×


«Sleep»-ի նկարահանումներին

«Sleep». Անդրե Սիմոնյանի եւ Մարիամ Ավրայի առաջին միավորումը

«The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը եւ երգչուհի, երգահան Մարիամ Ավրան, ով հայտնի դարձավ այս տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծից, շուտով կներկայանան զուգերգով: Նրանց տեսահոլովակը նկարահանվել է «Sleep» երգի հիման վրա, որի հեղինակն ինքը՝ Մարիամն է: BRAVO.am-ի հետ զրույցում նրանք պատմել են իրենց համագործակցության մասին, ինչպես նաեւ լուսանկարներ տրամադրել սպասվող հոլովակից:

«Ես եւ Անդրեն բավական վաղուց էինք միմյանց ճանաչում, բայց առանձնապես չէինք շփվել: Միշտ հետեւել եմ «The Beautified Project»-ին, հիացել Անդրեի գործունեությամբ թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես երաժշտական պրոդյուսեր: Եվ երբ վերջապես որոշեցի հեղինակային երգերս ներկայացնել հանրությանը, միանգամից նրան դիմեցի: Անդրեն շատ հավանեց այն երգերը, որոնք ուղարկել էի ու առաջարկել լսել: Իսկ դրանցից մեկի հիման վրա որոշեցինք զուգերգ ձայնագրել: Ակուստիկ, լիրիկական ստեղծագործություն է ստացվել. փորձել ենք շատ չծանրաբեռնել տարբեր գործիքներով: Սա այն դեպքն է, երբ ինքս իմ երգի մասին կարող եմ ասել՝ իրոք շատ սիրուն է»,- անկեղծացավ Մարիամը:

Մարիամը՝ «Sleep»-ի նկարահանումներին


Մեր զրույցում Անդրեն նկատեց՝ տարիներ անց Մարիամը շատ յուրահատուկ երգահան է դառնալու, ով ստեղծագործում է անգլերեն լեզվով, ինչը հազվադեպ է պատահում Հայաստանում: Ու քանի որ ինքն էլ այն երաժիշտներից է, որոնց ավելի հետաքրքրում են ստեղծագործող երգիչ-երգչուհիները, որոշել է անպայման համագործակցել:

«Երբ Մարիամն ինձ ուղարկեց իր գրած երգերը, ես պարզապես ապշել էի նրա պրոֆեսիոնալ ստեղծագործական մոտեցմամբ. այնքան եվրոպական շունչ կար դրանցում: Այդ երգերը ցույց տվեցի ընկերներիս, բայց նրանք չէին հավատում, որ հենց Հայաստանում է ծնվել այս երաժշտությունը: Իսկ երբ Մարիամն առաջարկեց զուգերգով հանդես գալ, առանց մեկ րոպե մտածելու մեծ հաճույքով համաձայնեցի, հատկապես որ նա ինձ վստահեց նախագծի պրոդյուսերական աշխատանքը: Տեսահոլովակի վրա աշխատել ենք ես եւ Դավիթ Այվազյանը: Հույս ունեմ, որ այն գրավելու է ճաշակով երաժշտություն լսողներին: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է ստացվել, այն հիշվող եւ տարբերվող երգերից ու հոլովակներից է լինելու»,- ասաց երաժիշտը:

Անդրե Սիմոնյանը՝ «Sleep»-ի նկարահանումներին


Նրա խոսքով՝ Մարիամի երգերը սովորական տուն-կրկներգ ձեւաչափով չեն գրվում, այլ շատ յուրահատուկ մոտեցմամբ, որի շնորհիվ նա լինելու է այն հայ երգահաններից, ում հեշտությամբ կարելի է ներկայացնել ամբողջ աշխարհին.«Հույս ունեմ՝ Մարիամը կունենա շատ բարձրաճաշակ երաժշտասերների բանակ եւ կհամագործակցի լավագույն երաժիշտների հետ: Իմ նպատակն է հնարավորինս շուտ նրան լսելի դարձնել Հայաստանի սահմաններից դուրս: Շատ կցանկանամ, որ Մարիամը ներկայանա եվրոպական երկրներում, քանի որ նրա երաժշտությունն իսկապես հարազատ է եվրոպացու հոգեվիճակին»,- եզրափակեց Անդրեն:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել են Անդրեն եւ Մարիամը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport