×


«Մի՛ սպանիր սերը, բայց մի՛ թող, որ այն սպանի քեզ». Սրբուկի եվրատեսիլյան երգի ուղերձը

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի երգի տեսահոլովակն արդեն ներկայացրել ենք։ «Walking Out» երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակն է Գարիկ Պապոյանը։

«Երբ առաջին անգամ լսեցի երգի մեղեդին, աչքերիս առջեւ կյանքիս որոշ դրվագներ անցան, որոնք ակտուալ են մինչ այսօր, դեպքեր, որոնք հիշողություն դեռ չեն դարձել, թարմ են շատ։ Ու ես հասկացա, որ հենց այդ ներսիս կռիվն ու զգացողություններիս պայքարը պետք է լինի այն երգում, որով շատերին ու ինքս ինձ ուզում եմ ասել` մի՛ սպանիր սերը, բայց մի՛ թող, որ այն սպանի քեզ»,- նշում է Սրբուկը։


Երգում զգացողությունների պայքար է, սիրող սրտի մենախոսություն, որն ամեն վայրկյան կարող է վերածվել երկխոսության։ Հնչում են անպատասխան հարցեր, համոզմունք` մինչեւ այդ կետը հասցնել չի կարելի։

Տեսահոլովակը նկարահանել է «Factory production» ընկերությունը. ռեժիսոր` Արթուր Մանուկյան, օպերատոր` Արտյոմ Աբովյան, ոճաբան` Անի Մեսրոպյան, խորեոգրաֆ` Հովհաննես Սարգսյան։

Սրբուկի խոսքով, երբ երգն արդեն պատրաստ էր եւ քննարկվում էր, թե ինչ մոտեցմամբ պետք է ստեղծվի տեսահոլովակը, ինչ կերպով պետք է ներկայացվեն երգում առկա գաղափարները, ստեղծագործական խմբի հետ միանգամից որոշվել է այլաբանորեն ներկայացնել այն զգացողությունները, որ ապրում է սիրող խաբված մարդը։

Երբ սիրտդ ենթադրաբար պետք է ուրախությունից պատռվի, բայց շնչելու համար անգամ բավարար օդ չկա, երբ պլանավորում էիր ամբողջ աշխարհին պատմել երջանկությանդ մասին, բայց ստիպված ես փակվել ինքդ քո մեջ` հեռու աշխարհից, ձեռքերը կապված, դեմքը փոխված, ծամածռված, շարունակելով ձեւանալ` միայն թե չմեռնի սերը։ Իսկ օդում կախված հարց կա` մինչեւ ե՞րբ, որքա՞ն ես դեռ պատրաստ ապրել այդ կանոններով։

Տեսահոլովակում կան բազմաթիվ սիմվոլներ, որոնք յուրաքանչյուր դիտող յուրովի կկարողանա մեկնաբանել. չէ՞ որ ներկայացված զգացողությունները ընդհանուր են շատերի համար, բայց հանգուցալուծումը` միանգամայն տարբերվող։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport