×


«Ոսկե ծիրան 2019»-ի մեկնարկը, անակնկալներն ու փոփոխությունները

Նոր թիմ, նոր ղեկավար կազմ, փոփոխություններ, սպասումներ, հյուրերի եւ ֆիլմերի նոր շրջանակ՝ Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Հուլիսի 7-ին նախատեսված էր փառատոնի բացման միջոցառումը, որն առաջին անգամ անցկացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Լեփ-լեցուն համերգային դահլիճում ցուցադրվեց Կաննի կինոփառատոնի այս տարվա հաղթող ֆիլմը` հարավկորեացի ռեժիսոր Չուն-հո Պոնի «Մակաբույծները»: Մինչ կինոդիտումը, սակայն, նախատեսված էր կարմիր գորգի արարողությունը, որին մասնակցում էին հայ եւ արտասահմանցի հյուրերը: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է հյուրերին, ինչպես նաեւ պարզել, թե ինչ փոփոխություններ են կատարվել 16-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը՝ տիկնոջ հետ


Նշենք, որ փառատոնն այս տարի ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ՝ աշխարհի տարբեր երկրներից: Ցուցադրության համար ընտրվել են ֆիլմեր միջազգային հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից: Փոքր-ինչ փոփոխվել են այս տարվա մրցութային ծրագրերը: Այդպիսով, լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Նախատեսված է նաեւ «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մնացած ծրագրերը լինելու են ոչ մրցութային: Դրանք կրում են «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը:

Ի դեպ, փոփոխություն է եղել նաեւ տոմսերի գների հետ կապված: Կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ ժամը 18:00-ն ֆիլմերի տոմսերը կարժենան 1000 դրամ, իսկ երեկոյան ժամերի ցուցադրությունները բոլոր կինոթատրոններում կլինեն 2000 դրամ.«Սակայն ունենք հաճելի անակնկալ: Այս տարի մեզ հետ համագործակցում է մեր նոր վճարային գործընկերը՝ IDram-ը, որի միջոցով վճարելու դեպքում հնարավոր կլինի ստանալ 50 տոկոս քեշբեք տոմսերի արժեքից: Կարծում եմ՝ սա իսկապես լավ նորություն է կինոսերների համար»,- ընդգծեց նորանշանակ տնօրենը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը


Համալիրի նախասրահում հավաքվել էին հայ եւ արտասահմանցի ռեժիսորներ, դերասաններ, կինոօպերատորներ եւ «Ոսկե ծիրան»-ի բազմաթիվ այլ հյուրեր: Փառատոնից մեկ օր առաջ հայտարարվել էր, որ բոլոր լրագրողներն ու հյուրերը բացման միջոցառմանը պետք է ներկայանան երեկոյան, կոկտեյլային զգեստներով: Պիտի խոստովանել, որ սա հաճելի նորություն էր հատկապես մեզ՝ լրագրողներիս համար. չէ՞ որ նախորդ տարիների ընթացքում երբեւէ նման առիթ չէր եղել: Մեր գործընկերներից շատերը մեծ ոգեւորությամբ անցան նույնիսկ կարմիր գորգի վրայով եւ լուսանկարվեցին իրենց տոնական զգեստներով:

Շուտով արդեն բացման ֆիլմը դիտելու ժամանակն էր: Փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ միջոցառման հիմնական առանցքը հենց «Մակաբույծները» կամ «Պորտաբույծները» վերնագրով ֆիլմն է, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է Ոսկե արմավենի մրցանակի ու դեռեւս չի ցուցադրվել Հայաստանում.«Շատ հպարտ ենք ու շատ ուրախ, որ մեծ դժվարությունների արդյունքում ի վերջո հնարավորություն ստացանք մեր փառատոնը բացել այդ ֆիլմով: Իսկապես աննախադեպ է, որ մոտ երկու հազար հոգով քիչ հետո ֆիլմ ենք դիտելու այս դահլիճում»,- նկատեց նա: Իհարկե, ֆիլմից սպասումները բավական մեծ էին, սակայն հանդիսատեսը հիասթափվելու առիթ հաստատ չունեցավ, թեեւ զգացողությունները փոքր-ինչ հակասական էին:

Միքայել Պողոսյանը եւ Աննա Հարությունյանը

«Ոսկե ծիրան 2019»-ի բացմանը


Հավելենք, որ եթե ցանկանում եք ձեռք բերել փառատոնի ծրագիրը կամ ընթերցել ամեն օր լույս տեսնող օրաթերթերը, ապա կարող եք մոտենալ քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված տեղեկատվական կենտրոններին: Դրանք երեքն են եւ սպիտակ վրանների տեսք ունեն, գտնվում են Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակին կից: Այդ կետերում կարող եք գտնել նաեւ «Ոսկե ծիրան»-ի խորհրդանիշ գրություններով կամ լոգոյով հուշանվերներ, պայուսակներ, պաստառներ եւ տարբեր այլ աքսեսուարներ: Չմոռանաք նաեւ այցելել կինոթատրոններ եւ վայելել այն կինոտոնը, որ մեկ շաբաթ շարունակ լինելու է Երեւանում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport