×


«Դուք ինձ երջանկացրիք այսօր»՝ Արթուրո Սանդովալի տարեդարձը Երեւանում

Երբ Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշնը» որոշում էին Հայաստան հրավիրել 10-ակի Գրեմմի դափնեկիր, աշխարհահռչակ ջազ-դաշնակահար եւ շեփորահար Արթուրո Սանդովալին, չէին էլ պատկերացնում, որ մաեստրոյի ժամանման օրը կհամընկնի նրա ծննդյան օրվա հետ: Նոյեմբերի 6-ին երաժիշտը նշում էր իր 69-ամյակը, եւ իհարկե, «Yerevan Jazz Fest»-ի կազմակերպիչները չէին կարող բաց թողնել առիթն ու մի գեղեցիկ անակնկալ չմատուցել նրան: Այդպիսով, հայկական ջազի ավագ եւ երիտասարդ սերունդների ներկայացուցիչները երեկ «Mezzo» ակումբում նշել են մաեստրոյի ծննդյան տարեդարձը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«Անկեղծ ասած՝ շատ պատահական հայտնաբերեցինք, որ նոյեմբերի 6-ին Արթուրոյի ծննդյան տարեդարձն է: Երբ արդեն պատրաստվում էինք ավիատոմսերը գնել, նա իր անձնագիրն ուղարկեց, եւ այդպես էլ բացահայտեցինք: Բնականաբար, չէինք կարող բաց թողնել նշելու առիթը: Այսօր ելույթ են ունենալու մեր երիտասարդ երաժիշտները եւ հնարավորինս ցույց են տալու իրենց հմտություններն այն մարդուն, որով ոգեշնչվել են երկար տարիներ»,- մեզ հետ զրույցում նշեց «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրեն Անի Սաղոյանը:


Մաեստրոն ակումբ էր եկել ավելի շուտ, քան կսկսվեր միջոցառումը: Նա իր հայ գործընկերների հետ ճաշակում էր հայկական խոհանոցի յուրահատուկ ուտեստները եւ քննարկում առաջիկա համերգի մանրամասները: Շուտով «New Quintet» խմբի երաժիշտներն իրենց ընկերների հետ սկսեցին նվագել ինստրումենտալ ջազային գործեր, որոնք, ինչպես երեւում էր, Սանդովալին իսկապես դուր էին գալիս: Նա այդ մասին մի քանի անգամ բարձրաձայնեց երեկոյի ընթացքում:

Մեկ ժամ անց արդեն սրահ բերվեց տոնական տորթը, որը տեսնելով՝ Արթուրո Սանդովալը որոշեց մոտենալ դաշնամուրին եւ մի կատարում էլ իր կողմից նվիրել ներկաներին: Նույն ոգեւորությամբ էլ նա փչեց տորթի մոմերը՝ չմոռանալով, իհարկե, ամեն ինչ լուսանկարել ու տեսանկարահանել իր սմարթֆոնով: «Սա ամենագեղեցիկ տորթն է, որ ինձ նվիրել են իմ ծննդյան օրը: Դուք ինձ երջանկացրիք այսօր, եւ ես արդեն ուզում եմ տեղափոխվել Հայաստան: Հույս ունեմ՝ վաղը բոլորդ կգաք նաեւ մեր համերգին, որովհետեւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը շատ մեծ գործ է կատարել»,- ասաց Սանդովալը:

Արթուրո Սանդովալը


Անմիջապես իր այս խոսքից հետո բոլորը շտապեցին լուսանկարվել անվանի երաժշտի հետ: Բայց հատկանշական է, որ Սանդովալն ինքը հաճախ առաջարկում էր աղջիկներին նկարվել իր հետ: Ասում էր՝ Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են: Ի դեպ, այդ լուսանկարներն արդեն կարելի է տեսնել նրա ինստագրամյան էջում:

Այս իրարանցման ընթացքում հասցրինք նաեւ մի քանի րոպե զրուցել մաեստրոյի հետ՝ պարզելու համար, թե ինչ տպավորություններ ունի իր ծննդյան երեկոյից: Ասաց՝ շատ երջանիկ է, եւ օրն էլ հրաշալի է անցնում.«Շատ լավ մարդիկ կան այստեղ, քաղաքը գեղեցիկ է, ուտելիքը՝ շատ համեղ: Նվագախմբի հետ փորձն էլ այսօր շատ լավ է անցել, բայց ամենաշատն ուրախ եմ գեղեցիկ աղջիկների համար: Անհավատալի է ուղղակի, թե որքան շատ են նրանք»,- անկեղծացավ Սանդովալը:

BRAVO.am-ը նրանից հետաքրքրվեց, թե հաճախ է լինում արդյոք, որ իր ծննդյան օրերն անցկացնում է հյուրախաղերի ժամանակ` նման միջոցառումների ընթացքում: Երաժիշտն ասաց, որ, իհարկե, մի փոքր տխուր է ծննդյան օրը հյուրանոցում լինելու համար, բայց Երեւանում մարդիկ օգնեցին, որ իր կյանքի ամենալավ ծնունդներից մեկը նշի.«Ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ բոլորին»,- ասաց նա:

Արմեն Հյուսնունցը, Կամո Մովսեսյանը եւ Արման Մարգարյանը


Խոսելով իր ձեռքբերումների մասին` Արթուրո Սանդովալն ընդգծեց` եթե մի օր կարծեք, որ հասել եք ձեր նպատակին, ուրեմն արդեն կորած մարդ եք.«Միշտ պետք է ձգտեք ավելիին, պետք է սովորեք, զարգանաք եւ աճեք որպես արտիստ եւ որպես մարդ: Դուք պետք է ձգտեք ավելի լավը դառնալ: Ես 69 տարեկանում դեռ մեծ ցանկություն ունեմ նվագել, ստեղծագործել եւ շրջել աշխարհով մեկ, քանի դեռ Աստված դա թույլ է տալիս: Այնպես որ, նրանից խնդրում եմ ամենակարեւորը՝ ինձ առողջություն տա, որովհետեւ ամեն ինչ տվել է արդեն: Եթե առողջ լինեմ, ուրեմն իմ կյանքը հիասքանչ է»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Սանդովալն այսօր ելույթ է ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ համերգով: Ամենամյա միջազգային ջազ փառատոնը` «Yerevan Jazz Fest 2018»-ը, այս տարի ընդլայնելով իր շրջանակը, անցկացվելու է նոյեմբերի 7-20-ը՝ Երեւանում, Գյումրիում եւ Շուշիում: Նշենք նաեւ, որ 2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը, եւ «Yerevan Jazz Fest 2018»-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին