×


«Շատ էի ազդվել, որ Դավիթի համար միեւնույն է տոնածառը». Սոնա Աբրահամյան

Դավիթ Միրոյանն ու Սոնա Աբրահամյանն առաջին անգամ Ամանորը տոնելու են նոր կարգավիճակում՝ մեկ հարկի ներքո: BRAVO.am-ը հյուրընկալվել է երիտասարդ ամուսիններին, մասնակցել նրանց տոնածառի զարդարման ուրախ ընթացքին եւ հաճելի զրույց ունեցել:

Նախատոնական

Սոնա. Ամանորն իմ ամենասիրելի տոոներից է: Նոր տարին օգնում է, որ մի պահ կանգ առնես, ամփոփես նախորդ տարին ու կազմես հաջորդ տարվա պլանները: Սովորաբար ամենաերկարը նվերներն եմ պատրաստում: Դեկտեմբերի սկզբից ցուցակ եմ կազմում՝ ում ինչ պետք է նվիրեմ: Հավասարաչափ սիրում եմ ե՛ւ նվիրել, ե՛ւ ստանալ նվերներ: Փորձում եմ մտապահել, թե տվյալ մարդը վերջին շրջանում ինչ է տեսել ու ցանկացել գնել, որ նվերն անպայման դուր գա:

Դավիթ. Ես այնքան մեծ էմոցիաներ չունեմ կապված Ամանորի հետ, որքան Սոնան:

Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանը


«Էլ ի՞նչ ամանոր՝ առանց տոնածառ»

Սոնա. Այդ պատճառով էլ բանավեճ ունեցանք: Շատ էի ազդվել, որ Դավիթի համար միեւնույն է տոնածառը: Ուզում էի՝ ինձ հետ կիսի էմոցիաներս: Էլ ի՞նչ Ամանոր՝ առանց տոնածառ:

Դավիթ. Քանի որ խորհրդանիշերին մեծ կարեւորություն չեմ տալիս, ինձ համար միեւնույն էր: Կարծում եմ՝ Նոր տարին պետք է լավ դիմավորել: Հոգուս խորքում հավատում եմ, որ ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի:

Ա՜խ, այդ երազանքները

Սոնա. Քույրիկիս հետ ավանդույթ ունեինք՝ ուղիղ կեսգիշերին թղթի վրա գրում էինք երազանքը, այրում, լցնում շամպայնի մեջ ու խմում: Չեմ կարող ասել, որ միշտ կատարվել է, բայց երազանքները հենց նրա համար են, որ ոչ միշտ կատարվեն:

Սոնա Աբրահամյանը


Նեղ ընտանեկան

Սոնա. Գրեթե չենք վիճում: Մեր մեջ կոնֆլիկտային է շոփինգը: Ես երկար եմ ընտրություն կատարում: Մի օր առաջ զգուշացնում եմ, որ Դավիթը պատրաստվի այդ մեկ ժամվան:

Դավիթ. Մե՞կ ժամ: Մեզ մոտ երբեւիցե շոփինգը մեկ ժամ չի տեւել: Մի բան էլ կա. ամեն օր տնից դուրս գալուց հետո գոնե մեկ անգամ հետ ենք գալիս: Միշտ մի բան մոռանում ենք կա՛մ ես, կա՛մ Սոնան: Ես նաեւ ուշանալու մեծ վարպետ եմ, բայց հիմա արդեն այդ խնդիրը չկա: Մեր միջից ուշացողը ես եմ եղել: Սոնային ասում էի, որ ինչ-որ տեղ գնանք, ու ուշանում էի: Իրեն էլ եմ սպասել երկար, բայց իմ ուշանալու հաճախականությունը բարձր է եղել: Ես այս հարցում հաղթանակած եմ:):

Սոնա. Ես խանդոտ բնավորություն ունեմ, բայց իմ խանդը միշտ արդարացված է:

Դավիթ. Բայց քանի որ ես պատճառ չեմ տալիս, չի խանդում (ժպտում են,-հեղ.): Ես խանդելու սովորություն չունեմ, դա անիմաստ բացասական լիցքեր է տալիս:

Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանը


«Ու սկսվեց ամեն ինչ…»

Սոնա. Իրար ճանաչում ենք արդեն վեց տարի: Նկարահանումների ժամանակ ենք ծանոթացել: Ես լրագրող էի, ով հարցազրույցի էր ռեփեր Դավիթի հետ: Հետո ընկերուհուս հարսանիքի ժամանակ հանդիպեցինք, ու սկսվեց ամեն ինչ: Անկեղծության համար պիտի ասեմ, որ կապ չունի, թե ով է դիմացինդ, եթե նա քո կյանքում միշտ կա, կգա պահ, որ կհոգնեցնեք իրար: Դրա համար, ինչքան էլ ընդհանուր հետաքրքրություններ ունենաք, պետք է ունենալ նաեւ առանձին նախասիրություններ, որոնք գուցե դիմացինիդ հետաքրքիր չեն, բայց քոնն են:

Դավիթ. Հիմա կյանքի ռիթմն այնպիսին է, որ օրվա մեջ աշխատանքային ժամերը շատ են: Այնպես չէ, որ ամբողջ օրը միասին ենք: Պետք է հարաբերություններում նոր բաներ բացահայտել ու նորություններ մտցնել միշտ: Այս դեպքում երբեք հոգնածություն չի լինի: Եթե սկզբում մեզ համար սիրո դրսեւորում էր ամեն վայրկյան հեռախոսով խոսելը, ապա հիմա, օրինակ, այն է, որ ես, երբ ուշ տուն գամ, Սոնային ինչ-որ քաղցրավենիք կամ ծաղիկներ բերեմ:

Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանը


Ամանորը՝ հայկական ձեւով

Սոնա. Այս տարի երկար էինք մտածում՝ ինչպես դիմավորել Ամանորը: Աշխատանքի բերումով չէինք կարող երկար բացակայել քաղաքից: Որոշեցինք, որ այս տարի Դավիթենց ու մեր ընտանիքներով կհավաքվենք մեր տանը: Ընտանեկան, հայկական Նոր տարի կանենք: 2018-ն ինձ համար չեմ ասի, որ լավ տարի էր…( Դավիթը նայում է Սոնային,-հեղ.): Չէ, կասեմ, որ շատ լավ տարի էր, այս տարի ընտանիք կազմեցինք (ծիծաղում են,-հեղ.): Այս տարին լավն էր նաեւ աշխատանքի առումով:

Դավիթ. Ինձ համար էլ էր հետաքրքիր տարի: Դրական շատ փոփոխություններ եղան, իսկ ես փոփոխություններ սիրում եմ: Հույս ունեմ, որ 2019-ը նույնպես լավը կլինի:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport