×


«Ազատ զույգը»՝ ազատ տեսարաններում

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվել է ինտերակտիվ նոր ներկայացմամբ։ Իտալացի բեմադրիչ-դրամատուրգ Դարիո Ֆոյի «Ազատ զույգը» կատակերգությունը բեմադրել է Նորա Գրիգորյանը, որի ուսանողներն են ընտրել այս պիեսը։ Մոսկվայում թատերական փառատոնի ներկայացնելուց ու դրական կարծիքներ լսելուց հետո նա ղեկավարությանն առաջարկել է այս ձեւաչափը ներմուծել իրենց թատրոն։

Հանդիսատեսը գործողություններին հետեւում է ոչ թե դահլիճից, այլ հենց բեմից. դերասաններն ու հանդիսատեսը մեկ հարթության վրա են։ Ներկայացումն ունի երկու դերասանական կազմ՝ ներգրավված են թատրոնի երիտասարդ դերասանները՝ Սերգեյ Գրիգորյանը, Մանվել Խաչատրյանը, Անի Հակոբյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Հայարփի Զուռնաչյանը եւ այլք։

«Ազատ զույգը» ներկայացման պրեմիերային


Թեեւ իտալացի հեղինակը պիեսը գրել է 1980-ականներին, թեման այժմ էլ արդիական է։ Արծարծվում են ամուսնական զույգի հարաբերությունները՝ անկեղծ խոստովանություններով ու տեսարաններով.«Հանդիսատեսը, կտրվելով սեփական կենցաղից, տեսնում է ծանոթ կենցաղը, բայց այլ տեսանկյունից։ Բնագիրն այնքան հետաքրքիր է, որ ավելացումներ չենք արել։ Թեպետ իտալացի զույգի պատմություն է, բայց կին-տղամարդ հարաբերություններն ազգություն չեն ճանաչում, կան ընդհանուր նմանություններ ու իրավիճակներ», - BRAVO.am-ին պատմել է Նորա Գրիգորյանը։

Բեմադրիչի փոխանցմամբ՝ օգտագործել են շատ քիչ բեմական պարագաներ.«Պիեսը շատ թեթեւ է, ինտերակտիվ, սակայն իմ համոզմունքն է, որ այն սիրո մասին է։ Պիեսի գլխավոր կերպարները պատմում են իրենց կյանքի լինելիության, պատկերացրած եւ հանդիպած մարդկանց մասին։ Բեմում ցանկացել ենք ցույց տալ, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ իրական կյանքում՝ գլխավոր կերպարների երեւակայության մեջ։
Այստեղ շատերը կտեսնեն զվարճալի եւ ծանոթ ընտանեկան կոնֆլիկտներ, փոխհարաբերություններ, բայց անսպասելի իրավիճակներում։ Ձեւաչափն ինտերակտիվ է, հետաքրքիր են դերասան-հանդիսատես հարաբերությունները։ Հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են գլխավոր կերպարները խոսում, կիսվում հանդիսատեսի հետ ապրումներով»:

«Ազատ զույգը» ներկայացման պրեմիերային


«Ազատ զույգը» ներկայացումը Երեւանում մի քանի անգամ բեմադրվել է, գլխավոր դերակատարներից մեկը Նարինե Գրիգորյանն է.«Քանի որ Նորան իմ դասախոսն է եղել, ինձ շատ հետաքրքրիր էր նրա կարծիքը։ Նախքան պրեմիերան նա դիտել է, նրա դրական գնահատականը կրկնակի հաճելի էր»։

Հանձնելով ներկայացումը՝ Նորան զբաղվում է նոր բեմադրություններով։ Ամանորին կկայանա «Սառցե թագուհի» մանկական ներկայացման պրեմիերան, այնուհետեւ բեմ կբարձրանա «Ինքնասպանը», որը հաստատվել է թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից.«Ես իմ տեղը գտել եմ ռեժիսուրայում, ժամանակ առ ժամանակ խաղում եմ՝ փոխարինելով դերասանուհիներին։ Նաեւ հայերեն ներկայացում բեմադրելու մտքեր կան, որի կազմում կլինեն հայտնի դերասաններ: Նրանց առաջարկը պակաս կարեւոր չէ, ուստի մտածում եմ բեմադրելու մասին»։

«Ազատ զույգը» ներկայացման պրեմիերային


Ի դեպ, ռուսական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի՝ Կարեն Ներսիսյանը, ով Ռուսաստանի թատրոններում ռեժիսոր եւ գլխավոր բեմադրիչ է եղել։

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին