×


Թելման Խաչատրյանը

«Առաջ մտածում էի, որ սերիալներում հանդես չեմ գա». Թելման Խաչատրյան

Դիանա Գրիգորյանի նոր` «Անհասցե» սերիալի գլխավոր կերպարներից մեկում հանդես է գալիս հաղորդավար, դերասան Թելման Խաչատրյանը: BRAVO.am-ը զրույցել է նրա հետ համալսարանն ավարտելու, հանդիպած դժարությունների, բազմաթիվ քասթինգների եւ այլ թեմաների շուրջ, նաեւ լուսանկարել:

Տատիկի հարցը:)
Երբ դեռ փոքր էի, տատիկս միշտ հարցնում էր, թե ինչ եմ ուզում դառնալ: Այդ ժամանակ դեռ չէի պատկերացնում՝ ինչ է նշանակում լինել հաղորդավար, բայց հստակ գիտեի, որ պիտի դառնամ: Երկրորդ կուրսում էի, երբ հնարավորություն ունեցա որպես պրակտիկանտ հայտնվել հեռուստատեսության աշխարհում: Մոտ մեկ տարի դիտորդ եմ եղել, իսկ հետո մի գեղեցիկ օր առաջարկ եղավ հանդես գալ որպես հաղորդավար: Իհարկե, հուզմունքը մեծ էր, այն էլ՝ ուղիղ եթերում: Սրտի արագ զարկով հաղթահարեցի այդ եթերը:

Թելման Խաչատրյանը


Մուտքը սերիալ
Առաջ մտածում էի, որ սերիալներում հանդես չեմ գա: Առաջարկներ շատ են եղել, բայց մերժել եմ տարբեր պատճառներով: «Անհասցե» սերիալի քասթինգի ժամանակ նույնիսկ չգիտեի, թե ինչ կերպարի համար եմ մասնակցում: Չէի սպասում, որ գլխավոր կերպար կստանամ: Նույնիսկ տանը մտածում էի, թե ինչպես կարող է մեկ օրում կյանքը փոխվել: Հիմա պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ առաջին անգամ եմ ներկայանում որպես դերասան: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ հենց Դիանա Գրիգորյանի հետ: Մանրակրկիտ քննարկել ենք կերպարս, փորձնական նկարահանումներ ենք արել, ինչը Հայաստանում հազվադեպ է լինում: Իհարկե, ցանկացած բան, երբ նոր ես սկսում, հանդիպում ես բարդությունների: Այս առումով նկարահանման առաջին օրերին թիմը շատ էր օգնում:

Լեոն
Լեոն շատ դրական, հետաքրքիր կերպար է, մասնագիտությամբ` դերասան: Սկզբում նրան հասկանալը դժվար էր, բայց հիմա լրիվ մտել եմ դերի մեջ: Հանդարտ, հանգիստ երիտասարդ է: Մեզ նմանեցնում եմ. ես էլ բնավորությամբ հանդարտ, խաղաղ մարդ եմ: Շատ եմ ոգեշնչվում, երբ որեւէ տեսարան իմ պատկերացրածից ավելի լավ եմ խաղում: Շատ լավ արձագանքներ եմ ստանում: Փորձում եմ սոցցանցերում չկարդալ մեկնաբանությունները, բայց մեկ-մեկ հետաքրքրությունից դրդված հետեւում եմ, թե ինչ են գրում: Իհարկե, կան նաեւ վատ մեկնաբանություններ: Ինձ համար Դիանա Գրիգորյանի սերիալների հետ կապված քննադատությունները ծիծաղելի են: Երբ դու քննադատում ես ու շարունակում ես դիտել, սխալ է: Եթե դիտում ես, ուրեմն քեզ ինչ- որ բան դուր է գալիս: Մենք սովոր ենք քննադատել, քննադատել, քննադատել, բայց դիտել: Երբ ես ինչ-որ բան քննադատում եմ, ուրեմն էլ չեմ դիտում:

Թելման Խաչատրյանը


Ցանկությունների մասին
Շատ ցավալի է, որ Թատերական համալսարանն ավարտած դերասաններն այսօր զբաղվածություն չունեն: Հենց իմ կուրսում ընդամենը մի քանի հոգի են, որ մասնագիտությամբ են աշխատում: Շատ կցանկանամ, որ Թատերականն ավարտած յուրաքանչյուր ուսանող գտնի իր տեղն այս ասպարեզում: Երբ առաջին անգամ մտնում ես համալսարանում, երազում ես, որ մի օր կհայտնվես էկրանին, բեմում, այն ամենում, ինչը կապված է քո մասնագիտության հետ: Կարեւոր են թե՛ արտաքին տվյալները, թե՛ ձայնը, բայց ամենակարեւորը ցանկությունն է, որը ես շատերի մոտ չեմ տեսնում: Ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք ենք հարթում մեր ճանապարհը, ու եթե այդ մեծ ցանկությունը չլինի, ոչնչի չես հասնի:

«Թատրոնն այնքան էլ իմը չէ...»
Ես չեմ ուզում մշտապես աշխատել թատրոնում: Որքան էլ զարմանալի հնչի, այն իմը չէ: Ուզում եմ առանձին ինչ-որ ներկայացումներում հանդես գալ, բայց մշտապես այդ աշխարհում լինել չեմ ուզում: Հիմա նոր ներկայացման մեջ եմ ներգրավված, գլխավոր կերպարում եմ: Այն այսօրվա ամենամեծ չարիքներից մեկի` համացանցամոլության մասին է. թե ինչքան շատ ժամանակ ենք մենք կորցնում սոցիալական ցանցերում:

Թելման Խաչատրյանը


«Մարդիկ չարացել են...»
Այս կյանքը շատ անկանխատեսելի է: Պետք չէ հիասթափվել ու ճանապարհի կեսից հետ կանգնել: Եթե ինչ-որ բան երազում եք, երազեք այնպես, որ իրականություն դառնա: Եթե ինչ-որ բան չի ստացվում, պետք չէ չարանալ: Մեր օրերում մարդիկ շատ են չարացել: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ հաջողության դեռ չեն հասել: Ուղղակի աղոթեք, մաքրվեք:

Ինչ է պետք՝ օրը լավ սկսելու համար
Լավ մարդիկ, որոնք ես ունեմ: Նրանց հետ առավոտյան խոսելը բարձրացնում է տրամադրությունս: Լավ երաժշտություն, ու որ խցանում չլինի (ծիծաղում է,-հեղ.):

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW