×


«Եթե բոլորը» նախագծի նոր համերգը` Էրիկի, Արամ Mp3-ի եւ DJ Vakcina-ի մասնակցությամբ

«Եթե բոլորը» հեռուստանախագծի բարեգործական համերգները կարծես ավանդույթ են դառնում բացօթյա կամ ակումբային ձեւաչափով: Նման միջոցառուների շնորհիվ հնարավոր է լինում ավելի շատ գումար հավաքել երեխաների բուժման համար: Երբեմն այնպես է ստացվում, որ նախագծին չի հաջողվում իր հեռուստադիտողների հանգանակությունների միջոցով հավաքել անհրաժեշտ ամբողջ գումարը, եւ այդ դեպքում օգնության են հասնում բարեգործական այլ նախաձեռնությունները: «Եթե բոլորը» խորագրով արդեն երրորդ անգամ անցկացվող համերգին երեկ հանդես էին գալիս երգիչներ Էրիկ Կարապետյանն ու Արամ Mp3-ը, իսկ նրանց կատարումներից հետո նախատեսված էին DJ Vakcina-ի եւ DJ Dape-ի ելույթները: «Hugo Bar»-ում կայացած երեկոյի ընթացքին հետեւել ու լուսանկարել է BRAVO.am-ը:

«Եթե բոլորը» նախագծի բարեգործական համերգին


Մինչ համերգի սկսվելը հասցրինք զրուցել «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիլիթ Մուրադյանի հետ, ով պատմեց, որ այս անգամ փորձում են օգնել 10 ամսական Արտակին: Երեխայի մոտ բժիշկներն ախտորոշել են հիդրոմելիա, ստորին վերջույթների պարապարեզ, սպինա բիֆիդա։ Նրան արդեն երեք անգամ վիրահատել են, այժմ վերջին՝ վճռորոշ վիրահատության հերթն է:

«Նեյրովիրաբուժական միջամտություն է հարկավոր, որը, հավանաբար, արվելու է Ռուսաստանում: Ցավոք, հաղորդման շրջանակում հնարավոր չեղավ հավաքել անհրաժեշտ ամբողջ գումարը, եւ ես դիմեցի իմ մտերիմ ընկերուհուն` Արուսիկին, որպեսզի միասին որեւէ բան մտածենք՝ լրացուցիչ միջոցներ գտնելու համար: Նա էլ տասն օր առաջ բարի ֆլեշմոբ կազմակերպեց իր ֆեյսբուքյան էջում, որի շնորհիվ գումարի մեծ մասն արդեն հավաքվել է: Այսօր էլ կփորձենք վերջնական լուծում տալ խնդրին՝ արդեն ավանդույթ դարձած բարեգործական համերգի շնորհիվ»,- մեր զրույցում ասաց Լիլիթ Մուրադյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ նման համերգներով փորձում են գեղեցիկ մշակույթ ձեւավորել Հայաստանում, երբ հաճելի ժամանցը հնարավոր է լինում համատեղել նաեւ բարեգործության հետ.«Եվ ես շատ ուրախ եմ, որ նման նախաձեռնություններին մասնակցում են հիմնականում երիտասարդները: Շատ կարեւոր է ունենալ այն զգացողությունը, որ յուրաքանչյուր մարդ իր հնարավորության սահմաններում պիտի որեւէ բարի գործ կատարի, օգնի դիմացինին, կարիքավորին»:

Արամ MP3-ն եւ Արամայիս Հայրապետյանը


Արուսիկ Մկրտչյանն էլ՝ DJ Vakcina-ն, մեզ հետ զրույցում ասաց, որ բժշկի պատասխանից է կախված՝ պետք է արդյոք շարունակել գումարի հանգանակությունը, թե հավաքված միջոցներն արդեն բավարար են բուժումը սկսելու համար: Եթե պարզվի, որ վիրահատական միջամտության կարիք չկա, ապա հավաքված գումարի մի մասը կփոխանցվի մեկ այլ երեխայի բուժման համար: Գուցե կարիք լինի ֆեյսբուքյան ֆլեշմոբը շարունակել եւ լրացուցիչ այլ միջոցներ ներգրավել՝ վիրահատությունը կատարելու համար:

«Օրեր առաջ ես իմ էջում գրառում կատարեցի՝ նշելով, որ եթե ընկերներիցս 3000 հոգի (ինձ ֆեյսբուքում հետեւում է 18 000 հոգի) 1000-ական դրամ հանգանակի, ապա կունենանք 3 միլիոն դրամ, որը կբավարարի երեխայի բուժման ծախսերի համար: Իհարկե, մտավախություն կար, որ քիչ մարդ կարձագանքի, բայց ի ուրախություն ինձ` առաջին երեք օրերի ընթացքում մոտ 700 հոգի մասնակցեց ֆլեշմոբին, եւ արդյունքում հավաքվեց գրեթե 2 միլիոն դրամ: Սա կդառնա բարի ավանդույթ, երբ «Եթե բոլորը» նախագիծը չկարողանա հավաքել անհրաժեշտ գումարը, ես միշտ պատրաստ կլինեմ աջակցել նման ֆլեշմոբի օգնությամբ»,- նշեց Արուսիկը:

Թեւան Պողոսյանը` կնոջ հետ


Եվ իսկապես ներկաները կարողացան հաճելի ժամանցը համատեղել բարեգործության հետ: Երեկոյի սկզբում Էրիկն իր բարձր տրամադրությունը փոխանցեց բոլորին եւ ստիպեց երգել ու պարել իր հետ: Ողջույնի խոսքում նա նշեց, որ միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին, եւ սիրով կհամաձայնի ելույթ ունենալ նաեւ հաջորդ համերգների շրջանակում: Իսկ Էրիկի ուրախ կատարումներից հետո մթնոլորտն էլ ավելի թեժացրեց Արամ Mp3-ը՝ վերջին շրջանի իր ամենասիրված ու հիթային գործերի շնորհիվ: Երեկոյի վերջին հատվածում էլ պարային ռիթմերը շարունակվեցին DJ Vakcina-ի եւ DJ Dape-ի շնորհիվ: Մուտքի մոտ տեղադրված արկղիկն էլ, որ արդեն լցված էր ներկաների հանգանակած թղթադրամներով, հուշում էր՝ նախաձեռնությունը հասել է իր նպատակին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին