×


«Իմ անձնականն այլեւս երբեք հանրային չի լինելու». Արեւիկ Գեւորգյան

Դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը BRAVO.am-ին պատմել է եթերում չլինելու պատճառների, իր ամենասիրելի վայրերի մասին: Անդրադարձել ենք նաեւ անձնականի, մասնավորապես՝ ամուսնալուծության թեմայով շրջանառվող խոսակցություններին:

- Ո՞րն է եթերային դադարի պատճառը:
- Երբ նկարահանվում էի «Մեր գյուղը» բազմասերիանոց ֆիլմում, արդեն սովորում էի Թատերական ինստիտուտի առաջին կուրսում եւ հենց այդ ժամանակ որոշեցի կապերս խզել հեռուստատեսության հետ: Թատերականում սովորելը շատ ծանր էր, կարծես բանակում լինես, պարզապես չորս տարով (ծիծաղում է,- հեղ.), ու դրա հետ համատեղել նկարահանումներ ես չէի կարող, հատկապես, որ շատ կարեւորում եմ ուսումը: Սովորելու տարիներին այնպիսի նյութեր էինք ուսումնասիրել, որ ավարտելուց հետո ես չէի կարողանում վերադառնալ կերպարների, երբ չես կարող լողալ, չունես բացվելու հնարավորություն:

Արեւիկ Գրիգորյանը


- Վաղ տարիքից լինելով նկարահանումների մեջ՝ ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ պետք էր միանգամից հեռանալ այդ ամենից:
- Հեշտ չէր: Կարծես շիկացած երկաթը մաշկիդ է դիպչում. շատ ցավոտ էր, բայց դրանից հետո եկավ իրողության ընդունման փուլը, որից հետո ես սկսեցի լցնել կյանքս գրականության, երաժշտության, ճամփորդելու միջոցով: Նաեւ Տիկնիկային թատրոնում եմ աշխատում. ներգրավված եմ մի քանի ներկայացման մեջ եւ հիմա էլ ունեմ նոր ներկայացման առաջարկ, որի մասին դեռ չեմ ցանկանա խոսել:

- Այսօր նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:
- Դեկտեմբերին Արման Նշանյանի «Կոմիտաս» ֆիլմում մարմնավորում էի գլխավոր հերոսուհիներից մեկին: Սա իմ վերջին նախագիծն է եղել, որը, հուսանք, հոկտեմբերին արդեն էկրաններին կլինի: Այլ առաջարկներ դեռ չունեմ ու, անկեղծ ասած, չեմ շտապում:

- Նշեցիք, որ Ձեր կյանքը լցնելու միջոցներից է ճամփորդելը. ո՞ր երկրի կամ քաղաքի մասին էիք երազում, որ եղել եք եւ դեռ չեք հասցրել լինել:
-Շատ սիրում եմ ճամփորդել, այնքան բան եմ բացահայտում, հասկանում եմ, թե ինչքան փոքր են այն խնդիրները, որոնց պատճառով մենք արտասվում ենք գիշերները:

Արեւիկ Գրիգորյանը


Իմ երազանքն էր լինել Սանկտ Պետերբուրգում, եւ շնորհակալ եմ Աստծուն, որ շատ անգամներ եղա այնտեղ ու պատրաստ եմ անվերջ վերադառնալ: Այնտեղ օդում մշակույթ կա, մուրացկանի հետ անգամ կարող ես խոսել Չեխովից, քննարկել ինչ-որ գիրք:

Երկրորդ կամ երրորդ կուրսում հյուրախաղերով եղանք Փարիզում , բայց կարծում եմ՝ ես Փարիզը չեմ տեսել. կուզեի տեսնել Փարիզը եւ նաեւ լինել Երուսաղեմում:

Անձնականի մասին

-Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ տարածվեցին Ձեր ամուսնալուծության մասին, որոնք սկզբում չմեկնաբանեցիք, ապա՝ հերքեցիք: Այնուամենայնիվ, Դուք այլեւս չեք կիսվում ընտանեկան լուսանկարներով, նորություններով: Այսօր պատրա՞ստ եք խոսել այս մասին:
- Գիտեք, հենց այս երեւույթն է ցավալի. ես դերասանուհի եմ, ծավալում եմ ստեղծագործական գործունեություն, բայց ինձ զանգահարում եւ հարցնում են իմ անձնականից: Իմ անձնականն այլեւս երբեք հանրային չի լինելու:

Արեւիկ Գրիգորյանը


-Բայց, կարծես, ընդամենը մի քանի ամիս առաջ ամեն ինչ հանրային էր, եւ Դուք էլ չէիք խուսափում մեկնաբանություններ անել անձնականի մասին:
-Գուցե մեծացել եմ եւ ներքին փոփոխությունների արդյունքում հասկացել, որ այլեւս երբեք չեմ ցանկանում խոսել անձնականի մասին: Անձնականը թող մնա անձնական: Պատրաստ եմ ժամերով պատմել ներկայացումների մասին, որոնցում զբաղված եմ, կիսվել գրքերով, որ կարդացել եմ: Վստահ եմ՝ դա եւս կհետաքրքրի շատերին:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արեւիկ Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport