×


«Անմահների երկիրը». Սարգիս Գրիգորյանի խոստովանությունն ու պրեմիերայի հյուրերը

Պատերազմի մասին «Անմահների երկիրը» ներկայացման պրեմիերան երեկ էր՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մի պահ ետնաբեմում լինելով՝ տեսանք, որ մինչ ներկայացումը սկսելը դերասանական կազմը բավական լուռ է, հուզված եւ անհանգիստ: Այդ ամենն, իհարկե, ներկայացման թեմայից էր. բազում հայորդիներ իրենց սխրանքներով եւ կյանքի գնով են կարողացել պաշտպանել մեր հայրենիքը:

Հանդիսատեսի շարքերում ոչ միայն Քառօրյայի տղաներից շատերն էին, այլեւ անվանի զինվորականներ, հրամանատարներ, եւ դա մեծ քննություն էր ստեղծագործական կազմի համար:

«Անմահների երկիրը» ներկայացման պրեմիերային


Բեմադրիչ-ռեժիսոր Դավիթ Հարությունյանը մինչ ներկայացումը սկսելը բեմից բոլորին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը.«Հուզմունքն իսկապես շատ է: Ուզում եմ նշել, որ ներկայացումը հավաքական խմբով է պատրաստված… Հայերին բնորոշ է ամենադժվարին պահին համախմբվել»,-նշեց նա:

Ներկայացումը մեկնարկում է Երեւանից առաջնագիծ գնացած հեռուստաօպերատոր Գարեգինի՝ Սարգիս Գրիգորյանի, եւ դիրքապահ տղաների ծանոթությամբ: Մեծ պայթյունը, որ խլում է դիրքապահների կյանքը, միանգամայն փոխում է դեպքերի ընթացքը: Զոհված հերոսները միայնակ չեն թողնում անփորձ լրագրողին՝ իրենց երգերով, պատմություններով ամեն բան անում են, որ Գարեգինը ողջ մնա, չխելագարվի եւ ի վերջո, կարողանա վնասազերծել հակառակորդ դիպուկահարին:

«Անմահների երկիրը» ներկայացման պրեմիերային


Իր մարմնավորած կերպարի մասին զրուցել ենք Սարգիս Գրիգորյանի հետ: Նա նշել է, որ սովորաբար, քաղաքի տղաները տեղյակ չեն լինում՝ ինչ կատարվում է սահմանին.«Ուղղակի երբ նման պատասխանատու տեղեր ես գնում, որտեղ կյանքն ու մահը մի գծի վրա են, պետք է պատրաստ լինես ամենին: Եթե եկել ես, ուրեմն բարի եղիր հարգել կանոնները, շատ հարցեր մի տուր: Իսկ դիրքապահ տղաները կարողացան նրան ճիշտ ուղու վրա դնել, եւ նա դարձավ շատ տղաներից մեկը, ովքեր սահմանին կանգնած են, կամ այլեւս մեզ հետ չեն, բայց ողջ են մեր սրտերում»:

Սարգսի խաղընկերներն են Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Հայկ Սարգսյանը եւ Հովհաննես Հաջինյանը: Պիեսի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, բեմանկարիչը՝ Կարեն Գրիգորյանը, երաժշտությունը գրել է Արման Էլբերտը, իսկ պրոդյուսերն Արմեն Միրզոյանն է:

«Անմահների երկիրը» ներկայացման պրեմիերային


«Սա քննություն էր: Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու հանդիսատեսի աչքերը: Չնայած՝ չի կարող չստացվել, քանի որ մենք շատ մեծ սեր ենք ներդրել, շատ ենք աշխատել: Կարծում եմ՝ նման ներկայացումներ պետք է շատ լինեն, պետք է երիտասարդներին պատրաստենք, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել: Իհարկե, բացի լարվածությունը, ավելի շատ սրտացավություն էր, որ խաղընկերս չսխալվի. սա թիմային աշխատանք էր, եւ եթե երկու-երեք նախադասություն սխալվես, շատ դժվար կլինի վերականգնել»,-պրեմիերայից հետո նշեց Սարգիսը:

«Անմահների երկիրը» ներկայացումը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կլինի նաեւ ապրիլի 6-ին եւ 7-ին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին