×


«Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման նոր բեմադրության փորձերը եւ Սուրեն Շահվերդյանի միջամտությունը

Շուրջ քսան տարի է` Սուրեն Շահվերդյանի բեմադրած «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում է եւ անցնում է հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու լեփ-լեցուն դահլիճով: Գլխավոր դերերում հանդես են գալիս Նելլի Խերանյանը եւ Մուրադ Ջանիբեկյանը: Այժմ նա ամերիկացի հեղինակ Թենեսի Ուիլյամսի հայտնի պիեսը բեմադրում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ այս անգամ արդեն այլ դերասանների մասնակցությամբ:

Նոր բեմադրության պրեմիերան կկայանա փետրվարի 12-ին, գլխավոր դերերում հանդես կգան Լուիզա Ղամբարյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանն ու Արամոն: Իսկ մինչ այդ BRAVO.am-ը ներկա է գտնվել ներկայացման բեմական փորձին, լուսանկարել է եւ հետաքրքիր մանրամասներ պարզել:

Սուրեն Շահվերդյանը


Նախ՝ Սուրեն Շահվերդյանից հետաքրքրվեցինք, թե ինչու եւ ինչպես որոշեց նույն պիեսը երկրորդ անգամ բեմադրել այլ թատրոնում: Ռեժիսորն ասաց՝ խնդիրն այն է, որ նախորդն իր անհատական աշխատանքը չէր.«1999 թվականին, երբ առաջին անգամ բեմադրում էինք «Տրամվայ «Ցանկությունը»», ես նոր-նոր իմ քայլերն էի անում Մայր թատրոնում եւ ընդհանրապես ռեժիսուրայում, դեռ նոր էի փորձում հասկանալ` ինչ է թատրոնը, մեծ բեմը, ինչ է նշանակում միզանսցեն կառուցելը, տաղանդավոր դերասանների հետ աշխատելը: Շատ հետաքրքիր աշխատանք էր այն ժամանակ, բայց ոչ ինքնուրույն, այսինքն՝ ներկայացումն ուներ գեղարվեստական ղեկավար՝ ի դեմս Վահե Շահվերդյանի: Ես միայն մասնակցում էի ներկայացման երաժշտական ձեւավորմանը, կամ եթե ինչ-որ հակասություններ էին լինում, փորձում էի շտկել եւ այլն: Մի խոսքով՝ դա իմ ինքնուրույն աշխատանքը չէր»:

Ի դեպ, նշենք, որ 2009-ին նա նույն պիեսը բեմադրել է նաեւ Ռումինիայում՝ այլ մոտեցմամբ, այլ լուծումներով եւ ռումինացի դերասանների մասնակցությամբ: Սուրենն ասաց՝ ռումինացիները լրիվ այլ կերպ էին տեսնում ու ընկալում Թենեսի Ուիլյամսի գործը.«Այնտեղ մեծ հաջողություն ունեցավ ներկայացումը եւ մինչեւ հիմա դեռ խաղում են, իսկ այս թեման շարունակում է ինձ ոգեշնչել ու ոգեւորել: Երբ բեմադրեցինք Էմմա Պետրոսյանի «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը, ես Լուիզայի մեջ տեսա Բլանշին եւ վստահ էի, որ նա կարող է այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա: Գլխավոր դերակատարների համար այս պիեսը շատ մեծ հնարավորութուն է արտահայտվելու եւ ցույց տալու դերասանական կարողությունները: Եվ ահա, պահը հասունացավ, ու հասկացանք, որ իսկապես ժամանակն է նորովի բեմադրել: Սրանք բոլորովին տարբեր ներկայացումներ են, որոնք հանդիսատեսին հնարավորություն են տալիս Թենեսի Ուիլյամսին տարբեր տեսանկյուններից մոտենալ, քննարկել, համեմատել: Մենք չենք վախենում այդ քննարկումներից, քանի որ նոր ներկայացման մեջ ոչ ոք չի զիջում նախորդ դերակատարներին, չեմ կարծում, թե կասեն՝ նոր բեմադրությունը զիջում է: Ասելու են՝ սա ուրիշ ներկայացում է, ուրիշ մոտեցում: Ես հույս ունեմ, համենայն դեպս»:

Ստեփան Ղամբարյանը եւ Լուիզա Ղամբարյանը


Թե ինչ նոր մոտեցումներ ու փոփոխություններ են կատարվել բեմադրության մեջ, Սուրենը նշեց` նախ դերակատարներն են կրճատվել, եւ հետո՝ ինքն առաջին անգամ միջամտելու է ներկայացմանը.«Բացի ռեժիսոր լինելուց, ես նաեւ դերակատար եմ, ինչը փորձություն է թե՛ ինձ համար, եւ թե՛ հանդիսատեսի: Ես հենց այստեղ՝ դահլիճում նստած, դերասանների հետ խաղալու եմ ներկայացման ընթացքում»,- ասաց նա՝ փակագծերը մինչեւ վերջ չբացելով: 

Իսկ թե որն է ներկայացման հիմնական թեման, ռեժիսորն ընդգծեց՝ այն նույնն է իր բոլոր բեմադրությունների դեպքում.«Մարդու՝ այս աշխարհում միայնակ լինելն ու կատարյալ երջանիկ լինելու անհնարինությունը: Այսինքն՝ կատարյալ երջանիկ լինել չես կարող, երբ կողքիդ ապրում են մարդիկ, ովքեր այլ կերպ են նայում աշխարհին, բնությանը, փոխհարաբերություններին: Մենք այսօր բարության պակաս ունենք, մեկս մյուսի համար պատասխանատվություն վերցնելու պակաս ունենք: Մարդիկ ապրում են հետեւյալ սկզբունքով` այն, ինչ կատարվում է իմ տնից ու իմ ընտանիքից դուրս, ինձ գրեթե չի հուզում: Սրա մասին է ներկայացումը. այսինքն` ձեռք մեկնելու, դիմացինին մի փոքր այլ աչքով նայելու, քո երկրին, քո բնությանն ու երկրագնդին այլ կերպ վերաբերվելու կարիք ունենք: Մենք ի զորու ենք փոխել շատ բաներ, բայց անտարբեր ենք, անուշադիր, եւ դա է պատճառը, որ մարդկությունն այսօր առաջ չի գնում»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW