×


Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շահվերդյանը

«Ես եւՄիլենան սպասում ենք այդ պահին». Արմեն Շահվերդյան

«The Beautified Project» խմբի նախկին անդամ, «New Gray» ռոք խմբի հիմնադիր, կիթառահար Արմեն Շահվերդյանը եւ պարուհի Միլենա Ոսկանյանը մոտ երկու տարի է՝ ամուսնացած են: Թեեւ շրջապատի մարդիկ հաճախ են հարցնում՝ արդյոք նորաստեղծ ընտանիքում համալրում չի սպասվում, բայց զույգն առայժմ չի շտապում, ինչպես նշում են՝ ստեղծագործական գործունեության մեջ ժամանակավոր դադարի հարմար պահի են սպասում:):

Գաղտնիք չէ, որ թե՛ Արմենը, եւ թե՛ Միլենան այժմ աշխատանքային ակտիվ շրջանում են: Նախորդ տարվա ընթացքում Արմենը զարգացրեց իր ստուդիան` «Armen Shahverdian's Guitar Clinic»-ը, որտեղ տարբեր ձայնագրություններ է կատարում եւ կիթառի դասեր է տալիս սկսնակ արտիստներին: Բացի այդ, նա ներկայացրեց իր նոր նախագիծը`«New Gray» ռոք-խումբը, իսկ ահա Միլենան հանդես է գալիս «Swag» պարային խմբում: Չնայած խիտ գրաֆիկին՝ երիտասարդ ընտանիքում տարաձայնություններ գրեթե չկան, ընդհակառակը՝ նրանք օգնում են իրար, խորհուրդներ եւ, ինչպես Արմենն է ասում, միմյանց թեւեր են տալիս:

«Պատահում է, որ ստուդիայից շատ ուշ եմ տուն գնում, երբ արդեն լույսը բացվում է, բայց երբ տեսնում եմ՝ համեմատաբար քիչ գործ կա անելու, փորձում եմ հետաձգել հաջորդ օրվան, որ հնարավորիս շատ լինեմ կնոջս կողքին: Հաճախ նրա համերգներին եմ գնում, երբեմն էլ նույնիսկ փորձերին եմ ներկա լինում: Իսկ առավոտյան հիմնականում չեղարկում եմ գործերս, որ հասցնենք միասին սուրճ ըմպել, զրուցել: Նա էլ բոլոր հարցերում միշտ իմ կողքին է, տեսահոլովակի նկարահանման ժամանակ էլ իր ամբողջ օրն է տրամադրել ինձ: Իհարկե, կյանքը փոխվել է ամուսնությունից հետո, ավելի թեւեր եմ ստացել, որ շարունակեմ ստեղծագործել: Ես գոհ եմ իմ անձնական կյանքից, փառք Աստծո:)»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արմեն Շահվերդյանը:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շահվերդյանը


Նրա խոսքով` մինչ Միլենային հանդիպելը մտահոգվել է, թե ինչպիսի կին կլինի իր կողքին, թեեւ ամուսնանալու մտքից երբեք չի վախեցել.«Մտածում էի` այնպիսի մարդ լինի, որ չխանգարի իմ ստեղծագործական գործունեությանը, որովհետեւ այս ամենը շատ թանկ է ինձ համար: Այսինքն` եթե մի օր սա չունենամ իմ կյանքում, ամեն ինչ երեւի կարժեզրկվի ինձ համար: Դրա համար էլ շատ երկար տեւեց, մինչեւ փնտրեցի ու գտա իմ կյանքի ընկերոջը` Միլենային: Կարող եմ ասել` հիմա նա իմ առաջին քննադատն է դարձել, նա է ինձ ոգեշնչում»:

Արմենն ասաց` իրենց ընտանիքում վեճեր չեն լինում: Իհարկե, տարաձայնություններ լինում են որոշ հարցերում, բայց դրանք կենցաղային չեն, այլ վերաբերում են աշխատանքին ու իրենց ստեղծագործական գործունեությանը: Դրանք էլ հարթվում են քննարկումների ընթացքում, երբ զրուցում են կամ միմյանց խորհուրդներ տալիս. «Ես Միլենային շատ ազատ եմ թողել իր աշխատանքում, բայց, իհարկե, կողքից հետեւում եմ՝ ինչ է անում, ինչպես: Ես այնպիսի ոճում եմ հանդես գալիս, որից ինքը սկզբում այնքան էլ չէր հասկանում, բայց հիմա իրեն էլ եմ մի քիչ ռոքեր դարձրել (ժպտում է,- հեղ.): Մեր ամենասիրելի երգն էլ «Anathema»-ի վերջին ալբոմից է: Այնպես որ, կամաց-կամաց ինքն էլ սկսում է ինձ այս ոճում գաղափարներ տալ, ինչը շատ կարեւոր է ինձ համար: Ես եւ նա շատ զուգահեռ ենք ապրում միասին, փորձում ենք իրար «չհատել», որ հեշտ լինի»:

Մեզ հետ նախորդ զրույցում Միլենան հայտնել էր, որ իրենք որոշել են մյուս տարի ծնողներ դառնալ: Բայց Արմենն ասաց` որոշել են մի քիչ էլ հետաձգել, քանի որ իր գործում որոշ փոփոխություններ են եղել.«Այս ամռանն ուզում եմ մեր խմբի հարցերով ավելի շատ զբաղվել՝ տուրեր կազմակերպել եւ այլն: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Պարզապես չի կարող այնպես լինել, որ Միլենան հղի լինի, ու ես նրա հետ չլինեմ: Ուզում եմ հնարավորինս նրա կողքին լինել: Դրա համար միասին որոշեցինք մի քիչ էլ սպասել: Իհարկե, ե՛ս էլ, նա՛ էլ  շատ ենք ուզում երեխաներ ունենալ եւ սպասում ենք այդ պահին: Բայց մի քիչ ամրանալ է պետք»,- եզրափակեց նա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմեն Շահվերդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին