×


«Մի անգամ Հոլիվուդում»․ Տարանտինոյի նվերը իրեն ստեղծած կինեմատոգրաֆին

Հոլիվուդ, 1969 թ., Cielo Drive. վեսթերն հեռուստասերիալների աստղ Րիք Դալթոնը (Լեոնարդո Դի Կապրիո) եւ նրա կասկադյոր, օգնական, վարորդ եւ պարզապես ամենամտերիմ ընկեր Քլիֆ Բութը (Բրեդ Փիթ) վերադառնում են Դալթոնի առանձնատուն։

Րիքը պետք է պատրաստվի վաղվա նկարահանումներին եւ սփոփի մասնագիտական էգոն. հեռուստասերիալային չարագործի կարիերան հոլիվուդյան փառքի այն կտորը չէ, որի մասին նա երազում էր։ Նա հոգնել է միապաղաղ նախագծերից եւ միանման դերերից, տենչում է ավելի արժեքավոր, մեծ դերի մասին։ Չէ՞ որ հենց այստեղ՝ շքամուտքից մի քանի մետր այն կողմ, շուրջբոլորը մեծ կինոյի աստղեր են, օդում սավառնում են ռոքնռոլը, խնամված կիսամերկ մարմինները եւ ամենատարբեր էքսցենտրիկ լուծումները. հարեւան Ռոման Պոլանսկին մեկնում է խնջույքի գրեթե միջնադարյան կոստյումով եւ ռետրո ավտոմեքենայով, իսկ նրա գեղեցկուհի կինը՝ երիտասարդ մոդել եւ դերասանուհի Շերոն Թեյթը (Մարգո Ռոբի) կարծես ապրում է անդադար ու ալեկոծ ռիթմով կյանքում։


Ինչպես Դալթոնն է վարպետորեն խառնում բազմաթիվ կոկտեյլները, որոնք կհովացնեն սիրտն ու հոգին, այնպես էլ ամերիկյան պոստմոդերնիզմի ամենակարեւոր վարպետը, արդի մասսմարքեթի սպառողին հեղինակային ֆիլմեր դիտել սովորացրած Քվենտին Տարանտինոն խճճում է իրականությունը եւ հնարածը, իրականն ու ուտոպիստականը։ Նա ամբողջ կյանքն ու 9 ֆիլմ շարունակ կերտել է իր երազանքի մինի-աշխարհները, պատկերել է երազանքները մեզ ծանոթ կենցաղային միջավայրում, քանդակել է ամենախիզախ եւ հանդուգն իրականությունները, որտեղ, օրինակ՝ «իտալացի կինեմատոգրաֆիստները» ոչնչացնում են Հիտլերին, կամ վրիժառու մայրը վերացնում է ճապոնացի մարդասպաններից բաղկացած մաֆիոզիների կլան։

Նա միշտ սիրել եւ փայփայել է «թիթեռի էֆեկտի» վարկածը. ախ, ինչ լավ կլիներ, եթե… Նմանատիպ ցանկություններ հայտնել են հեղինակային կինոյի տասնյակ վարպետներ՝ Վուդի Ալենից մինչեւ Ռոյ Անդերսոն՝ նույն կերպ միաձուլելով ձեւաչափը բովանդակության հետ, որտեղ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի։ Տարանտինոյի աշխարհում արյունարբու էքշնը, պիժոնական, ցուցադրական երկխոսությունները կանանց եւ սննդի, սեքսի եւ ավտոմեքենաների, զենքի ու թմրանյութերի մասին այն օդն ու ջուրն են, որ սնում են շրջակա միջավայրը։ Դրանք էլ իրենց հերթին սոսնձվում են հողին՝ ամուր կառուցված հողակտորին։ Իհարկե, այդ ամենը խիստ կապակցված է դասական եւ կուլտային կինոնմուշների հետ ու համեմված ակտիվ սաունդթրեքներով, որոնք նույնպես հանդես են գալիս իբրեւ առանձին դերակատարներ։


Cielo Drive-ը՝ ավտոմեքենայի արահետով վերեւ բարձրացող փողոցը, որտեղ բնակվում են «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի գլխավոր հերոսները, Օլիմպոս է՝ աստվածների եւ այլ դիցաբանական էակների կեցավայր։ Cielo-ն իտալերենում նշանակում է երկինք. հերոսները բառացիորեն եւ փոխաբերական իմաստով բարձրունքում են։

Քլիֆ Բութը պակաս հնչեղ չէ եւ չի զիջում Բրեդ Փիթ անվանը, իսկ Դի Կապրիոն, ինչպես եւ Ռիք Դալթոնը, շատ հանգիստ կարող է ունենալ նմանատիպ մասնագիտական ընկճախտի նշույլներ։ Բայց հարցը դա չէ, խնդիրը անհետացող ժամանակաշրջանն է (մեզնից առաջ ավելի լավ էր, քան հիմա), ավազի պես ափերի մեջ սղացող տարիների եւ տասնամյակների, գնացող դարաշրջանի եւ իր հերոսների, որոնք ծնել են այդ ժամանակաշրջանը, կամ էլ ժամանակաշրջանն է ծնել իրենց։ Եթե, ասենք, նույն Վուդի Ալենը իր նոստալգիկ հակումների համար տեղափոխում է հերոսին Ֆիցջերալդի, Պիկասոյի եւ Դալիի Փարիզ, որտեղ ապրում եւ արարում էին 20-րդ դարի կարեւորագույն նկարիչները, ապա Տարանտինոն անձամբ է տեղափոխվում 69 թվական՝ փորձելով տրորել թիթեռնիկին եւ փոխել աստվածների ճակատագիրը։ 1969 թվական, որը մնաց Հոլիվուդի պատմության մեջ իբրեւ Չարլզ Մենսոնի տարի. (ՍՓՈՅԼԵՐ) Տարանտինոն պարզապես իր սրբազան պարտքն էր համարում «հագնել Բրյուս Լիի դեղին կոստյումը» եւ փոխհատուցեր եթե ոչ բոլոր չծնված երեխաների, ապա միանշանակ չծնված ֆիլմերի համար։ (ՍՓՈՅԼԵՐԻ ԱՎԱՐՏ)


Եվ եթե Հերակլեսի սխրանքները թվով 12 էին, ապա ռեժիսոր եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոն որոշել է կանգ առնել տասի վրա՝ նվիրելով դրանցից մեկը (հավանաբար՝ ամենանշտապը, ամենահասունն ու քնքուշը) իր անվերջ սիրուն, հիվանդագին կախվածությանն ու անսպառ կիրքին՝ իրեն ստեղծած կինեմատոգրաֆին։

Դիանա Մարտիրոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport