×


«Գործագործ». Եթե ամաչում են տրիկո հագնել, ուրեմն չեն կարող բալետ պարել

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք բալետի պարող Վահագն Մարգարյանի հետ:



- Հաճա՞խ ես լսում, որ Հայաստանում բալետ չկա:
- Նման կարծիք ունեցող մարդիկ, հավանաբար, ոչ մի ներկայացման չեն եկել, ոչ մի անգամ թատրոնում չեն եղել: Թող այդպես մտածեն: Քննադատությունը շատ օգտակար է՝ ավելի ես կատարելագործվում: Կարեւորն այն է, որ ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում: Բալետը բոլորին հասանելի չէ:

- Նորմալ հաց ուտո՞ւմ ես:
- Իհարկե:): Բալետի պարողների կեցվածքը, կազմվածքը ձեւավորվում են տարիների ընթացքում. դա քիչ կապ ունի սնվելու հետ: Եթե 10 տարի շարունակ օրական 5-6 ժամ պարապեք, դուք էլ կունենաք նման սլացիկ կազմվածք, ինչպիսին մեր բալետի պարուհիներն ունեն: Իսկ չուտել չենք կարող, որովհետեւ կհյուծվենք: Ֆիզիկական ցանկացած ծանրաբեռնվածություն հաղթահարելու համար պետք է առողջ սնվել, դրա համար ուտում եմ ամեն ինչ, ինչ սիրտս քաշում է: Մենք այնքան էներգիա ենք ծախսում, որ չենք կարող չսնվել: Խորոված, քյաբաբ, չալաղաջ` ամեն ինչ:

Վահագն Մարգարյանը


- Դասական երաժշտությունից բացի, այլ ոճեր լսո՞ւմ ես:
- Այո:): Ամեն ինչ լսում եմ՝ ջազ, ռոք, փոփ:

- Ինչպե՞ս ես պարում խնջույքների ժամանակ:
- Ինչպես պատահի: Հիմա շատ քիչ եմ գնում հարսանիքների կամ ծնունդների, բոլորն ասում են՝ պարող ես, վեր կաց մի հատ պարի… Բայց որ գնում եմ, բոլորի պես պարում եմ: Հայկական պարերը շատ եմ սիրում: Ես ծննդով սասունցի եմ, իմ մեջ կա հայկական պարի ոգին:

- Որտե՞ղ պետք է սովորել բալետի պարող դառնալու համար:
- Պարարվեստի պետական քոլեջում կա դասական պարերի բաժին, որտեղ ընդունում են 9 տարեկան աղջիկների ու տղաների: Նրանցից, իհարկե, քչերն են հասնում ավարտական դասարան, որովհետեւ մի մասը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, մյուս մասն էլ չունի անհրաժեշտ ֆիզիկական տվյալներ: Քոլեջը հաջողությամբ ավարտելուց հետո, եթե կան ֆիզիկական բոլոր տվյալները, եթե կա տաղանդ, եթե կա բալետով ապրելու ձգտում, քեզ համար բացվում են թատրոնի դռները:

- Բակի տղաները չէի՞ն ասում՝ պարը տղայի բան չի:
- :) Շատ եմ սիրել պարը ու հաճախել եմ` անկախ ամեն ինչից: Ըմբշամարտի էի գնում փոքր ժամանակ, բայց այդպես էլ չսիրեցի. իմը չէր:

- Ի՞նչ խորհուրդ կտաս դեռահասներին, ովքեր ուզում են բալետ պարել, բայց ամաչում են տրիկո հագնել:  
- Եթե ամաչում են, ուրեմն չեն կարող պարել: Տրիկոն շատ գեղեցիկ է բեմի վրա: Տրիկոյով երեւում են պարողի մկանները, երեւում է անգամ, թե պարելուց ինչպես են մկանները շարժվում: Կանայք էլ տրիկո են հագնում հենց դրա համար, որ մկանները երեւան: Բացի այդ, պետք է այնպիսի հագուստ կրես, որով հարմար կլինի ամբողջ ներկայացումը պարել: Մոդեռն ներկայացումներ կան, որոնք պարում են ջինսով:

- Ի՞նչ դժվարություններ կան այս մասնագիտության մեջ:
- Նախ բալետը ֆիզիկական ծանրաբեռնվածություն է: Մինչեւ բեմ դուրս գալը 10-11 տարի կարող է պահանջվել սովորելու համար: Մենք պարապում ենք օրվա մեջ 5-ից 6 ժամ, իսկ եթե ներկայացումներ ենք ունենում, կրկնակի շատ ենք պարապում: Ժամերով կարող ենք փորձել ներկայացման նույն կտորը մինչեւ այն կդառնա կատարյալ: Նման մասնագիտություն ընտրելիս պետք է պատրաստ լինել ամեն ինչի՝ չքնելու, ազատ ժամանակ չունենալու, որովհետեւ պատասխանատվությունն այնքան մեծ է, որ չես կարող վերցնել ու միանգամից թուլանալ, հանգստանալ: Եթե սիրում ես մասնագիտությունդ՝ բարդ չէ, չես զգում դժվարությունները, դրանք քեզ համար դառնում են հաճելի:

Վահագն Մարգարյանը


- Ուժերը հերիքո՞ւմ են:
- Բնականաբար, շատ ենք հոգնում, բայց կոնկրետ ես լիցքավորվում եմ ներկայացուցմներից հետո, էներգիայով եմ լցվում հանդիսատեսի ծափերից: Սա, հավանաբար, արտիստի համար ամենակարեւոր պահն է, որից հետո մոռացվում են պարապունքներով անցած բոլոր ծանր օրերը:

- Ինչո՞վ կարող են զբաղվել բալետի պարողները 35-ից հետո:
- Դա շատ մեծ խնդիր է:): Բալետը լավ մասնագիտություն է, բայց, ցավոք, ընթացքը շատ կարճ է. 35 տարեկանից հետո մեզ այլեւս թույլ չի տրվում բարձրանալ մեծ բեմ: 35-ից հետո մենք էլ չգիտենք, թե ինչ ենք անելու: Տաքսի պետք է քշենք կամ… Չգիտեմ: Ինձ թվում է՝ մեր պետությունը դրա մասին կմտածի:

- Որքա՞ն է ստանում բալետի պարողը Հայաստանում:
- Մոտավորապես 150.000 դրամ, ինչը շատ քիչ է արտիստի համար:


- Տղամարդիկ կանգնո՞ւմ են պուանտի վրա:
- Ոչ, պուանտի վրա կանգնում են կանայք, տղամարդիկ կիսամատի վրա են բարձրանում: Բայց 21-րդ դարն է, աշխարհում բալետ պարող մի շարք տղամարդիկ կան, ովքեր պուանտի վրա կանգնած այնպիսի «ֆոետեներ» են անում, որոնք պետք է անեն կանայք: Ինձ համար պուանտի վրա կանգնած տղամարդն ընկալելի չէ, իսկ կանանց սազում է:

- ԴԺվար չէ՞ օդում պարբերաբար պահել, պտտեցնել զուգընկերոջը:
- Ժամանակի ընթացքում սովորում ենք: Տեխնիկա կա, որի շնորհիվ ավելի հեշտ է բարձրացնել: Եթե պարապած ես, մկանուտ, դեռ չի նշանակում, որ կարող ես բարձրացնել, պետք է տարիների ընթացքում այդ տեխնիկան յուրացնես:

- Գցե՞լ ես վերեւից:
- :) Հատկապես սովորելու տարիներին շատ եմ գցել: Հաճախ իմ պատճառով է աղջիկն ընկել, հաճախ` հենց իր, բայց նորմալ աշխատանքային ընթացք է. առանց գցելու կամ առանց ընկնելու չես սովորի:

- Բալետի պարուհիները դրա համար են նիհա՞ր, որ կարողանաք օդում պտտեցնե՞լ:
- Պարուհիներ կան, որոնք շատ նիհար են, բայց իրենց բարձրացնելն ավելի դժվար է: Նրանք ծանր են, չեն կարողանում պահել իրենց օդում: Իսկ մի քանի կիլոգրամ ավելի պարուհիներ կարող են լինել, որոնք օդում իրենց լավ են պահում, չեն ծանրանում:

- Քանի՞ կիլոգրամ պետք է լինի բալետի պարողը, պարուհին:
- Ֆիքսված քաշ չկա: Երբ ես սովորում էի պարարվեստի քոլեջում, 50 կիլոգրամից ավելի կշռողներին դուրս էին հանում ուսումնարանից, բայց թատրոնում նման բան չկա:

Վահագն Մարգարյանը


- Ասում են՝ լավ պարողը չի կարող վնասվածք չունենալ:
- Վնասվածքներն անխուսափելի են: Ոտքիս մատը կոտրված է, ծունկս վնասված է… Խանգարում է պարելիս, բայց ցույց չեմ տալիս: Բալետի պարողների 90 տոկոսը «մեջքի գրիժա» ունի: Հաճախ հենց ներկայացման ժամանակ վնասվածք կարող ես ստանալ, եւ եթե իվիճակի ես թաքցնել հանդիսատեսից ցավը, ուրեմն պետք է շարունակես պարել:

- Զգո՞ւմ ես այն մարդկանց նախանձը, ովքեր սովորել են ուսումնարանում, բայց բեմում այդպես էլ չեն պարել:

- Չեմ թաքցնի, որ նման երեւույթ կա, բայց ոչ մեր թատրոնում: Ես իմ ընկերոջը խնդրում եմ սովորել, որ ինձ փոխարինող լինի, եթե, Աստված չանի, ոտքս կոտրեմ, իմ փոխարեն պարող լինի, ներկայացումը չտուժի: Տղաների շրջանում մրցակցություն չկա, իսկ աղջիկների դեպքում` չգիտեմ: Մենք ընկերներ ենք, իրար հետ ծառայել ենք, իրար հետ աշխատում ենք:

Զրույցը Տիգրանուհի Մարտիրոսյանի
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին