×


«Ազնիվ գողերի» պրեմիերան հայտնի հյուրերով եւ այն, ինչ դուրս է մնացել կադրից

Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» կատակերգության պրեմիերայի առթիվ երեկ կարմիր գորգով անցան ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Արամ MP3-ը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Արտակ Գասպարյանը, եւ բազմաթիվ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Մինչ առաջին ցուցադրությունը ֆիլմի հեղինակներն ու դերասանները պատմել են կադրից դուրս մնացած հետաքրքիր դրվագների մասին:

«Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերային


Տարիներ ու 29 օր

Գոռ Կիրակոսյան. Գաղափարը ծնվել է 2014 թվականին, երբ ցանկացա կրիմինալ թեմայով ֆիլմ նկարահանել։ Երկար ժամանակ մտածում էի՝ ինչպիսի պատմություն կարող եմ ստանալ, եւ տարիներ հետո միայն գրեցի ֆիլմի սինոփսիսն ու ներկայացրի ընկերներիս։ Հետո սկսեցինք միասին գրել սցենարը։ Ֆիլմը նկարահանվեց նախորդ տարի՝ ապրիլյան հեղափոխության օրերին։

Նկարահանման 29 օր ենք ունեցել, նկարահանել ենք 6 շաբաթվա ընթացքում։ Սա իմ ֆիլմերից միակն է, որում կարողացել եմ իրականացնել մտածածիս 90 տոկոսը։

«Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերային


Արամը՝ Արամի դերում

Արամ MP3. Երբ առաջին անգամ Գոռն ինձ ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի իմ կերպարը, ասաց` բավական կոկիկ, մաքրասեր, պերֆեկցիոնիստ մի անձնավորություն է։ Առաջին խնդիրը, որ դրվեց իմ առջեւ, այն էր, որ ես պետք է սափրվեի։ Դա ինձ ամենաբարդը տրվեց, որովհետեւ գիտեի, թե ինչ է նշանակում ամեն առավոտ սափրվել հակառակ քո կամքին, այն էլ դյուրագրգիռ մաշկ ունենալու դեպքում։

Կերպարն ինքն իրենով բավական բարի է, համեստ ու հանգիստ։ Գոռը հետագայում ավելի անկեղծացավ ու ասաց, որ իմ աչքերը բարի են, դրա համար են ինձ ընտրել այս դերի համար։

«Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերային


Դերասանների «զոհաբերությունները»

Գոռ. Չգիտեմ՝ Արամն ինչու է բողոքում իր սափրվելուց, երբ Դավիթն 2-3 ամիս այդ հիմար բեղերով էր ման գալիս։
Մեգգին մեզ հետ 3-4 տարի աշխատել է «Դեմք շոուի» նախագծերում, տարբեր կերպարներ է խաղացել, բայց Անուշի կերպարին չէր համաձայնում, քանի որ ասել էի՝ մազերը պետք է կտրի եւ կարմիր ներկի։ Հենց նկարահանումները վերջացրինք, մազերը միանգամից գունափոխեց։

Լեւոն Տեր-Պետրոսյան. Գլխավոր դեր նախկինում երբեւէ չէի խաղացել։ Անկեղծ ասած՝ սկզբում Վարդանի կերպարը չէի հավանում, որովհետեւ նա ավելի լուրջ էր, պասիվ, նրա հետ կապված ծիծաղելի դրվագները շատ չէին։ Գոռն ինձ մի օր ասաց, որ այս կերպարը շատ կարեւոր է, քանի որ ես պետք է ամբողջ ֆիլմում ընկեր խաղամ, իսկ վերջում կարողանամ ճիշտ անակնկալ մատուցել։ Հուսամ՝ ստացվեց։

«Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերային


Ռաֆոն ու Արտակի «Ռաֆը»

Ռաֆայել Երանոսյան. Երբ Գոռն ուղարկեց սցենարը, որպեսզի կարդամ, դեռ չգիտեի՝ որ դերն եմ խաղալու, բայց Արտակի կերպարն ինձ հենց սկզբից շատ հոգեհարազատ էր։ Հետո Գոռը զանգահարեց եւ հարցրեց՝ արդյոք կարողանում եմ մեխանիկական ավտոմեքենա վարել։ Պատասխանեցի, որ կարողանում եմ, բայց ավելի լավ էր՝ չասեի, որովհետեւ այդ մեքենան վարելն ամբողջ ֆիլմի ամենադժվար գործընթացն էր. փակել էինք փողոցը՝ տեսարան նկարահանելու համար, եւ երբ բոլորը պատրաստ էին, ու մեկնարկը տրվեց, մեքենան սկսեց այրվել։

Նկարահանման դժվարությունները

Արամ MP3. Հիշում եմ, որ Հանրապետության հրապարակին կից տարածքում մի տեսարան էինք նկարահանում, այդ ժամանակ հրապարակում մեծ հանրահավաք էր, բոլորը բղավում էին «Դըմփ-դըմփ հո՛ւ», ու մենք փորձում էինք այդ ձայների տակ խոսել։

Գոռ. Արամի բնակարանը դեկորացիա էր՝ պատրաստված «Հայֆիլմ»-ում։ Այդ առիթով շատ կարեւոր հանդիպում ունեի այնտեղ, եւ այդ ժամանակ թեժ հեղափոխական փուլ էր։ Ես 6 տաքսի եմ փոխել՝ այնտեղ հասնելու համար։

«Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերային


Լեւոն. Ամեն օր գնում էինք գրասենյակ՝ աշխատանքներ անելու։ Մի պահ ցանկացանք Դավիթի հետ դուրս գալ, եւ Գոռին խոստացանք 15 րոպեից վերադառնալ։ Արդեն մեկ ժամ է՝ չկայինք, այդ պահին 3-րդ նախագահը հրաժարական էր տալիս։ Գոռը զանգում է, հարցնում՝ որտեղ ենք, ասում, որ այդպես չի լինի, չէ՞ որ աշխատում ենք։ Պատասխանում եմ, որ երկրում մեկ ժամվա ընթացքում բան է փոխվել։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին