×


«Գոգ Մագոգ» ֆիլմի երեւանյան պրեմիերային

«Գոգ եւ Մագոգ»՝ Գարիկ Մաշկարյանի նոր ֆիլմը մեկնում է միջազգային փառատոնների

«Երեւան ջան», «Մեր գյուղը կամ հարսնացուն Ջերմուկից», «Իմ սիրելի քաղաք Երեւանը» եւ այլ ֆիլմերով հայտնի ռեժիսոր, սցենարիստ Գարիկ Մաշկարյանը նոր կինոնկար է հեղինակել: Մոտ մեկ տարվա նախապատրաստական եւ նկարահանման աշխատանքներից հետո երեկ կինոսերների դատին հանձնվեց նրա «Գոգ եւ Մագոգ» կարճամետրաժ ֆիլմը, որն առայժմ չի հայտնվի կինովարձույթում: Հեղինակները նպատակ ունեն ֆիլմը ներկայացնել տարբեր միջազգային կինոփառատոների:

«Ամեն ինչ սկսվեց իմ ընկերների՝ Վահե Տերտերյանի եւ Աշոտ Մկրտչյանի հետ հանդիպումից: Աշոտը բարկացած ասաց՝ «Ի՞նչ ես նստել, արի մի բան նկարենք»: Ասացի՝ փող չունենք, ինչո՞վ նկարենք: Հարցրեց՝ «Բայց ո՞վ է քեզնից փող ուզել»: Ասացի՝ դե, լավ, դու չես ուզի, բայց օպերատորը, դերասանները կուզեն: Վահեն պտտվեց, ասաց՝ «Բայց ես էլ չեմ ուզում»: Հետո մեր թիմին միացան նաեւ մյուս նվիրյալները, ու այդպես ամեն ինչ ստացվեց»,- պատմեց Գարիկ Մաշկարյանը:

«Գոգ Մագոգ» ֆիլմի երեւանյան պրեմիերային


BRAVO.am-ի հետ զրույցում նա նաեւ խոսեց ֆիլմի վերնագրի մասին: Ասաց՝ նրանք, ովքեր գիտեն Գոգ Մագոգի պատմությունը, կհասկանան, թե ինչու է ֆիլմն այդպես կոչվում.«Հրեական եւ քրիստոնեական կրոններում ուսումնասիրում է Արմագեդոնի եւ աշխարհի վերջի հետ կապված բոլոր հարցերը: Գոգ Մագոգն այդ կոնտեքստում չարի՝ սատանայի կերպարանքն է: Մի դեպքում դա ժողովուրդն է՝ իր առաջնորդի հետ, ովքեր պետք է գան ու ոչնչացնեն այն ամենը, ինչ ստեղծել է Աստված: Բայց արդյունքում իրենք են ոչնչանալու: Անվանումը, կարծում եմ, շատ հստակ փոխանցում է ֆիլմի բովանդակությունը: Մեր նկարահանող խմբի եւ իմ խորին համոզմունքն է, որ այսօր մարդկային անտարբերությունը, ոչինչ չստեղծելու, ոչինչ չընկալելու եւ միայն զվարճանալու անդադար ցանկությունը բերում է շատ բարդ եւ խոր հետեւանքների»,- ասում է ռեժիսորը:

Նշենք, որ 25 րոպե տեւողությամբ ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Գեորգի Հովակիմյանը, Արտյոմ Ազարյանը եւ Էդուարդ Շահնազարյանը: Նրանք եւս անշահախնդիր մասնակցել են նկարահանումներին, երբ ծանոթացել են ֆիլմի գաղափարին ու սցենարին: Այս առիթով Գեորգի Հովակիմյանն իր խոսքում ընդգծեց՝ երբ առաջարկը հետաքրքիր է լինում, եւ դրանում իմաստ ու նպատակ է տեսնում, կարելի է նաեւ գումարին չնայել, թեեւ դերասաններն այսօր գումարի խնդիր իսկապես ունեն:

«Գոգ Մագոգ» ֆիլմի երեւանյան պրեմիերային


«Շնորհակալ եմ Գարիկ Մաշկարյանին, քանի որ անկեղծորեն նվիրված աշխատեցինք երկու շատ լարված օրերի ընթացքում, երբ նկարահանումներն էինք իրականացնում: Սա մեր աշխատանքն է, մենք ուրիշ գործով չենք զբաղվում: Եթե մենք չնկարահանվենք ֆիլմերում, թատրոնում չխաղանք, փող էլ չենք ստանա, բայց կան արժեքներ, որոնց քեզ ուղղակի նվիրում ես: Գարիկը կարգին անձնավորություն է, եւ ես շատ ուրախ եմ, որ նրա հետ ծանոթ էինք վաղուց: Հիմա դարձել ենք լավ ընկերներ ոչ միայն նրա, այլեւ ամբողջ խմբի հետ»,- նշեց դերասանը:

Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ կինոդիտումից հետո նաեւ քննարկում եղավ հանդիսատեսի եւ «Գոգ Մագոգ»-ի հեղինակների միջեւ: Քանի որ ֆիլմն անսպասելի լուծում ունեցավ, ու թվաց՝ ինչ-որ բան անավարտ է, ֆիլմի տնօրեն Ադա Սիմոնյանը շտապեց տեղեկացնել, որ այն շարունակություն է ունենալու.«Գարիկը շարունակության շատ լավ գաղափար ունի, որտեղ իրադարձությունները ոչ պակաս հետաքրքիր ձեւով են զարգանալու: Իմ անունից ասեմ, որ ես պատրաստ եմ նորից անշահախնդիր նրա կողքին կանգնել՝ ֆիլմի երկրորդ մասը ստեղծելու համար»: Նրա այս պատրաստակամությանը միացան նաեւ դերասաններն ու նկարահանող խմբի մյուս մասնակիցները, այնպես որ, մնում է սպասել կարճամետրաժ ֆիլմի շարունակությանը, ինչպես նաեւ փառատոներում սպասվելիք արդյունքներին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին