×


«Գործագործ». Ինչու են շները վազում իրենց պոչիկի հետեւից, ինչպես վարժեցնել ու խնամել փոքրիկ ընկերոջը

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք շուն վարժեցնող Ռոլանդ Պողոսյանի հետ:



- Որտե՞ղ սովորել շուն վարժեցնելու համար:
- Նման դպրոցներ չկան: Ես մանկուց սիրել եմ կենդանիներին, կապված եմ եղել շների հետ, ու երբ որոշեցի, որ ուզում եմ զբաղվել վարժեցմամբ, դիմեցի մասնագետներից մեկին ու սովորեցի: Ինձ համար սովորելը դժվար չէր. շատ էի սիրում կենդանիներին, կես խոսքից հասկանում էի, թե ինչ պետք է անել: Կարծես ինձ տրված շնորհ լինի, նվեր լինի, ես շատ մեծ ջանքեր չեմ գործադրել, որ հասկանամ, թե որն է ճիշտ մոտեցումը:

- Շուն վարժեցնողը պե՞տք է շուն ունենա:
- Ցավոք, մանկության տարիներին շուն չեմ ունեցել: Տունը փոքր էր, չկային համապատասխան հարմարություններ: Կատու եմ պահել: Բայց բակի բոլոր շներն իմ խնամքի տակ էին: Նկուղում շների համար տնիկներ էի պատրաստել արկղերից, նրանց հետ այնտեղ մնում էի, խնամում էի: Ինձ համար տարբերություն չկա՝ փողոցային կենդանի է, թե տնային, ես բոլորին սիրում եմ, աշխատում եմ նրանց օգնել:  

- Շուն վարժեցնողը կարո՞ղ է այլ կենդանու էլ վարժեցնել:
- Ոչ: Կան շատ նրբություններ, տարբերություններ: Ամեն կենդանի տարբեր մոտեցումներ է պահանջում, տարբեր կերպ է մտածում, տարբեր ապրելակերպ ունի: Էլ չասեմ, որ կան կենդանիներ, որոնք չեն վարժեցվում:

Ռոլանդ Պողոսյանը


- Չե՞ք կապվում շների հետ վարժեցնելու ընթացքում:
- Իհարկե, շատ եմ կապվում, շատ կարոտում եմ բոլորին: Բայց Երեւանը փոքր քաղաք է, հաճախ հանդիպում ենք:

- Դուք վարժեցնում եք, Ձեզ լսում են, բայց արդյո՞ք դրանից հետո տերերին լսում են:
- Ես առաջին հերթին «վարժեցնում» եմ տիրոջը:): Սովորեցնում եմ մարդկանց, որ հետագայում կենդանին լսի իրենց: Դա շատ կարեւոր է. ես չեմ լինելու ամբողջ օրն իրենց հետ:

- Քանի՞ հրահանգ կա:
- Ես սովորեցնում եմ հիմնական հրահանգները քաղաքային պայմանների համար: Չեմ զբաղվում հատուկ ծառայություններում շների վարժեցմամբ, որ թմրամիջոցներ են գտնում կամ այլ առարկաներ: Իմը քաղաքային առօրյայում շների պահվածքն է, որ զբոսնելիս անկարգություն չանեն, կատարեն տիրոջ հրահանգները եւ այլն: Մասնագետից մեծ բան է կախված: Շատ կարեւոր է, որ շան համար վարժեցնելու ընթացքը լինի ցանկալի, սպասված, որ իրենց համար այդ ամենը տանջանքի չվերածվի: Մեծ գաղտնիք է, թե ինչպես այնպես անել, որ շունը վարժեցնողին տեսնելուց ուրախանա, ոչ թե տխրի:

- Ինչպե՞ս է շունն արտահայտում իր սերը, ի՞նչ նշաններ է ցույց տալիս:
- Թյուր կարծիք կա, որ պոչիկի թափահարումն ընկերության նշան է. այդպես չէ: Պոչիկը թափահարելն ակտիվության նշան է: Շուն կա, որ կարող է պոչիկը թափահարելով գալ ու կծել:

- Շները հասկանո՞ւմ են, որ իրենց վրա բարկանում կամ գոռում ես:
- Ոչ, բառեր չեն հասկանում: Էներգետիկան են զգում: Երբ մարդը գոռում է, իրենից բացասական էներգետիկա է հորդում, եւ շները հենց դա են զգում: Իսկ եթե բարի ու պոզիտիվ երանգներով իրենց մի վատ բառ ասես, չի հասկանա: Եվ հետո շանը խփելով կամ վրան գոռալով չես դաստիարակի, չես վարժեցնի: Դրա համար կոնկրետ գիտելիքներ են պետք:

- Մարդիկ կան, ովքեր հրահանգները ռուսերեն են տալիս:
- Շները ոչ բառեր են հասկանում, ոչ` լեզու: Նրանք որոշակի ժեստեր կապում են տոնայնության, հնչողության հետ: «Նստել» հրահանգը տալուց մենք ձեռքով նաեւ ցույց ենք տալիս, որ նստի, այդ ժեստը պարբերաբար կրկնելով բառի հնչողությունը ասոցացվում է հրահանգի հետ:


- Նորմա՞լ է, երբ շունը կծում է տիրոջը:
- Դա արդեն դաստիարակության հարց է: Շուն կա, որ կարող է իմանալ հրամանները, կատարել դրանք, բայց դաստիարակված չլինել: Երբ շունը կծում է տիրոջը, ուրեմն մարդը չունի վերադասի կարգավիճակ: Ամեն ինչ մարդու ձեռքերում է: Մարդն է մեղավոր իր շան վատ պահվածքի համար:

- Ի՞նչ չի կարելի ուտել շներին:
- Ես անասնաբուժ չեմ, բայց կարող եմ ասել, որ շներին ոսկոր տալ չի կարելի, հում միս տալ չի կարելի: Դա վատ է անդրադառնում շան ստամոքսի, հոգեբանության վրա: Ոսկորը կարող է վնասել ստամոքսը, իսկ հում միսը կարող է ագրեսիվ, չզիջող, հավակնոտ դարձնել նրանց: Քաղցրավենիք չի կարելի եւ այլն: Հում ուտելիքը վնաս է նաեւ ատամներին:

- Ինչո՞ւ են շները վազում իրենց պոչիկի հետեւից:
- Առաջին հայացքից կարող է զավեշտալի թվալ, բայց դա հոգեբանական լուրջ խնդիր է: Նման շները նյարդային են, փոքր-ինչ ագրեսիվ, որովհետեւ այդպես էլ չեն կարողանում բռնել պոչը, չեն հանգստանում: Դա իրենց գցում է լարվածության մեջ:

- Քնելուց առաջ էլ պտտվում են տեղում, նոր նստում են, ինչո՞ւ:
- Նախնիների թողած ժառանգությունն է: Բնության մեջ ապրող կենդանիներն այդպիսով խոտն են հարմարեցրել, ոտքերով տրորել են, հետո նստել: Այդ սովորույթը գենետիկորեն փոխանցվել է շներին ու անկախ նրանից՝ սալիկապատ հատակի վրա են նստում, թե խոտի, այդ գործողությունն անում են:

- Շները զգո՞ւմ են վախը: Ասում են, որ փողոցային շները հարձակվում են, երբ վախենում ես նրանցից:
- Շները զգում են խուճապը: Մտածում են, որ երբ պանիկայի մեջ ես, ուրեմն կոնֆլիկտի ես գնում:

- Շները լացո՞ւմ կամ ծիծաղո՞ւմ են:
- Չէ, դա նրանց բնորոշ չէ: Տխրում են, բայց չեն լացում: Արցունքներ ունենում են, օրինակ, սառը քամուց, բայց չեն լացում:

- Շորերի վրա շան մազեր չե՞ն կպնում:
- Կպնում են, բայց սովոր եմ, ուշադրություն չեմ դարձնում: Դա ինձ չի խանգարում: Թափ եմ տալիս, եւ վերջ:


- Բոլոր հարազատների շներին Դո՞ւք եք վարժեցնում:
- Շատ են դիմում: Երբ ասում են, որ ուզում են շուն պահել, խորհուրդ չեմ տալիս, որովհետեւ շատ բարդ գործ է: Եթե մարդը պատրաստ չէ իր ժամանակի 60 տոկոսը տրամադրել կենդանուն, ավելի լավ է չտանջել նրան: Շունը ունի զբոսնելու, լավ սնվելու, խնամքի կարիք: Էլ չեմ ասում, որ կան բժշկական պարտադիր գործընթացներ: Դա ոչ միայն ժամանակատար է, այլեւ՝ ծախսատար: Ուստի պետք չէ տանջել շանը, եթե պատրաստ չեք:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը` Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին