×


«Տղաս գուցե հեղափոխություն անի:)». Վարդան Հովսեփյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը

Հայկական մի շարք սերիալներից հայտնի Վարդան Հովսեփյանն այժմ որեւէ նախագծում չի նկարահանվում, փոխարենն այլ աշխատանքով է զբաղված: Իսկ թե որն է պատճառը, պարզել ենք նրա հետ նոր զրույցի ընթացքում: Դերասանը կնոջ եւ որդու հետ նաեւ լուսանկարվել է BRAVO.am-ի համար:

Երբ ընտանիքը մեծանում է

Առաջին անգամ եմ PR մենեջերի աշխատանքով զբաղվում: Այնքանով է հետաքրքիր, որ մեր ոլորտին մոտ է, այսինքն՝ կազմակերպում եմ նկարահանումներ եւ այլն: Նախկինում չեմ էլ պատկերացրել, որ հնարավոր է այլ աշխատանքով զբաղվեմ, բայց երբ ընտանիքը մեծանում է, կենսապայմաններն ավելի են դժվարանում, հասկանում ես, որ պետք է ինչ-որ տեղից գումար հայթայթել, սկսում ես կողքից որեւէ բանով զբաղվել: Բացի գումար վաստակելուց, այս աշխատանքը հաճույքով եմ անում, կարծում եմ՝ ստացվում է, հետագայում ավելի կամրապնդվեմ, իսկ նկարահանվել շարունակելու եմ. մեկը մյուսին չի խանգարի:

Վարդան Հովսեփյանի ընտանիքը


«Ձեռքս վնասվել է, բայց սիրով եմ արել»

Միանշանակ, կարոտում եմ նկարահանումների ընթացքը: Երբ դրա մեջ ես լինում, ամեն օր նկարահանվում ես, ուզում ես լիցքաթափվես, բայց երբ նույնիսկ գիտակցում ես, որ վերջանում է տվյալ նախագիծը, կարոտում ես աշխատանքդ: Նկարահանումներն ինձ ստիմուլ են տալիս, ավելի հագեցած ես քեզ զգում: Երբ գնում եմ նկարահանման, մոռանում եմ՝ ինչքան աշխատավարձ եմ ստանալու, որովհետեւ ես իմ աշխատանքը սիրով եմ անում: Եթե պետք լինի, նույնիսկ կասկադյորի աշխատանք կանեմ նկարահանման ժամանակ, որովհետեւ մենք Հոլիվուդում չենք, որ այդ տեսարանների համար հատուկ խաղացողներ ունենանք: Նկարահանումներից մեկի ժամանակ ես ավտոմեքենայից ընթացքի մեջ ընկել եմ, ձեռքս վնասվել է, բայց սիրով եմ արել: Այժմ էլ մի քանի սերիալներից առաջարկներ ունեմ, տեսնենք՝ որը կընդունեմ:

«Եթե ունենայի բիզնես…»

Թատրոնում միշտ եմ ցանկացել լինել: Միշտ ասում եմ՝ այն նման է ֆուտբոլի. կա մեծ ֆուտբոլ եւ փոքր, երկուսն էլ ֆուտբոլ են, բայց միանգամայն այլ են: Բնականաբար, թատրոնում դերասանն ավելի հագեցած է զգում իրեն, ծափեր է լսում, անմիջական շփում է ունենում հանդիսատեսի հետ: Եթե որպես 3-րդ աշխատանք ընտրեմ թատրոնը, ժամանակի առումով չեմ հասցնի: Եթե ունենայի բիզնես, լավ ապահովված լինեի, մեկ-մեկ սերիալներում կնկարահանվեի եւ թատրոնում կաշխատեի:

Վարդան Հովսեփյանը՝ որդու հետ


Աշխատանքը չի խանգարում

Փորձում եմ այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկս, որ ընտանիքս չտուժի: Կինս, փառք Աստծո, հասուն, գիտակից աղջիկ է, ինքն էլ է հասկանում՝ ինչի համար ենք աշխատում, բնականաբար, բալիկ ենք մեծացնում, հետագայում երկրորդ բալիկի մասին կմտածենք: Չես կարող նստել, եւ ինչ-որ մեկը քեզ պահի: Իսկ տղայիս՝ Մաքսի հետ փորձում եմ շատ ժամանակ անցկացնել, խաղում ենք միասին, ինչ-որ բաներ ենք նայում, նաեւ հաճախ խոսում եմ իր հետ:

Չեն առանձնանա

Առանձին ապրելու մասին չենք էլ մտածել. իմ ծնողները մեզ չեն խանգարում, երբեք կոնֆլիկտային որեւէ հարց չի եղել: Ավելին, նրանք շատ են օգնում բալիկին պահելու հարցում եւ այլն: Հետագայում ուզում եմ տունը մեծացնել, որ փոքրիկի համար առանձին սենյակ ունենանք, բայց առանձնանալու նպատակ չկա:

Վարդան Հովսեփյանը՝ կնոջ հետ


«Կուզեի…»

35 տարեկանում հայր դառնալը, իհարկե, իր լավ կողմերն էլ ունի. ավելի գիտակից եւ լրիվ այլ կարգավիճակում ես լինում: Կուզեի՝ տղաս գոնե առաջին դասարան լիներ, բայց ինչպես Աստված կամեցավ, այդպես էլ եղավ: Ուշ լինի, նուշ լինի:

Տարիքային տարբերություն

Իմ եւ կնոջս տարիքային տարբերությունը 13 տարի է, բայց դա երբեք մեզ չի խանգարել: Ընդամենը տասը մատ ունեմ, բայց չեմ կարող ասել՝ այդքան անգամ վիճել ենք: Մեր դեպքում, կարելի է ասել, վեճեր, խոսակցություններ չեն լինում: Եթե ինչ-որ հարցում համաձայնության չենք գալիս, անպայման գտնում ենք ընդհանուր հայտարար, տարբերակ: Նույնիսկ չի եղել մի դեպք, որ նա խանդի, եւ դրա պատճառով որեւէ խոսակցություն ունենանք:


«Գուցե վարչապետ դառնա»

Մաքսը շատ լուրջ տղա է (նկարահանման ժամանակ դժվարությամբ ենք համոզել ժպտալ,-հեղ), իսկ լուրջ դերասան չի լինում: Կարող է՝ վարչապետ դառնա. թող մեծանա, ինքն էլ հեղափոխություն անի:): Նրան չեմ պարտադրի դերասան դառնալ կամ հակառակը: Կուզեմ` լավ բիզնեսմեն դառնա, դրանով ե՛ւ ընտանիքը լավ կպահի, ե՛ւ ֆիլմ կնկարահանի, պապան էլ կխաղա:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք El Garden-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին