×


«Լոռեցի Սաքո» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում

«Լոռեցի Սաքո»-ի պրեմիերան Համազգայինում եւ հայտնի հյուրերի կարծիքները

Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի 150-ամյակը չեն շրջանցել նաեւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում, որտեղ այդ առիթով նոր ներկայացում է բեմադրվել` «Լոռեցի Սաքոն» պոեմի հիման վրա: Հայտնի ու սիրված այս ստեղծագործությունը, ինչպես երեւում է, արդիական է նաեւ մեր օրերում, քանի որ ներկայացման ռեժիսորը՝ Նարինե Գրիգորյանը, իր բեմադրությամբ փորձել է անդրադառնալ ժամանակակից խնդիրներին` կապված երեխաների դաստիարակության հետ: Պոեմում Սաքոյին խելագարության են հասցնում տատի սնահավատ պատմությունները, որոնք նա հիշում է մի գիշեր անտառում մենակ մնալով: Եվ հարց է առաջանում` իսկ մենք ի՞նչ ենք մատուցում մեր երեխաներին` հեռուստատեսության, տարատեսակ մուլտֆիլմերի ու վիդեոխաղերի միջոցով, եւ ի՞նչ պտուղներ ենք հավաքելու վաղը:

«Լոռեցի Սաքո» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում


Ներկայացման առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է ընթացքը, նաեւ զրուցել բեմադրության հեղինակի եւ գլխավոր դերակատարի հետ: Թե ինչու է ընտրվել հենց այս ստեղծագործությունը, Նարինե Գրիգորյանը բացատրեց նաեւ նրանով, որ Սաքոյին մարմնավորող Արման Նավասարդյանն իր էությամբ արդեն իսկ կրում է այդ բնությունը.«Թեմային անդրադառնալու խնդիրն էլ այն էր, որ ինքս էլ ունեմ փոքր երեխա եւ տեսնում եմ, թե ինչով ենք լցնում նրանց օրը: Եվ հարց է ծագում, թե ինչ ենք ստանալու հետո»,- ասաց ներկայացման ռեժիսորն ու թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե որն է եղել բեմադրության ամենաբարդ հատվածը: Նարինեն խոստովանեց, որ ռիթմը գտնելն է եղել իրենց աշխատանքում ամենադժվարը.«Հանդիսատեսն այսօր եկել է, եւ դեռ նոր պիտի ձեւավորվի այդ կոնտակտը. այն դեռ չի ծնվել: Մի որոշ ժամանակ հետո լրիվ կգտնենք ներկայացման ռիթմը, կոնտակտը հանդիսատեսի հետ...»:

Նշենք, որ բեմադրությունը համեմված էր երաժշտական ինքնատիպ լուծումներով, երգով ու նվագով, որոնք կատարում էին հենց ներկայացման դերակատարները՝  Արման Նավասարդյանը, Տաթեւ Ղազարյանը, Ալլա Սահակյանը եւ Արմինե Անդրեասյանը: Սաքոյին մարմնավորող Արման Նավասարդյանը նույնիսկ մի քանի անգամ առիթ ունեցավ ցուցադրել զուռնա ու շվի նվագելու իր հմտությունները:

«Լոռեցի Սաքո» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում


Ներկայացումից հետո մեր զրույցում դերասանը խոստովանեց, որ վաղուց գիտեր նվագել այդ գործիքներով, թեեւ, իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Ու նաեւ կեսկատակ ընդգծեց՝ շատ քիչ բան կա ընդհանրապես, որ ինքը չի կարողանում անել. «Ուղղաթիռ վարում եմ, մեղու պահում եմ...»,- ասաց նա:

Խոսելով նաեւ իր կերպարի մասին՝ նշեց, որ բարդ չէր մարմնավորելը, քանի որ ինքը այդ բնության, այդ սարերի, ձորերի, մոլեգնած գետի ծնունդն է եւ այդ ամենի ափերին է մեծացել.«Մի քանի ամիս առաջ Բեյրութում Կոմիտասի ու Թումանյանի 150-ամյակների առթիվ ստեղծագործությունների կոմպոզիցիա արեցինք` որպես համերգային ծրագիր: Եվ ես այս գործն էի կարդում՝ «Լոռեցի Սաքոն», Նարինեն էլ այդտեղից ոգեշնչվեց, որ պիտի բեմադրվի ներկայացումը»,- պատմեց դերասանն ու թատրոնի տնօրենը:

«Լոռեցի Սաքո» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում


Ներկայացման ավարտին ռեժիսորին ու դերասաններին շնորհավորելու էին եկել նրանց գործընկերները, հյուրերը, որոնք միմյանց հերթ չտալով շտապում էին իրենց հիացմունքի խոսքն ասել բեմադրության եւ դերասանական խաղի մասին: Ջազ երաժիշտ Մարտին Վարդազարյանն էլ, ով նույնպես հանդիսատեսի շարքերում էր, մոտենալով Արման Նավասարդյանին, ասաց՝ «Դու դերասան չես, դու արտիստ ես»: Նման մեկնաբանությունների ու գովեստի խոսքերի պակաս երեկ չզգացին դերասաններն ու ռեժիսորը, սակայն ինչպես Նարինե Գրիգորյանը նկատեց, ներկայացումն իր լիարժեք ռիթմը կգտնի մի քանի ելույթներից հետո միայն: Այնպես որ, առաջիկայում դուք նույնպես կարող եք այցելել թատրոն ու ձեր կարծիքն ունենալ ներկայացման հաջողության մասին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport