×


Շադի Ղադիրյանը

«Դժվար է լինել կին». Իրանցի հայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրվում են Երեւանում

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուրն իր տարբերակն ունի մտքերն արտահայտելու եւ բառերը պատկերների կամ գործի վերածելու: Իրանցի լուսանկարչուհի Շադի Ղադիրյանը, օրինակ, իրեն հուզող խնդիրներին ու թեմաներին անդրադառնում է լուսանկարչության միջոցով: Այդպիսով նա ստանում է իսկական արվեստի գործեր, որոնք հայտնի են դառնում ամբողջ աշխարհում: Այժմ նրա աշխատանքներից հիսուներեքը ցուցադրվում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Եթե կարծում եք, որ լուսանկարչուհին ազգությամբ հայ է, քանի որ նրա ազգանունը վերջանում է «յան»-ով, ապա նշենք, որ Շադին հայկական արմատներ չունի, եւ ազգանվան նմանությունը, ինչպես ինքն է ասում, զուտ պատահականություն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, թեեւ այստեղ հայ ընկերներ ունի: Մի քանի օր շրջելու է եւ փորձելու մեծ տպավորություններով վերադառնալ մեր երկրից: Նա այստեղ ցուցադրում է իր այն աշխատանքները, որոնք արվել են 20 տարվա ընթացքում:

«Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը Գաֆէսճեանում


«Յոթ շարք եմ ներկայացրել, որոնցից առաջինը նկարել եմ դեռ համալսարանական տարիներին՝ որպես ավարտական թեզի թեմա: Մյուս շարքերը ներկայացնում են հաջորդող տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք պատահել են իմ կյանքում կամ շրջապատում: Ինձ մտահոգող կամ ոգեշնչող թեմաներն եմ արծարծել իմ աշխատանքներում: Այս ցուցադրությունն առաջին անգամ Լիոնում է տեղի ունեցել, իսկ այժմ ներկայացվում է Հայաստանում՝ «Մուսկարի» ասոցիացիայի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասաց նկարչուհին:

Շադի Ղադիրյանի աշխատանքներն աչքի են ընկնում մարդասիրության, խաղաղության, եղբայրության եւ իրավունքների հավասարության կոչերով: «Պատկերացրեք՝ չկա տիրապետում: Չկա ագահություն կամ սով: Պատկերացրեք՝ աշխարհում բոլոր մարդիկ հավասար են: Մարդկանց եղբայրություն»՝ այս միտքն է ընկած Շադիի բոլոր լուսանկարներում, թեեւ դրանց թեմաները տարբեր են: Հաճախ կինն է հանդես գալիս այդ թեմաների գլխավոր դերում՝ բարձրաձայնելով բազմաթիվ խնդիրների մասին: Նկատենք, որ կանանց իրավունքների հետ կապված այդ խնդիրները ոչ միայն Իրանում են, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում:

«Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը Գաֆէսճեանում


«Դժվար է լինել կին: Իրանում նույնիսկ դժվար է լինել կանանց թեմաներով զբաղվող լուսանկարիչ: Միշտ կան սահմանափակումներ եւ սահմաններ: Ամեն մի սոցիալական սահմանափակում չէ, որ արտացոլում է հասարակական կարծիքը: Կարմիր հագած կինը կարող է սոցիալապես անընդունելի լինել, բայց կան շատ մարդիկ, որոնք հարցականի տակ են դնում նման չգրված կանոնները եւ իրենց հակասական գործողություններով գույն են տալիս մեր կյանքին»,- ասաց Շադին:

Նրա «Like Everyday» խորագրով շարքը, օրինակ, կանանց դեմքերը փոխարինում է կենցաղային տեխնիկայով, որոնք իշխում են տնային տնտեսուհիների կյանքում. «Կինը ստիպված է բավարարել «ուրիշների» ցանկություններն ու իղձերն այն աստիճան, որ երբեմն նույնիսկ զրկվում է սեփական դեմքից: Այնուամենայնիվ, բավական է, որ վարագույրը բարձրացնեն ու տեսնեն նրան պատուհանի ետեւում: Ո՞վ է նա: Նա ես եմ: Նա կին է»:

«Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը Գաֆէսճեանում


Շադին կարծում է, որ իրականությունն այն չէ, ինչ տեղի է ունենում արտաքին աշխարհում: Իրականությունը կարող է լինել այն պատկերը, որն ինքը ստեղծել է իրենից կամ կանանցից: Այսպիսով, կարելի է նկատել նրա լավատեսությունը ապագայի հանդեպ.«Դուք կարող եք ասել, որ ես երազող եմ, բայց ես միակը չեմ: Հուսով եմ, որ մի օր մեզ կմիանաք, եւ աշխարհը կլինի մեկ միություն»,- նշեց արվեստագետը:

Ի դեպ, Շադի Ղադիրյանի աշխատանքները, որ այժմ ներկայացված են Հայաստանում, նախկինում ցուցադրվել են նաեւ Իրանում, Ֆրանսիայում, Կանադայում, Իտալիայում, Բելգիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ պատկերները միանգամայն պարզ են ու հասկանալի, բայց իրականում դրանք շատ խորիմաստ են եւ բազմաթիվ թաքնված ուղերձներ են փոխանցում մարդկանց: Այնպես որ, եթե ցանկանում եք ինքներդ էլ բացահայտել նկարչուհու պատկեր-ուղերձները, ապա նշենք, որ ցուցադրությունը գործելու է մինչեւ դեկտեմբերի 23-ը: Մուտքն անվճար է:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին