×


«Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը

«Թարիրին է գինիների թագուհին, հայկական գինիների լավագույնը»՝ հնչում է գերմանական միջազգային Grand International Wine Award MUNDUS VINI մրցանաբաշխության ընթացքում:

45 երկրի 170 գինու միջազգային փորձագետ շաբաթներ շարունակ համտեսել, գնահատել ու ընտրել են աշխարհի լավագույն գինիները: «Արմենիա Վայնը» պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է:

24-րդ «Grand International Wine Award MUNDUS VINI» հեղինակավոր մրցույթում համաշխարհային բրենդների կողքին «Արմենիա Վայն» գինեգործարանի 2017-ի բերքահավաքի «Թարիրի» չոր սպիտակ գինին նվաճում է «Best of Show Armenia» ոսկե մեդալը: Հայկական սպիտակ գինին, ի դեմս «Թարիրի» գինու, առաջին անգամ արժանանում է նման բարձր եւ հեղինակավոր մրցանակի:

18 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված եւ համաշխարհային համբավ վայելող «MUNDUS VINI Summer Tasting 2019»-ում «Արմենիա Վայն» ընկերության հաղթարշավը չի սահմանափակվել միայն այս ոսկե հաղթանակով. արծաթե մեդալ են նվաճել նաեւ 2017 թվականի բերքահավաքի «Տակառ» Էքստրա բրյուտ վարդագույն եւ «Տակառ» կարմիր անապակ գինիները:

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»՝ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատականը մեր ֆրանսիացի գինեգործին է փոխանցում գինու միջազգային ժյուրիներից ֆրանսիայի ներկայացուցիչը՝ հիացական խոսքեր ասելով «Թարիրի» գինու համար ու պատրաստակամություն հայտնում այցելել Հայաստան՝ «Արմենիա Վայն» գինեգործարան:

«Արմենիա Վայն» գինեգործարանը


««Արմենիա Վայն»-ում երազանքներն իրականություն են դառնում... Մենք ունենք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթներից, սակայն հայկական սպիտակ գինին առաջին անգամ է արժանանում նման բարձր գնահատականի։ Մեծ հպարտությամբ ենք խոսում այս մասին, քանի որ մրցակցությունը թեժ էր. ներկայացված էին գինիներ ամբողջ աշխարհից»,-պատմում է Ժան-Բատիստ Սուլան՝ Ֆրանսիայի Բորդո քաղաքից «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատուն:

Հավաքված հյուրերին հետաքրքրում է, թե որն է «Թարիրի» գինու անվան գաղտնիքը, եւ ինչ է պատկերված դիմապիտակին:

Գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը պատմում է.«Սուպեր պրեմիում դասի «Թարիրի» գինին ասես իրական ճանապարհորդություն լինի դեպի հայ գինեգործության ակունքները։ Հին ուրարտական սեպագրերը պատմում են Մենուա թագավորի դստեր՝ Թարիրիի շքեղ այգիների մասին։ Ասում են՝ ուրարտական թագավորությունում կար ավանդույթ, ըստ որի՝ արքայադստրերին եւ ապագա թագուհիներին նվիրում էին խաղողի այգիներ: Նրանք, ովքեր կծաղկեցնեին այգիները, կկարողանային նաեւ հոգ տանել իրենց ընտանիքի եւ ողջ թագավորության մասին»:

«Արմենիա Վայն»-ի գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը


Ժան Բատիստ Սուլան շտապում է հավելել, որ այս գինին, իսկապես, յուրօրինակ է, պատրաստված է խաղողի սորտերի յուրահատուկ համադրությամբ. օգտագործվել են ֆրանսիական Շենեն, Ալիգոտե եւ հայկական Կանգուն խաղողի սորտերը, հնեցվել է ֆրանսիական կաղնե տակառներում:

«Գինիների այս հաղթանակը ոչ միայն մեր ընկերությանն են մեծ պատիվ բերում, այլ նաեւ գինեգործության դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքին՝ կրկին հետ վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի հպարտ կոչումը»,-ամփոփեց Գրիգոր Ալեքսանյանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին