×


«Ես դեռ համբերատար կսպասեմ այդ առաջարկին». Անի Դաշյան

Շուրջ 4 տարի է՝ Անի Դաշյանը բացակայում է հեռուստաեթերից: Հաղորդավարուհու կյանքում փոփոխությունները հաջորդեցին մեկը մյուսին՝ ամուսնություն, առաջնեկի ծնունդ եւ տեղափոխություն Մոսկվա: 2019 թվականի տարեսկզբին նա ընտանիքով կրկին Երեւան վերադարձավ: Թե ինչպիսին է Անիի առօրյան, երբ է պատրաստվում վերադառնալ եթեր, նա պատմել է BRAVO.am-ին:

«Պարզապես ասել, որ կարոտել եմ, կստացվի չասել ոչինչ: Հեռուստատեսությունն ինձ համար մագնիս է, որը միշտ ձգում է: Առօրյաս ճիշտ այնպիսին է, ինչպիսին բոլորինն է, ովքեր ունեն 3 տարեկան բալիկ. փոքրիկին կերակրել, զբոսանքի տանել, քնեցնել, խաղալ եւ օրվա վերջում ուժասպառ ընկնել անկողնում»,- ասել է Անին եւ հավելել, որ դեռեւս հստակ չէ՝ երբ կվերադառնա եթեր:

Անի Դաշյանը


Ինչպես նշել է, տեղափոխություններին ու փոփոխություններին շատ դժվար է հարմարվում: Երկար ժամանակ է դրա համար պահանջվում: Տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ կտեղափոխվի Մոսկվա՝ մշտական բնակության: Ամեն դեպքում կարծում է՝ կյանքը հետաքրքիր է ու հիասքանչ, աշխատում է վայելել ամեն օրը, ընտանիքի ու բալիկի ներկայությունը:

Երեւան վերադառնալուց հետո գործնական առաջարկներ Անին ստացել է, որոնք մերժել է.«Նախագծի համար բյուջեն շատ սուղ էր: Ունեմ անհագ ցանկություն նորից եթերում լինել, բայց եւ թանկ եմ գնահատում իմ ժամանակն ու գիտելիքները: Ոչինչ ինքնանպատակ չպետք է լինի: Ես դեռ համբերատար կսպասեմ այն առաջարկին, որը կհետաքրքրի ինձ, եւ ես նորից կզբաղվեմ իմ սիրելի գործով: Համերգներ վարել եմ ու սիրով էլի կվարեմ, բայց չեմ պատկերացնում ինձ հարսանիք կամ նմանատիպ միջոցառում վարելիս: Չնայած, ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք»:

Անի Դաշյանն՝ ամուսնու հետ


Ի դեպ, հաղորդավարուհին տարիներ առաջ սերիալում նկարահանվելու առաջարկ եւս ստացել է, որը մերժել է: Կարծում է՝ ամեն մեկն իր գործը պետք է անի: Սերիալներում թող նկարահանվեն դերասանները, ովքեր ունեն մասնագիտական կրթություն: Բայց չի էլ թաքցնում, որ միշտ հետաքրքիր է եղել դերասանի մասնագիտությունը: Երեւի գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկի դեպքում չի դիմանա գայթակղությանն ու կընդունի առաջարկը`զուտ հետաքրքրությունը բավարարելու համար:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Դաշյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին