×


«Ամուսնությունից չեմ խուսափի». Իրինա Դանիելյան

Դերասանուհի Իրինա Դանիելյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է եթերային դադարի պատճառների, ճամփորդության հանդեպ իր մեծ սիրո մասին, ինչպես նաեւ շոշափել ենք կին-տղամարդ հարաբերությունների թեման:

-Տիկին Դանիելյան, Դուք ընկալվում եք որպես կատակերգական դերասանուհի, ու այժմ էլ եթերի զգալի մասն են կազմում երգիծական, ժամանցային հաղորդումները, որոնցում, սակայն, Ձեզ չենք տեսնում: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Կարծում եմ՝ հարցն ավելի ճիշտ կլինի տալ եթերի պատասխանատուներին, քանի որ նրանց կողմից առաջարկներ չեն եղել, եւ ես էլ չեմ մերժել դրանք: Գուցե պահանջված չեմ կամ ինձ չեն հիշում, հարմար չեն համարում ներգրավել:

Իրինա Դանիելյանը


Ինքս էլ նախաձեռնող չեմ. լավ կատարող եմ, սակայն ինչ-որ բան նախաձեռնելու ջիղ չունեմ, բայց կարծում եմ՝ իսկապես նախանձելի է սեփական գաղափարները, մտքերը իրականացնելու կարողություն ունենալը:

-Իսկ Դուք եթերային ձեւաչափի նախընտրություններ ունե՞ք :
-Գուցե ցանկություն կունենայի նկարահանվել լավ սցենարով հետաքրքիր սիթքոմում, որովհետեւ իսկապես սիրում եմ այդ ժանրը:

-Ի՞նչ եք կարծում, եթերում գերիշխող սերիալներում, սիթքոմերում օգտագործվող խոսելաոճն արդարացված է:
-Կարծում եմ՝ սերիալային, սիթքոմային ձեւաչափերում ճիշտ է խոսելաոճը հնարավորինս մոտեցնել առօրեականին, քանի որ դրանք, ըստ էության, իրավիճակներ են՝ վերցված իրական կյանքից, բայց, այնուամենայնիվ, պետք է պահպանել եթերային ցենզուրան:

Հիշում եմ՝ տարիներ առաջ «Մեր բակ»-ում ժարգոնային արտահայտությունների շուրջ ծավալված խոսակցությունները. շատերը չէին ընդունում, շատերն էլ ասում էին՝ նման խոսելաոճը պետք է ծաղրվի եթերում: Իհարկե, գուցե երեխան չհասկանա, որ դրա նպատակը ծաղրելն է եւ ընդօրինակի, բայց այս պարագայում պետք է ծնողը նրան հուշի, որ նման խոսելաոճը ցանկալի, ընդունելի չէ:

Իրինա Դանիելյանը


-Մի քիչ խոսենք Ձեր թատերական գործունեություն մասին. ո՞ր ներկայացումներում եք զբաղված այսօր:
-Արդեն երկու տարուց ավելի խաղում եմ «Մեա Կուլպա 2»-ում, ի դեպ, «Մեա Կուլպա 1»-ը խաղացինք մոտ 15 տարի: Նաեւ Կամերային թատրոնի աշխատող եմ եւ զբաղված եմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ:

-Սոցցանցերում հրապարակած Ձեր լուսանկարներից նկատելի է, որ հաճախ եք ճամփորդում: Հետաքրքիր է, եղե՞լ է երկիր, որ շատ է տպավորել Ձեզ:
-Ճամփորդել շատ եմ սիրում, եւ երեւի չկա երկիր, որը կարող եմ առանձնացնել: Երբ նոր տեղում եմ լինում, չեմ սիրում փնովել տվյալ երկրի կամ քաղաքի բարքերը, սովորույթները, հարմարվում եմ պայմաններին. օրինակ՝ Հնդկաստանը շատ գեղեցիկ երկիր է, ԱՄՆ-ում շատ եմ եղել, բայց միայն վերջերս եղա Բոստոնում ու իսկապես տպավորվեցի: Շատ եմ սիրում Իտալիան. այնտեղ ամփոփված է մշակույթը, քաղաքաշինությունը, բնությունը, նաեւ համեղ խոհանոցը:

-Նշեցիք, որ հաճախ մեկնում եք Միացյալ Նահանգներ. մտքեր կա՞ն տեղափոխվել, գուցե այնտեղ զբաղվել Ձեր մասնագիտությամբ:
-Այո, հաճախ եմ գնում, շատերը նույնիսկ մտածում են՝ «գրին քարտ» ունեմ, բայց ոչ, վիզան ստանում եմ եւ հաճույքով մեկնում, քանի որ այնտեղ շատ ընկերներ ունեմ, եւ մեկնում եմ նրանց հետ շփվելու համար միայն: Բնակությանս վայրը փոխելու մտադրություն չունեմ, իսկ մասնագիտական որեւէ գործունեություն ծավալելու համար, կարծում եմ, պետք է բնակվես հենց ԱՄՆ-ում:

Իրինա Դանիելյանը


Անձնականի մասին
- Այսօր, առավել հասուն տարիքում, կին-տղամարդ հարաբերությունների մասին Ձեր պատկերացումները որեւէ կերպ փոփոխվե՞լ են:
- Իհարկե, երիտասարդ տարիքում թվում է՝ ամեն ինչ գիտես, բայց տարիքի հետ հասկանում ես, որ ոչինչ էլ չգիտես:

Սկսել եմ ինձ ավելի շատ հարգել, ինչն էլ, բնականաբար, ազդում է տղամարդու հետ հարաբերություններում: Կարծում եմ՝ հարաբերություններում պետք է լինի փոխըմբռնում, հարգանք: Համարում եմ, որ կնոջը պետք է մեծարել, եւ հարգում եմ այն տղամարդուն, ով կարողանում է հարգել կնոջը. միայն այդ պարագայում տղամարդը կարող է լինել իմ կողքին:

Ամուսնության մասին
- Կասեմ, որ ամուսնությունից երբեք չեմ խուսափի, եթե լինի մեկը, որին իսկապես կհամարեմ իմը:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին