իսկ թե ինչպես է ընտրությունը կատարվում՝ որ դերասանին կամ ռեժիսորին հրավիրել Գյումրիի դրամատիկական, այս հարցում մոտեցումը մեկն է. ազատություն է տրվում ռեժիսորին, որը գտնում է իր դերասանին եււ հնարավորություն տալիս բացահայտվելու ու փոխշահավետ համագործակցելու:

«Կրկին Մհեր Մկրտչյան փոքր դահլիճում է ներկայացվելու «Երկնագույն շան աչքերը», այդ դահլիճն ավելի երիտասարդական, ավելի նորարարական է ու էքսպերեմենտալ է, երիտասարդներին հնարավորություն է տալիս փորձարկումներ անել, իսկ տվյալ դեպքում այս խումբը՝ Իննան, Ռաֆայելն ու Արսենը, իրենք կարողանում են հետաքրքիր ստեղծագործել: Ճիշտ է, Իննայի առաջին քայլերն են թատրոնում, բայց բեմի նկատմամբ իր պրոֆեսիոնալ վերաբերմունքով ու աշխատասիրությոամբ հիացրել է, չեմ փոշմանել, ու արդյունքը շատ լավ է լինելու»:

Լյուդվիգ Հարությունյանը


154-րդ թատերաշրջանում Իննա Խոջամիրյանը միակ հրավիրյալ դերասանը չի լինելու, նոր՝ «Թռիչք» բեմադրության մեջ Անի Խաչիկյանն է բեմ բարձրանալու աճեմյանցիների հետ:

Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենը նաեւ մի փոքր բացեց փակագծերը: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» երիտասարդները ներկայացնելու են նաեւ անգլերեն լեզվով, ինչը հնարավորություն կտա մասնակցել միջազգային փառատոններին:

Այժմ ընթանում են ներկայացման տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Վայրկյանների ընթացքում «Երկնագույն շան աչքերի» գաղտնիքը մի փոքր կբացվի, սիրո ու խորհրդավոր մարկեսյան իրականության որոշ դետալներ վարկյանների ընթացքում կներկայացվեն բոլորին, իսկ շարունակությունը կարելի է արդեն զգալ, ապրել ու բացահայտել բեմադրությունը դիտելուց հետո միայն:

«Առաջնախաղը լինելու է սեպտեմբերի 25-ին, առաջիկայում առիթ կունենաք տեսնել տեսահոլովակը: Մեծ թիմ է աշխատում, կարող եմ ասել, որ աշխատում են լավագույն մասնագետները՝ ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, դիզայներ Արվին Քոչարյանը, մի խոսքով, ռեժիսորից ու դերասաններից բացի մեծ թիմ է աշխատում, որ ճիշտ ու գեղեցիկ ներկայանանք հանդիսատեսին ու հրավիրենք նրան մեր թատրոնի Մհեր Մկրտչյանի փոքր դահլիճ»,- խոսքը եզրափակում է Լյուդվիգ Հարությունյանը:

Ի դեպ, սեպտեմբերի 25-ն Իննա Խոջամիրյանի ծննդյան օրն է, ու նա այն նշելու է բեմում: :)

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները տրամադրել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport