×


«Շատ եմ զանգել, իմ մասին հիշեցրել, բայց… ». Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյանը, ճիշտ է, ստեղծագործական դադարի մեջ է, բայց իր հավատարիմ երկրպագուների սերը չի կորցրել: Նա իր ժամանակն այս պահին տրամադրում է փոքրիկին՝ երկուսուկես տարեկան Տաթեւին: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում վերհիշել է իր բուռն ստեղծագործական տարիները, անկեղծացել իրեն ցավեցրած նախկին ընկերների մասին եւ խոստովանել, որ այլեւս խանդով չի վերաբերվում իր հեղինակային երգերին:

- Տարիներ առաջ երկրպագուների մեծ բանակ ունեիք, կարելի է ասել՝ հաջողության բարձունքում էիք: Կա՞ կարոտ դեպի այդ ժամանակները:
- Շնորհակալ եմ, որ ունեցել եմ այդ տարիներն իմ կյանքում: Բազմաթիվ համերգներ եմ ունեցել արտերկրում ոչ թե հարսանիքային երգացանկով, այլ իմ հեղինակային երգերով: Դրանք շատ հաճելի պահեր էին, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Հիմա ժամանակն էր, որ ընտանիք կազմեի, մայրանայի: Բայց նաեւ կարոտում եմ բեմը:

Հասմիկ Կարապետյանը՝ դստեր հետ


- Ասպարեզում նոր երգիչ-երգչուհիներ են: Նոր սերնդի հանդեպ խանդի զգացում չկա՞:
- Ես գիտակցում եմ, որ ոչ մեկն անփոխարինելի չէ: Մեզ փոխարինել են շատ տաղանդավոր մարդիկ: Մեր ժամանակը մերն էր, հիմա նրանց ժամանակն է: Երանության զգացումով եմ իրենց նայում, երբ տեսնում եմ՝ ստեղծագործական ակտիվ փուլում են: Մտածում եմ՝ երանի իրենց, որ կյանքի ամենագեղեցիկ շրջաններից մեկն են ապրում: Երբեմն նախանձում եմ այն երգչուհիներին, ովքեր կարողանում են երգարվեստն ու ընտանիքը համատեղել:

- Այսօրվա շոու բիզնեսը ինչո՞վ է տարբերվում այն շոու բիզնեսից, որում Դուք էիք:
- Այսօրվանը շատ է տարբերվում: Այն ժամանակ կային 12-13 հոգի, ովքեր ամեն մեկը մի գույն, մի տեսակ էին ներկայացնում: Երբեք չէիր կարող տվյալ ստեղծագործողին ուրիշ մեկի հետ շփոթել, կամ չհասկանայիր՝ ով է երգում: Այն ժամանակ ամեն ինչ արվում էր ոչ թե գումար աշխատելու, այլ որակի համար: Ցավոք սրտի, այսօր ես դա չեմ տեսնում:

- Այսօրվա շոու բիզնեսում ֆավորիտներ ունե՞ք:
- Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ը շատ տաղանդավոր են ու որակով աշխատանք են ներկայացնում: Սիրում եմ նաեւ Սոնա Ռուբենյան-Գարիկ զույգը: Կրեատիվ են, համատեղում են թե՛ բիզնեսը, թե՛ որակը:

Հասմիկ Կարապետյանը


- Հասմիկ, երգարվեստի ընկերների հետ շփումը պահպանվե՞լ է: Հին ընկերները տեղո՞ւմ են:
- Ցավոք սրտի, իմ սերնդակիցներից ոչ բոլորի հետ է կապը պահպանվել: Բոլորս ունենք ընտանիքներ, երեխաներ: Կան ընկերներ, որոնց հետ չէի ուզենա՝ կապն ընդհատվեր: Շատ եմ զանգել, իմ մասին հիշեցրել, բայց մի քանի անգամից հետո հոգնում ես, որովհետեւ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ պետք է լինի: Երբ անընդհատ զանգում ես, հանդիպումներ ես փնտրում ու դիմացինից ոչ մի արձագանք չի լինում, սկսում ես մտածել, որ այդ մարդիկ արդեն քո կյանքում չկան, կամ էլ դու՝ նրանց: Բայց ես չեմ չարանում, այդ մարդկանց հետ հրաշալի հիշողություններ ունեմ: Իհարկե, կան նաեւ նրանք, ովքեր քսան տարուց ավելի է՝ իմ կյանքում են: Շատ եմ գնահատում նրանց հետ ընկերությունը:

- Իսկ ընկերների կողմից նման վերաբերմունքից չե՞ք կոտրվել:
- Հնարավոր չէ, որ չցավեցներ նման վերաբերմունքը: Մտերիմ ես լինում եւ մի օր զգում ես, որ դա չկա: Միգուցե ինձնից էլ է գալիս, որ քիչ ժամանակ ունեմ: Հնարավոր է՝ իրենք էլ իրենց բացատրություններն ունեն, ես չեմ վիրավորվում: Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից:

- Հանուն Տաթեւի եք այս շրջանում ստեղծագործական դադարի մեջ: Ինչպիսի՞ բալիկ է: Լսել եմ, որ իր հետ չեք կարողանում հյուր գնալ:
- Այո, Տաթեւը շատ ժիր, էներգիայով լի, նույնիսկ էներգիայի ավելցուկով բալիկ է: Սնդիկ է, անընդհատ շարժման մեջ է: Միշտ ընկերներիս, բարեկամներիս ասում եմ՝ իրենք հյուր գան: Երբ մենք ենք գնում, ինչ-որ բան կոտրում է: Իմ կյանքից 25 տարի նվիրաբերել եմ երգարվեստին, հիմա էլ բալիկիս եմ նվիրում իմ ժամանակը:

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը


- Տաթեւը մայրիկի հզոր ձայնից ժառանգե՞լ է:
- Կարծում եմ՝ ձայն ունի, լավ լսողություն էլ: Բայց իմ երգերը չի սիրում լսել: Նույնիսկ «Տաթեւ» տեսահոլովակը երբ միացնում ենք, լացում է: Կարծում եմ, երբ հոլովակում ես ու Շանթը գրկում ենք իրեն, մտածում է՝ ուրիշ բալիկի ենք գրկում:

- Ի՞նչ փուլում է ստեղծագործական կյանքը: Նոր երգեր կա՞ն:
- Իմ երգերի ձեռագիրը միշտ զգացվել է: Ես հիմա միայն ինձ համար չէ, որ ստեղծագործում եմ: Հիմա արդեն երգեր եմ գրում այն երգիչ-երգչուհիների համար, ովքեր չեն կարողանում գրել: Կնվիրեմ, ինչու ոչ՝ կվաճառեմ: Առաջ խանդում էի իմ երգերին, հիմա՝ ոչ: Երեք նոր ստեղծագործություն ունեմ, որոնք շուտով հասանելի կլինեն:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport